ՖԱՖ-ը լեգենդար դարպասապահին հրաժեշտ կտա հյուսիսային տրիբունայից


ՖԱՖ-ը լեգենդար դարպասապահին հրաժեշտ կտա հյուսիսային տրիբունայից

  • 21-03-2016 19:47:24   | Հայաստան  |  Սպորտ



Առաջին հայկական ճակատ (First Armenian Front, FAF) ֆուտբոլային ֆան շարժման անդամները Հայաստան-Բելառուս  ընկերական հանդիպմանը հետևելու են Հայաստանի Հանրապետական մարզադաշտի հյուսիսային տրիբունայից. Այս մասին «Նոյյան Տապանի» մամլո սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին ՖԱՖ-ի հիմնադիր խորհրդի անդամները:
 
Ըստ շարժման հիմնադիր խորհրդի անդամ Սերգեյ Ջանջոյանի, ինչպես 2013 թվականին, այս տարի ևս Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ), գործի դնելով իր բոլոր լծակները, բավականին գրագետ ձևով  խոչնդոտում է  ֆան շարժման անդամների մուտքը մարզադաշտ: «2007 թվականից մենք Հայաստանի Ազգային Հավաքականի  խաղերին հետևել ենք արևելյան տրիբունայից, սակայն 2013 թվականին զրկվեցինք այդ տեղերից` տեղափոխվելով հարավային տրիբունա և ինչպես անցյալում, հիմա ևս փորձ է արվում ըմբոստ շարժմանը թույլ չտալ համախմբվածորեն նստել խաղադաշտում և երկրպագել հավաքականին» ,- նշեց Ս. Ջանջոյանը հավելելով, որ բոլոր հնարավոր ձևերով ՀՖՖ-ն խոչնդոտում է ՖԱՖ-ի անդամներին իրար կողքի նստատեղերի տոմսեր ձեռք բերել:  
Ս. Ջանջոյանի տեղեկացմամբ, իրենց տոմս գնելու ժամանակ կամ արգելափակված է լինում հարավային տրիբունան, կամ խափանված է լինում տոմսերի վաճառման համակարգը, կամ այդտեղի տոմսերն արդեն ամրագրված են լինում անհայտ կազմակերպությունների կողմից: ՖԱՖ-ին հաջողվել է հյուսիսային տրիբունայից 80 տոմս ձեռք բերել` լրագրողների հետ Հանրապետական մարզադաշտ գնալուց հետո միայն:
«Մարզադաշտ չգնալով մենք կատարում ենք ՀՖՖ-ի ցանկությունը, քանի որ այդ ազատ մնացած տեղերը նրանք կարող են արհեստականորեն լցնել»,- անդրադառնալով հավաքականի հարյուրավոր երկրպագուների խաղերը բոյկոտելու և մարզադաշտ չգնալու կոչերին` նշեց Ս. Ջանջոյան:
Նրա խոսքերով, ՖԱՖ-ի առաջնային սկզբունքներից մեկն այն է, որ ֆեդերացիայի հետ կապված որևէ խնդիր կամ տարաձայնություն չազդի ընտրանու խաղերի երկրպագման վրա:  
Ս. Ջանջոյանի փոխանցմամբ, հավաքականի յուրաքանչյուր խաղի ժամանակ շարժման անդամները հանդես են եկել որևէ ակցիայով, սակայն օրեր առաջ Հանրապետական մարզադաշտի ադմինիստրացիան նրանց չի թույլատրել դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղին որևէ ակցիա նախապատրաստելու համար մարզադաշտ մտնել` պատճառաբանելով, որ շարժման անդամներին խաղադաշտ չթողնելու հրաման ունեն:
ՖԱՖ-ի հիմնադիր խորհրդի անդամ Էդգար Խաչատրյանի փոխանցմամբ, երկրպագուներին խաղադաշտ չթողնելու, լրագրողների աշխատանքին խոչընդոտելու, առաջատար ֆուտբոլիստներին հավաքական չհրավիրելու հետևանքով ուղղակիորեն տուժում է հայկական ֆուտբոլը և ներկայիս իրավիճակը բարելավելու փոխարեն հակառակ գործընթացն է տեղի ունենում. «Մենք կոչ ենք անում մարզադաշտ եկող բոլոր երկրպագուներին խաղին հետևել հյուսիսային տրիբունայից` մեզ հետ միասին»,- եզրափակեց նա: 
ՖԱՖ-ի անդամ Էդգար Պետրոսյանի փոխանցմամբ, «ամրագրված տոմսեր» արտահայտությունը  Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ է կիրառվում: Ըստ նոր ընդունված այդ ձևաչափի` ցանկացած անհատ կամ կազմակերպություն հեռախոսազանգով, բանավոր կամ գրավոր դիմումով կարող է դիմել ՀՖՖ-ին և ամրագրել այնքան տոմսեր, որքան որ ցանկանում է:
«Մարտի 15-ի դրությամբ, խաղից 10 օր առաջ ամրագրված տեղերի քանակը 9000 էր, ինչը Հանրապետական մարզադաշտի նստատեղերի 70-80 տոկոսն է կազմում, ընդ որում ՀՖՖ-ի լիազորված անձը հայտարարեց, որ ամրագրված տոմսերը ցանկացած պահի ամրագրողը կարող է չեղարկել»,- նշեց Է. Խաչատրյանը:
Վերջինիս պնդմամբ, Հայաստանի պատմության մեջ, նույնիսկ ամենաաղմկահարույց խաղերի ժամանակ, չի եղել դեպք որ հանդիպումից 10 օր առաջ վաճառված լինեն խաղերի տոմսերի 70-80 տոկոսը. ՖԱՖ-ը վստահ է, այս ամենը հատուկ է արվում նրանց խաղադաշտում փոխկապակցված տեղեր չտրամադրելու համար: Իսկ ՖԱՖ-ի անդամ Արսեն Պետրոսյանը համոզված է, որ խաղից մի քանի օր առաջ արդեն այդ տոմսերը հետ են վերադարձվելու, իսկ Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպմանը 9000 երկրպագու չի լինելու: 
ՖԱՖ անդամները մտահոգություն հայտնեցին նաև, որ մարտի 25-ին մարզադաշտում արհեստական խոչընդոտներ են ստեղծվելու` իրենց ատրիբուդիկան մարզադաշտ ներս մտցնել չթողնելու համար: 
Տեղեկացնենք նաև, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանն ընդառաջ ՖԱՖ-ի անդամներն Արամ Խաչատրյանի արձանի մոտից քայլերթով գնալու են Հանրապետական մարզադաշտ:
 
 
Սառա Մելքոնյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play