Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը նամակ-կոչով դիմել է Արցախի եւ Ադրբեջանի իր պաշտոնակիցներին
20-10-2010 19:18:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հոկտեմբերի 20-ին նամակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանին եւ Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովային: Պաշոնակիցներին ուղղված նամակ-կոչում ասված է.
«Հարգելի պաշտոնակիցներ,
Հաշվի առնելով, որ մարդու իրավունքները եւ հումանիզմը պետք է վեր լինեն ցանկացած այլ նկատառումներից, կարծում եմ, որ ճիշտ կլիներ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները փոխադարձ հանդուրժողականություն ցուցաբերեին եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեին հայի եւ ադրբեջանցների դիակների վերադարձման համար:
Կոչ եմ անում եւ հորդորում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանին միջնորդել ԼՂ իշխանություններին վերադարձնել ադրբեջանցի Ֆարիդ Ահմեդովի եւ Մուբարիզ Իբրահիմովի դիակները:
Միաժամանակ կոչ եմ անում Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովային մարդասիրություն ցուցաբերել եւ պահանջել իրավասու մարմիններից միջազգային փորձագետներին թույլ տալ ուսումնասիրել ՀՀ քաղաքացու գերեվարման հանգամանքներն ու մահվան պատճառները: Կոչ եմ անում նաեւ միջոցներ ձեռնարկել Մանվել Սարիբեկյանի դիակը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու գործում:
Ես` որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակներում օժանդակել այդ գործընթացների պատշաճ իրականցմանը»: