Եկել էին դիտարկելու ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հնարավորությունները,- ասում է ԼՂՀ նախկին արտգործնախարարը<br />


Եկել էին դիտարկելու ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հնարավորությունները,- ասում է ԼՂՀ նախկին արտգործնախարարը

  • 19-10-2010 21:12:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ազատագրված տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչի այցելությունը քայլ էր հասկացնելու, որ «եկել էին դիտարկելու տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հնարավորությունները»: «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հոկտեմբերի 19-ի հանդիպմանը այս տեսակետը հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, դա հնարավոր կլինի, միայն այն դեպքում, եթե տարածաշրջանում ստեղծվեն իրավաքաղաքական նոր պայմաններ: «Նոր իրավաքաղաքական պայմաններ ասելով ես նկատի ունեմ նորացված Խորհրդային Միություն կամ նոր միջպետական դաշինք, որը համարժեք կլինի Խորհրդային Միությունում եղած իրավաքաղաքական հարաբերություններին: Մինչեւ այդպիսի բան տեղի չունենա, տարածքների հանձնումը Ռուսաստանի ձեռամբ քիչ հավանական եմ համարում»,- ասաց Ա.Մելիքյանը: ԼՂՀ նախկին արտգործնախարարը միաժամանակ գտնում է, որ Ռուսաստանն անգամ տարածքները վերադարձնելու գնով երաշխիք չունի իր դիրքերը վերականգնել Ադրբեջանում, ինչը հարցի դրական կողմն է: Բացասական կողմն էլ, նրա խոսքերով, այն է, որ «մենք չունենք ազատագրված տարածքները վերաբնակեցնելու ծրագիր»: Ա.Մելիքյանն ընդգծեց, որ «միջնորդը պետք է ոչ թե լինի չեզոք, այլ անաչառ», քանի որ անաչառ միջնորդը միշտ հետեւելու է օրենքին եւ արդարությանը, իսկ չեզոք միջնորդը` իր շահերին: Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարարի, չկա հայ- թուրքական գործընթաց, կա ռուս-թուրքական, թուրք-ամերիկյան, բայց ոչ հայ-թուրքական, եւ տեղի ունեցածը թելադրված է եղել արտաքին աշխարհի զարգացումներով: Մինչդեռ Հայաստանի դիրքը այդպես էլ քաղաքական չդարձավ: Ա.Մելիքյանի խոսքերով, հայ- թուրքական բարեկամությունը սկզբում գովերգելու, ապա թուրքական կողմի ուղղությամբ քարեր նետելու պահվածքը «ապաշնորհ քաղաքականություն է»:
Նոյյան տապան  -   Քաղաքական