Բռնագաղթված թալիշեցիները կոչ են անում օգնել իրենց հայրենի գյուղ վերադառնալ և այն նորից շենացնել (տեսանյութ)
09-04-2016 14:59:42 | Հայաստան | Հասարակություն
ԼՂՀ հակամարտության գոտու հյուսիսարևելյան հատվածում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում առավելագույնը տուժած բնակավայրերից են Թալիշը, Մադաղիսը և Տոնաշենը, որոնց բնակիչները տարհանվել են և տեղափոխվել Արցախի ավելի անվտանգ գյուղեր կամ Հայաստան: Ինչպես ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի մենեջմենթի համալսարանի ռեկտոր տնտեսագիտական գիտությունների թեկնածու Մելիտա Խալափյանը, Թալիշի 550 ազգաբնակչությունից ապրիլի 2-ի դրությամբ Հայաստան է բռնագաղթվել շուրջը 300-ը, որոնցից 90-ը երեխաներ են, 30-ը տարեցներ:
Ըստ նրա` այս ընտանքիներն Ադրբեջանի վայրագ գործողությունների հետևանքով կորցրել են ամեն ինչ և այժմ կարիք ունեն համայն հայության ինչպես ֆինասնասական, այնպես էլ հոգեբանական աջակցության:
«Մենք կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանն աջակցել հնարավոր միջոցներով Թալիշը վերականգնելու և թալիշեցիներով վերաբնակեցնելու համար, քանի որ Թալիշը հնարավոր չէ միայն զենքով պահպանել»,- ընդգծեց Մ. Խալափյանը` հավելելով, որ Թալիշը ժամանակին շեն բնակավայր էր, որը կարողանում էր տարեկան 2000 տոննա հացամթերք ու 4000 տոննա խաղողի բերք ապահովել:
Նրա վստահեցմամբ` Թալիշն իր ծոցում դեռ ունի հզոր զավակներ, որոնք պատրաստ են վերադառնալ և ապրել Թալիշում թշնամու ամենօրյա կրակոցների ներքո:
«Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Բնապահպանության միջազգային ակադեմիայի անդամ Վովա Բաբուրյանն էլ հիշեցնում է, որ Թալիշը համայն հայության վերքն ու բաց դարպասը դեպի Արցախ և Հայաստան:
Վերջինիս խոսքերով` Թալիշին հասցված հարվածն ուղղված էր ոչ միայն արցախցիներին, այլև Արցախում բնակվող ռուսներին:
Վ. Բաբուրյանի պնդմամբ` վերջին օրերին բռնագաղթված թալեշիցները պատրաստ են հենց այսօր վերադառնալ Թալիշ, եթե ունենան գոնե ապահով տանիք. «Մեր խնդրանք է հնարավորությունների սահմաններում աջակից լինել թալիշեցիներին, որպեսզի վերջիններս կարողանան վերադառնալ իրենց բնակավայրերը»:
«Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ.
ՀՀ և ԼՂՀ հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ. ՀՀ հանրային խորհրդի անդամ Էդուարդ Փոլատովի գնահատմամբ` Թալիշումը կատարվածը լուրջ ահազանգ է ամբողջ աշխարհին և տարածաշրջանին այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմաբավորման շարքերում կռված, Թուրքիայում վերապատրաստված գրոհայինները փորձում են նմանատիպ գործողությունների միջոցով թափանցել նաև Հայաստան, հետևաբար անհրաժեշտ է անհապաղ կանգնեցնել այդ վայրագ ու մարդակեր հրոսակախմբներին:
«Շատերը չգիտեն, որ հասցված հարվածը եղել է ոչ թե ադրբեջանցիների, այլ ԻՊ-ի կողմից, որի շարքերում կռված ահաբեկիչները Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով մտան Արցախ. Ներկա պահին Նախիջևանում ևս բավականին շատ ահաբեկիչներ կան կուտակված, որոնք պատրաստ են հարձակման»,- ասաց Է. Փոլադովը` ընդգծելով, որ հայկական կողմը պետք է այսուհետ լինի առավել զգոն ու ուշադիր անակնկալի չգալու համար:
Թալիշի դպրոցի տնօրեն, իրադարձությունների ականատես Տանյա Մեժունցի փոխանցմամբ` Թալիշից տարհանվելուց հետո ապրիլի 6-ին վերադարձել է գյուղ և տեսել, որ այն ամբողջությամբ ավերված է, հոսանքազրկված և ոչ մի պայման չկա գյուղ վերադառնալու կամ բնակվելու համար:
12-ամյա թալիշեցի Վարդան Խալափյանն էլ վստահեցնում է, որ չի վախենում և ցանկանում է շուտ վերադառնալ իր հարազատ գյուղ:
Թալիշեցիներին օգնել ցանկացողները կարող են գումարներ փոխանցել «Թալիշ» հիմնադրամի «Հայբիզնեսբանկում» գործող հետևյալ հաշվեհամարներին` 11500303610600 ՀՀ դրամ, 11500510129601 ԱՄՆ դոլար, 11500452455504 եվրո, 11500447476958 ռուբլի: