Վրաստանի թուրքամետ քաղաքական ուժերը սրում են իրավիճակը տարածաշրջանում. Վահագն Չախալյան


Վրաստանի թուրքամետ քաղաքական ուժերը սրում են իրավիճակը տարածաշրջանում. Վահագն Չախալյան

  • 11-04-2016 14:50:30   | Վրաստան  |  Վերլուծություն

Արձագանք Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և նրա ներկայացուցիչ Գ. Գաբաշվիլու անպատասխանատու հայտարարությանը.
 
Ուրախ կլինեինք, եթե «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, համապատասխանաբար Ուկրաինայում և Վրաստանի խորհրդարանում արված, ազգամիջյան ատելություն սերմանող և ակնհայտ սադրիչ նպատակներ հետապնդող հայտարարություններ տարածելու կապակցությամբ, սաստեր իր համակուսակիցներին՝ «Վրացական լեգեոնի» ղեկավար Մամուկա Մամուլաշվիլուն և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ազեր Սուլեյմանովին: Հատկապես վերջինիս, որը հայտարարեց բառացիորեն հետևյալը. «Ես մտադիր եմ վերականգնել իմ գումարտակը և նրա հետ միասին ուղևորվել դեպի Լեռնային Ղարաբաղ…»: Այդուհանդերձ, Մ. Սահակաշվիլու թուրքամետ քաղաքական գիծն առաջ տանող կուսակցությունն իր անդամների հայտարարություններով, որն ընկալվում է որպես այդ քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշում, առավել սրում է տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրավիճակը: Տպավորություն է ստեղծվում, որ և՛ Գաբաշվիլին, և՛ «Միացյալ ազգային շարժումը» ընդհանրապես մոռացել են, որ իրենք վրաստանյան քաղաքական կուսակցություն են, մի հանգամանք, որը թույլ չի տալիս լինել կողմնակալ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Ցավոք, ֆինանսավորվելով թուրք-ադրբեջանական դաշնազույգի ընկերությունների կողմից և Վրաստանում իրականացնելով վերջինիս հակահայ ծրագրերը, Գաբաշվիլին և «Միացյալ ազգային շարժումը» չեն գիտակցում, թե ինչ վտանգներով են հղի կողմնակալ և առանց այդ էլ սրված իրավիճակն առավել սրող նման հայտարարությունները: Պարոնայք, դուք սատարում եք խաղաղ բնակչության վրա գիշերով հարձակված ավազակախմբերին, դուք սատարում եք իրենց սեփական տներում խաղաղ ապրող տատիկներին և պապիկներին դաժանաբար կտտանքների ենթարկած և անմարդկայնորեն գնդակահարած ահաբեկիչներին: Վերջապես դուք սատարում եք «Իսլամական պետության» գրոհայիններին, ովքեր, Սիրիայում անելիք չունենալով, տեղափոխվել էին արցախյան առաջնագիծ: Դուք հայտարարում էիք, որ պետք է գնաք… բա գնայիք, ո՞վ էր ձեր ձեռքից բռնել, ձեր տեղը հազիվ էլ իսլամական գրոհայինների կողքին լինելն է: Հասկանալի է, որ մոտենում են Վրաստանի խորհրդարանական ընտրությունները և, ինչպես «Միացյալ ազգային շարժմանը», այնպես էլ նրա ստվերային ղեկավար Մ. Սահակաշվիլուն, ինչու չէ նաև նույն տխրահռչակ Գաբաշվիլուն անհրաժեշտ են դրամական միջոցներ: Սակայն Վրաստանի ապագայով մտահոգ ցանկացած մեկը ձեր փոխարեն աղոթք կաներ առ Աստված, որ Հայաստանը երբևիցե չպարտվի, որ Հայաստանը երբևիցե մեկ թիզ անգամ չնահանջի: Ձեր պապերը նման օրհասական ժամերին ոչ միայն հային թիկունքից չեն հարվածել, այլև պայքարել են՝ մեզ հետ կողք-կողքի, ուս-ուսի տված: Պարոնայք «միշիստականներ», հակառակ ձեր նավթադոլարների փայլից մթագնած գիտակցությանը, նրանք լավ են գիտակցել, որ Հայաստանը պողպատե ոսկոր է օսմանական հավակնություններ ունեցող երկու թուրք ժողովուրդների կոկորդին, և Աստված մի արասցե. եթե նրանց հաջողվի կուլ տալ այդ պողպատյա ոսկորը, դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ կարող է լինել մեր ընդհանուր հայրենիք Վրաստանի հետ… Ջավախքահայությունը դեռևս իր համարժեք գնահատականը կտա «Միացյալ ազգային շարժմանն» ու իր արկածախնդիր ներկայացուցիչներին:
Վահագն Չախալյան
11.04.2016 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play