Արգենտինահայ համայնքը պաշտպանում է արցախցիների ազատ և անկախ ապրելու իրավունքը


Արգենտինահայ համայնքը պաշտպանում է արցախցիների ազատ և անկախ ապրելու իրավունքը

  • 12-04-2016 17:33:27   | Արգենտինա  |  Հասարակություն

Այս օրերին, երբ վերստին պատերազմական իրավիճակ է ստեղծվել Ղարաբա-Ադրբեջանական հակամարտության գոտում, աշխարհասփյուռ Հայությունը ոտքի է կանգնել պաշտպանելու Արցախում ապրող հայրենակիցների ազատ և անկախ ապրելու իրավունքը: Արգենտինահայ համայնքը նույնպես, իր բոլոր հնարավորությունները ներ է դրել տեղի քաղաքական շրջանակներում հարցը բարձացնելու, որպեսզի վերջիններս համապատասխան ճնշումներ գործադրեն` ադրբեջանական բռնակալ քաղաքականությանը վերջ տալու համար:
 
Գերաշնորհ Տ. Գիսակ արքեպս. Մուրադյանի առաջնորդությամբ` արգենտինահայ համայնքից կազմված պատվիրակությունը նախ հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սուսաննա Մալկոռայի հետ, որին ամփոփ ձևով ներկայացվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հատկապես նշելով, որ Ադրբեջանի կողմից դաժանաբար սպանվել են երեխաներ և խաղաղ բնակիչներ: Նախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու հրադադարի պահպանման համար, ինչպես նաև խնդրի մասին տեղեկացնել Միավորված Ազգերի կազմակերպությունում Արգենտինայի ներկայացուցչին և Հայաստանում Արգենտինայի դեսպանին, ով արդեն հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի հետ: 
Այնուհետև արգենտինահայ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Արգենտինայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վիկտոր Կորոնելիի հետ: Վերջինիս մտահոգություն են հայտնել, որ Ադրբեջանը խաղաղ բնակչության դեմ կիրառել է անթույլատրելի զենքեր, որոնք ձեռք է բերում Ռուսաստանից: Դեսպանը անդրադառնալով ստեղծված խնդրին նշել է, որ իրենց համար հրադադարի հաստատումը կարևոր է, քանի որ իրենք եղբայրական հարաբերություններ ունեն արգենտինահայ համայնքի և հայ ժողովուրդի հետ` խոստանալով իրենց մտահոգությունները փոխանցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը:
Հանդիպումերին զուգահեռ, հարյուրավոր արգենտինահայեր բողոքի երթ են կազմակերպել դեպի Ադրբեջանի դեսպանատուն` հաստատելով այն վճռականությունը և դարավոր ճշմարտությունը, որ Արցախը եղել և մնալու է Հայաստանի անբաժան մասը, և իրենք ողջ կարողություններով սատար են կանգնելու իրենց քույրերին և եղբայրներին: Ավարտին համայնքի անունից բողոք նամակ է փոխանցվել Ադրբեջանի դեսպանությանը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play