Աշոտ Արծրունու «Հայ ժողովրդի պատմությունը» հասել է Իսպանիա,<br /> Արգենտինա եւ Ուրուգվայ<br />


Աշոտ Արծրունու «Հայ ժողովրդի պատմությունը» հասել է Իսպանիա,
Արգենտինա եւ Ուրուգվայ

  • 18-05-2010 12:30:00   | Արգենտինա  |  Քաղաքական
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իսպանիայում, Արգենտինայում եւ Ուրուգվայում ներկայացվել է Աշոտ Արծրունու (Արծրունի Թալյան) հեղինակած «Հայ ժաղովրդի պատմության» գրքի իսպաներեն վերահրատարակությունը: Գիրքը ներկայացվել է Արգենտինայի Բորգեսի մշակութային կենտրոնում, Կորդոբայում, Մոնտեվիդեոյում եւ Կոստա Դորադո կատալոնական զբոսաշրջության հայտնի կենտրոնում գտնվող Սալոու ծովափնյա քաղաքում: Ինչպես նշել է գրքի իսպաներենով վերահրատարակման հարցում մեծ ներդրում ունեցած հայ ազգի մեծ բարեկամ, իսպանացի հայտնի գրող Խոսե Անտոնիո Գուռիարան, Իսպանիայում այս գրքի վերահրատարակումը շատ սպասված էր նաեւ Արգենտինայում: Քարտեզներով ու պատկերներով հարուստ այդ աշխատությունը միակ իսպաներեն լեզվով գիրքն է, որը ներկայացնում է հայոց պատմությունն ամբողջությամբ: Որպես ներածական խոսք գրքում զետեղված է աշխարհահռչակ Վիլյամ Սարոյանի տարիներ առաջ թղթին հանձնած անխախտ այն համոզմունքը, թե «Երբ աշխարհի ցանկացած վայրում երկու հայ միանում են իրար, այնտեղ մի նոր Հայաստան է վեր խոյանում»: Գիրքը գրվել է դեռեւս 1965թ.: Ինչպես գրում է tribunaarmenia.com-ը, Թալյանը ծնվել է Հայաստանում, այնուհետեւ որոշ հանգամանքներից ելնելով, ապաստանել է Արգենտինայում, որտեղ եւ ղեկավարել է Բուենոս Այրեսի «Հայաստան» շաբաթաթերթը:
Նոյյան տապան  -   Քաղաքական