Պարոն Պուտին, ձեր բոլոր դաշնակիցները վասալ պետք է լինե՞ն. Քաղաքագետ


Պարոն Պուտին, ձեր բոլոր դաշնակիցները վասալ պետք է լինե՞ն. Քաղաքագետ

  • 20-04-2016 17:52:25   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը

 

Պարոն Մինասյան, սպասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան: Ռուսական մամուլում տեղեկություն կա Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մասին: Ի՞նչ եք կարծում, այս այցը որևէ վտանգ կարո՞ղ է պարունակել Հայաստանի ու Արցախի համար, և ի՞նչ քաղաքականություն պետք է վարի Հայաստանը:

 

Հայաստանը պետք է իր ռազմաքաղաքական արժեքը՝ թե Ռուսաստանի, թե միջազգային համայնքի առաջ բարձրացնի: Մենք գիտենք, որ Հայաստանն աշխարհքաղաքական կարևոր նշանակություն ունի, բայց մենք 25 տարվա ընթացքում կամաց-կամաց Ռուսաստանի առաջ կորցրեցինք այդ աշխարհքաղաքական, ռազմաքաղաքական արժեքը: Այսինքն՝ միայն Ռուսաստանի առաջ մենք կորցրեցինք մեր ռազմաքաղաքական արժեքը, բայց նույն ձևով, եթե վերցնենք Հայաստանը միջազգային բեմի վրա, ապա բարձրացրեց իր ռազմաքաղաքական արժեքը: Այդ հակասության մեջ ենք այսօր:

 

Ինչ վերաբերում է Լավրովի այցին, ապա քանի որ Լավրովը մոտ է հայերին, լավ է որ ինքը գա, ոչ թե Մեդվեդևը,Ռոգոզինը կամ ուրիշ մեկը: Տեսնենք, թե ինչ պետք է առաջարկի, ես դա չեմ կարող կանխատեսել: Ասում են՝ «Պուտինի պլան» կամ «Լավրովի պլան», բայց ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի վերջին հայտարարությունից պարզ դարձավ, որ ոչ մի «Լավրովի պլան» չկա, միայն Մինսկի խմբի փաստաթղթերն են: Ուրեմն, կարծում եմ, որ չափազանցություն է խոսել «Լավրովի պլան»-ի վրա:

 

Ի՞նչ նկատի ունեք, որ ասում եք՝ միջազգային բեմի վրա Հայաստանը բարձրացրեց իր ռազմաքաղաքական արժեքը:

 

Նախ, Հայաստանը հաղթեց պատերազմում: Արևմուտքի համար դա կարևոր էր: Բացի այդ, հիմա, երբ Իրանի վրայից հանվեցին պատժամիջոցները, Հայաստանը՝ իբրև պետություն, ավելի մեծ տեղ ունի: Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, ուղղակի կարող է պաշտպանել իր շահերը միջազգային հարթակում, իսկ անկախությունից առաջ դա չէինք կարող: Հետևաբար, կարևոր է ունենալ ինքնիշխան պետություն: Բոլոր հայերը պետք է հասկանան, որ առաջնահերթ խնդիրը Ղարաբաղի հարցն է, անվտանգությունը: Երկրորդական հարց է Ցեղասպանությունը: Իհարկե, կապ կա Ցեղասպանության ու Ղարաբաղի հարցի մեջ, անվտանգության հարց է, բայց ուզում եմ ասել՝ երբ միջազգային հարթակում ենք ներկայանում՝ ԱՄՆ կամ Ֆրանսիա ենք գնում, առաջին հերթին պետք է Ղարաբաղի մասին խոսենք, ժողովրդի անվտանգության մասին, որովհետև դա այսօրվա խնդիր է, չենք ուզում, որ Ցեղասպանությունը կրկնվի: Սա է կարևորը:

 

Ի՞նչ պետք է անել այդ հաղթանակը պահպանելու ու ոչ հայանպաստ լուծումներից զերծ մնալու համար:

 

Հայաստանը պետք է դուրս գա հետխորհրդային հանրապետության կեցվածքից: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք տակավին հետխորհրդային վիճակի մեջ ենք և պետք է դուրս գանք այդ կարգավիճակից: Երբ սահմանին զոհվում են մեր տղաները, դա ամոթ է այն կոռուպցիայի պատկերի վրա, որը կա Հայաստանում: Մեր տղաները գնում են սահման, բայց օլիգարխների ու նախարարների երեխաները՝ ոչ: Ինչո՞ւ են միայն սոցիալապես անապահովները զոհվում: Համակարգը պետք է փոխվի, կոռուպցիայի դեմ իրոք պայքար տարվի, մենք համակարգը փոխելով՝ շատ բան կշահենք: Հայաստանն այևս գլոբալիզացիայի մեջ է, և քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ համահայկական զարթոնք կա: Մեր մեջ է խնդիրը, ոչ թե Ռուսաստանի, Ադրբեջանի կամ Թուրքիայի: Մինչև ե՞րբ մենք պետք է մեզ նայենք իբրև վասալ: Այդ կեցվածքը պետք է փոխվի, մենք ինքնիշխան պետություն ենք և չենք կարող մեր պատմության առաջ վասալի կեցվածք ընդունել:

 

Այնուամենայնիվայս փուլում Արցախի հարցում ոչ հայանպաստ լուծման հնարավորություն տեսնո՞ւմ եք:

 

Ես չեմ տեսնում, այսօր նման օրինակ չկա: Ես տեսնում եմ, որ Ռուսաստանն ուզում է իր հսկողության տակ պահել Հայաստանն ու Ադրբեջանը, բայց մեկ բան պետք է հարցնել Ռուսաստանի նախագահին՝ պարոն Պուտին, ի՞նչ է ձեզ համար դաշնակցային հարաբերությունը, կամ ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար դաշնակից պետությունը, կամ ձեր բոլոր դաշնակիցները վասալ պետք է լինե՞ն: Պուտինը սա պետք է բացատրի, ասի, թե ինչ է Ռուսաստանի համար դաշնակիցը:

 

Այսինքն՝ Հայաստանը պետք է վերջնագի՞ր ներկայացնի Ռուսաստանին այս հարցով:

 

Այո, Հայաստանի իշխանությունները, դիվանագետները, քաղաքական գոործիչները պետք է պահանջեն Ռուսաստանից՝ մեզ հարգեք: Այնպես, ինչպես ԱՄՆ է վերաբերվում Իսրայելին, նույն կերպ Ռուսաստանը պետք է վերաբերվի Հայաստանին: ԱՄՆ-ն Իսրայելի դաշնակիցն է, բայց չի վաճառում զենք, որը կարող է ուղղվել Իսրայելի դեմ:

 

Շատ բարձրացվեց հատկապես Ադրբեջանին ՌԴ կողմից զենքի վաճառքի հարցըանգամ Հայաստանի իշխանությունները կշտամբեցին Ռուսաստանինէլ ի՞նչ պետք է անել:

 

Հայաստանի իշխանությունները պետք է լավ օգտագործեն բոլոր կարողությունները թե Հայաստանում, թե Սփյուռքում և միջոցներ գտնեն, որ Ռուսաստանը մեր արժեքը հասկանա: Եթե կոռուպցիայի դեմ իրոք պայքար մղվի, որպեսզի գումարը ոչ թե իշխանությունների գրպանը, այլ պետության գրպանը մտնի, այն ժամանակ ավելի հզոր պետություն կունենանք, ավելի շատ գումար կունենանք բանակի ու զինվորի համար: Երկրորդ, ժողովրդավարական պետություն ունենալը ամենակարևոր հարցն է երկրի անվտանգության համար: Ավելի հեշտ է պաշտպանել անվտանգությունը, երբ երկիրը ժողովրդավարական է: Եթե այս երկու հարցերը լուծենք՝ Ռուսաստանի առաջ մեր արժեքը բարձրացնենք ու երկրի ներսում խնդիրները լուծենք, այն ժամանակ իրոք Հայաստան կունենանք: Ամեն ինչ տվեցինք Ռուսաստանին, հիմա մեր արժեքը ռուսների առաջ ի՞նչ է: Պետք է այնպես անել, որ Ռուսաստանն ինքը մեր կարիքն ունենա: Մենք պետք է Ռուսաստանին ասենք, որ Հայաստանը չի դադարեցնում իր հետ հարաբերությունները, դա հնարավոր չէ, բայց հարգեք մեզ: Հայաստանն ու Ռուսաստանն ամուսնական զույգի են նման, երբ տղամարդը հարվածում է կնոջը, իսկ Հայաստանը՝ իբրև կին, ոչինչ չի ասում, վախենում է ասել: Բայց միայն ռուսներն են կարողանում հարվածել Հայաստանին, ուրիշները՝ ոչ: Դեռ մի քանի տարի առաջ էր այն խնդիրը, որ Ռուսաստանը զենք էր վաճառում Ադրբեջանին: Ի՞նչ էին ասում Հայաստանի իշխանությունները, ասում էին՝ նորմալ է, բիզնես է: Հիմա նոր ասում են, թե մտահոգիչ է, հիմա, երբ արդեն ռուսական զենքն օգտագործվեց Հայաստանի դեմ, նույնիսկ Նալբանդյանն ասաց, որ դա մտահոգիչ է, բայց ուշ է: Ինչո՞ւ սպասել, ինքներս մեզանից վախենում ենք խոսել, հայտարարություններ անել:

 

Հաշվի առնելով Ռուսաստանի այդ կեցվածքըհնարավոր համարո՞ւմ եքոր այս փուլում էլ կարող են Հայաստանին ինչ-որ բաներ պարտադրվել:

 

Ռուսաստանի համար ամենակարևոր կետը հետևյալն է՝ ինչ անել, որպեսզի Թուրքիան  միջամտություն չունենա Հարավային Կովկասում ու Ղարաբաղյան հիմնախնդրում: Ռուսաստանը երեք տարբերակ ունի իր սեղանին: Առաջինը, ամեն ինչ անել, որպեսզի Ղարաբաղյան հակամարտությունը կամաց-կամաց քաղաքական լուծում ստանա՝ նոր առաջարկներով և այլն: Դեռևս ի վնաս հայերի կամ ի նպաստ ադրբեջանցիների տարբերակի մասին չգիտենք: Սա առաջին տարբերակն է, որպեսզի Թուրքիան չմիջամտի: Երկրորդ տարբերակը՝ կոշտ պատասխան տալ Թուրքիային, բայց ոչ անպայման Հարավային Կովկասում, այլ ուրիշ տեղ: Երրորդ տարբերակը՝ պատասխան տալ Թուրքիային՝ խփելով Ադրբեջանին: Ես ենթադրում եմ, որ կլինի կամ առաջինը, կամ երկրորդը, բայց որ երրորդը:

 

Եթե մեր մեջ լուծենք մեր ներքին խնդիրը, ինքնության խնդիրը, ամեն ինչ լավ կլինի, մեր մեջ է խնդիրը: Պետք չէ վախենալ, մեր բանակը հզոր է, թշնամուն դիմադրում է, Հայաստանն ավելի հզոր է այսօր, քան առաջին պատերազմում: Ամեն ինչ կա, ինչո՞ւ չենք նայում դեպի ապագան՝ սրբագրելով սխալները: 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play