Գիտելիքների մրցույթ, որտեղ իրենց ուժերն են չափել Հայաստանի եւ Արցախի Վ. Թեքեյանի անվան դպրոցների աշակերտները


Գիտելիքների մրցույթ, որտեղ իրենց ուժերն են չափել Հայաստանի եւ Արցախի Վ. Թեքեյանի անվան դպրոցների աշակերտները

  • 22-04-2016 12:20:08   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Արդեն վեցերորդ տարին է, ինչ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը կազմակերպում է գիտելիքների մրցույթ` «Թեքեյանական օլիմպիադա» մաթեմատիկա, անգլերեն լեզու, հայոց լեզու եւ գրականություն առարկաներից, որտեղ իրենց ուժերն են չափում Հայաստանի եւ Արցախի Վ. Թեքեյանի անվան դպրոցների աշակերտները: Տարեցտարի ձեռնարկն էլ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում եւ ընդլայնում է իր ծավալները: Եվ այս տարի հիմնադրամը, համագործակցելով ՀՀ սփյուռքի նախարարության հետ, առաջին անգամ օլիմպիադայի մասնակից էր դարձրել նաեւ Հայաստանի սիրիահայ համայնքի երեխաներին:
 
Հիմնադրամը նպատակ ունի օլիմպիադայի միջոցով խթանել եւ խրախուսել հայոց եւ օտար լեզուների, հայ գրականության,  ինչպես նաեւ այլ առարկաների իմացությունը, առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ աշակերտներին դրսեւորել իրենց գիտելիքները, ինչպես նաեւ ծանոթանալ տարբեր մարզերում բնակվող հասակակիցների հետ:
 
Թեքեյանական 6-րդ օլիմպիադան, որին մասնակցեցին 8-րդ դասարանի անհրաժեշտ գիտելիքներ ունեցող 65 թեքեյանցի եւ սիրիահայ աշակերտներ, տեղի ունեցավ Թեքեյան Կենտրոնում: Եվ մինչ մասնագիտական հանձնախումբն ամփոփում էր մրցույթի արդյունքները, ԹԿ հիմնադրամը միջոցառման բոլոր մասնակիցներին առաջարկեց հյուրասիրություն եւ մշակությաին ծրագիր` ներկայացում Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում:
 
Այնուհետեւ միջոցառումը տեղափոխվեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճ, որտեղ տեղի ունեցավ օլիմպիադայի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, եւ հայտարարվեցին հաղթող ճանաչված աշակերտների անունները: Սակայն պետք է նշել, որ չկային պարտվողներ, քանի որ բոլոր մասնակիցներին ԹԿՀ կողմից տրվեցին խրախուսական մրցանակներ: 
 
Ձեռնարկը մեկնարկեց լռության րոպեով` ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հայ զինվորների: 
 
Հյուրերին եւ օլիմպիադայի մասնակիցներին ողջունեց ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Շնորհավորելով հաղթողներին, նա ցավով փաստեց, որ Թեքեյանական 6-րդ օլիմպիադային չեն մասնակցել Բերձորի թեքեյանցի աշակերտները պատերազմական իրավիճակի պատճառով, եւ նաեւ ուրախությամբ հավելեց, որ միջոցառմանը ընդգրկվել են նաեւ սիրիահայ աշակերտներ: «Արդեն ավանդական են դարձել Հայաստանում եւ Արցախում գործող Վ. Թեքեյանի անվան հինգ դպրոցների եւ Թեքեյան Կենտրոնի փոխադարձ կապերը, եւ արդեն կայացել է թեքեյանական թիմ, որը միասնական նորանոր հաջողություններ է գրանցում, քանզի մեկի հաջողությունն ու հաղթանակը` բոլորի հաջողությունն ու հպարտությունն է: Եվ հուսանք, որ սիրիահայ այս պատանիները նույնպես կհամալրեն մեր ընտանիքը», - նշեց տնօրենը: Ա. Ծուլիկյանը նաեւ խորին երախտագիտություն հայտնեց մասնագիտական հանձնախմբին ծավալուն եւ անկողմնակալ աշխատանքի համար:
 
Մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական եւ միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Դավթյանը: Նախարարության անունից նա շնորհակալություն հայտնեց ԹԿՀ տարիներ շարունակ նմանատիպ ձեռնարկ կազմակերպելու եւ հատկապես սիրիահայ աշակերտների ծրագրում ընդգրկելու համար: «Սա հիանալի հնարավորություն էր սիրիահայերի համար՝ առավել ակտիվացնելու շփումները տարեկիցների հետ եւ է՛լ ավելի արագ ինտեգրվելու նոր միջավայրին: Կարճ ժամանակահատվածում նրանք յուրացրեցին հայաստանյան ծրագրերը եւ, մրցակցելով հասակակիցների հետ, հաղթանակներ գրանցեցին», - նշեց Ա. Դավթյանը:
 
Այնուհետեվ օլիմպիադայի մրցութային հանձնախմբը, որի կազմում էին «Ուսմունք» վարժարանի փոխտնօրեն Ա. Ավետիսյանը /հայոց լեզու եւ գրականություն/, ԵՊՀ դասախոս Ա. Մարգարյանը /անգլերեն լեզու/ եւ Դ. Դեմիրճյանի անվ. թիվ 139 դպրոցի ուսուցչուհի Ա. Գեւորգյանը /մաթեմատիկա/, մասնագիտական կարծիք արտահայտեց եւ գովաանագրեր, պատվոգրեր եւ արժեքավոր մրցանակներ հանձնեց բարձր առաջադիմություն դրսեւորած աշակերտներին: Շնորհավորելով նրանց, հանձնախումբը կարեւորեց ուսումը եւ գոհունակություն հայտնեց, որ հայ դպրոցն ունի բանիմաց, խելացի աշակերտներ, որոնք ձգտում են նոր գիտելիքներ ձեռք բերել, նորանոր բարձունքներ նվաճել: Բարձր գնահատանքի արժանացվեցին նաեւ ուսուցիչները, որոնց ամենօրյա տքնաջան ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ աշակերտները նոր ձեռքբերումներ են գրանցում:
 
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Նաիրա Եդիգարյանը հատկանշեց ձեռնարկի կարեւորությունը, որտեղ ի ցույց են դրվում հայ ազգի լավագույն երեխաների կարողությունները` անկախ նրանց ծննդավայրից եւ բնակավայրից: «Սիրիահայերը Հայաստանում շատ լավ ընդունելություն են ստացել եւ հիմա ձեռք ձեռքի տված համաձուլման ճամփեքով քայլում են եւ ինտեգրվում: Այս ծրագիրը ինտեգրացիային ուղղված լավագույն քայլերից մեկն էր», - հավելեց Ն. Եդիգարյանը:
 
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաեւ Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը, որը շնորհակալություն հայտնեց ԹԿ հիմնադրամին դպրոցներին աջակցություն ցուցաբերելու եւ նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար, քանզի նրանք նպաստում են հայ դպրությանն ու նոր սերնդի դաստիարակությանը: Տնօրենը նաեւ սիրիահայ աշակերտներին հրավիրեց մեկ  օր անցկացնելու Կարբիում` վայելելու բնությունն ու տեսարժան վայրերը:
 
Տոնական տրամադրությունը շարունակվեց համերգային ծրագրով, որն էլ ներկայացրեցին Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի «Ուսմունք» վարժարանի տաղանդաշատ սաները:
 
Թեքեյանական 6-րդ օլիմպիադայում առաջին մրցանակի ածժանացան`
 
«Հայոց լեզու եւ գրականություն» - Միլենա Սիսյան /Երեւան/
«Անգլերեն լեզու» - Միհրան Կուզիբյուքյան /Սիրիա/
 «Մաթեմատիկա» - Նարօտ Քեյվանյան /Սիրիա/
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play