Բովանդակայնորեն բարեփոխվել է ավագ դպրոցի կրթական ծրագիրը․ Ս. Օհանյան


Բովանդակայնորեն բարեփոխվել է ավագ դպրոցի կրթական ծրագիրը․ Ս. Օհանյան

  • 05-05-2016 17:22:50   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կրթական համակարգի  խնդիրներից նախ և առաջ առանձնացրեց ավագ դպրոցի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի բովանդակային բարելավման հիմնահարցերը:  Տարիներ շարունակ ավագ դպրոցի կրթական ծրագրի բովանդակայնորեն բարեփոխված մի տարբերակ փորձարկվել է Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանում:  Բոլոր առումներով ստացվել են դրական արդյունքներ, որոնք արժանացել են  ՀՀ ԿԳ նախարարության հավանությանը:
 
Եռաստիճան կրթական համակարգի անցման հետևանքով հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական համակարգում կառուցվածքային և բովանդակային էական փոփոխություններ տեղի ունեցան: Բակալավրիատի կրթական ծրագիրը նոր պահանջներ առաջադրեց, անհրաժեշտություն զգացվեց վերանայել նաև նախորդ՝ ավագ դպրոցի կրթական ծրագիրը: Չնայած այն ենթարկվեց կառուցվածքային փոփոխությունների, սակայն առանց խորքային և շարունակական կրթության շահերից բխող համարժեք լուծումների: Մեր կարծիքով ավագ դպրոցի ծրագիրը իսկապես վերափոխման կարիք ունի, որովհետև այն շրջափուլային առումով ինքնուրույն կառուցվածք է, որի ավարտին շրջանավարտը կարող է ուսումը շարունակել հաջորդ՝ բակալավրիատի կրթական ծրագրում  կամ էլ դուրս գալ աշխատաշուկա: Երկու դեպքում էլ կարևորվում է, նախ և առաջ, կրթական վերջնարդյունքների արժևորումը: Ավագ դպրոցի առաջարկվող այս նոր կրթական ծրագիրը առավելագույնս  համապատասխանում է եվրոպական առաջավոր երկրների հանրակրթական ուսումնական հաստատությունների  համանման պահանջներին և նպաստում է աշակերտների շարժունությանը դեպի եվրոպական համալսարաններ, ինչը պայմանավորված է ՀՀ կրթական համակարգը եվրոպականին ինտեգրելու ռազմավարությամբ: 
 
Չխորանալով ծրագրի մանրամասների մեջ (այն ամբողջությամբ տեղադրված է Եվրասիա վարժարանի կայքում ՝college.eiu.am)՝ընգծենք, որ այն կառուցվածքայնորեն ներկայացված է միմյանց հետ փոխկապակցված երեք ենթամասերից. նախամասնագիտական ուսուցում, ուսուցման նոր մշակույթի ներդնում (ուսուցում մեթոդական բազմազանությամբ) և կրեդիտային համակարգով գիտելիքի վերջնաարդյունքների բազմագործոն գնահատում : 
 
Մեթոդական և բովանդակային առումով այս խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել և գործարկել ավագ դպրոցի բովանդակայնորեն մի նոր կրթական ծրագիր: Եվրոպական երկրների հանրակրթության առաջավոր փորձի, Եվրասիա ավագ դպրոց-վարժարանում տարիներ շարունակ տարված նպատակային ուսումնասիրությունների և հանրապետության ավագ դպրոցներում ներկայումս տիրող իրադրության վերաբերյալ համակողմանի հետազոտությունները մեզ բերեցին  այլ հետևության:  Համոզվեցինք, որ հանրակրթության այս կառույցում ուսուցման արդյունավետության համակողմանի բարձրացման նպատակով անհրաժեշտ է էական փոփոխության ենթարկել ավագ դպրոցի կրթական ծրագիրը. ստեղծել մի միջանկյալ՝ անցումային կրթական կառույց, ինչպիսին կարող է լինել նախամասնագիտական ուսուցման կրթական ծրագիր իրականացնող ստորաբաժանումը՝ նախամասնագիտական ավագ դպրոցը կամ վարժարանը:
 
Ծրագրում  ի օգուտ մասնագիտական նշանակություն ունեցող դասընթացների դասաժամերի ավելացման և նոր դասընթացների ներդրման միջոցով էապես բարեփոխվել ու բեռնաթափվել է գործող ծրագիրը: 
 
Այս նոր կառույցը բնականոն անցում է ապահովում դպրոցից  դեպի բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ներկայացված ծրագիրը ունի իրավաչափ հիմքեր, որովհետև մշակվել է ավագ դպրոցի նախամասնագիտական ուսումնական պլանի չափորոշիչներով և ենթադրում է նախամասնագիտական ուսուցում, որը ավարտվում է  որակավորման հավաստագրի և ավարտական ատեստատի շնորհմամբ: Կրտսեր մասնագետի որակավորման հավաստագրի հիման վրա շրջանավարտները կարող են աշխատանք գտնել աշխատաշուկայում, իսկ ատեստատի հիման վրա՝ շարունակել կրթությունը բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում: 
 
Ներկայացված նախամասնագիտական ուսուցման ծրագիրը (ՆՈՒԾ) գործնականորեն ուղեկցվում է ազատ կրթական մշակույթի՝ մոտիվացնող աշակերտական միջավայրի ապահովմամբ, ինչպես նաև ուսուցման մեթոդական բազմազանությամբ պայմանավորված նոր և համապատասխան համակարգի ներդրմամբ, որը առավելագույնս հաշվի է առնում հանրակրթության բնագավառում ներկայումս կիրառվող առաջավոր մանկավարժական տեխնոլոգիաները: Այդ համակարգը  ենթադրում է. աշակերտի ակտիվ մասնակցություն գիտելիքի  ձեռքբերմանը, ավելի մեծ ծավալի գործնական աշխատանքների կատարում, լաբորատոր հետազոտություններ, սեմինարներ կամ կլոր-սեղան քննարկումներ, ուսուցչի կողմից խորհրդատվություններ (անհատական և խմբային), անհատական ուսուցման անհրաժեշտություն, տարաբնույթ պրակտիկաների անցկացում, դաշտային հետազոտությունների, նախագծերի ու բանավեճերի և ուսուցման այլ  մեթոդների միջոցով ուսումնառություն: Առաջարկվող կրթական ծրագրի հետ մեկտեղ մեթոդական նոր և բազմազան մոտեցումները ` որպես դրա բաղկացուցիչ մասեր, նույնպես ներդաշնակ անցում են ապահովում հանրակրթականից  բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր:
 
Այս ծրագրի  ներդնումը էապես բարձրացնում է աշակերտների մոտիվացվածությունը, որովհետև ներկայացվող կրթական նոր պահանջները արդեն համապատասխանում են նրանց նպատակներին ու ակնկալիքներին, ունեն կենսական և գործնական ուղղվածություն: Բնականաբար պետք է կատարվեն նոր համալիր փոփոխություններ.բարելավվեն նաև ուսումնառության  միջոցները, այն է` աշակերտի կրթություն ստանալու համար նպատակաուղղված գործողությունները. անմիջական մասնակցություն դասերին, առավելապես ինքնուրույն դասարանային ու տնային հանձնարարությունների կատարում, անհատական հետազոտական (նախագծային) հանձնարարությունների կատարում, ինքնուրույն ռեֆերատների մշակում և ներկայացում, լրացուցիչ գրքերի ու հոդվածների ընթերցում, գրադարանից և համացանցից լրացուցիչ տեղեկատվության հայթայթում, պրեզենտացիաների պատրաստում և այլն:
 
Ավելացնենք, որ  անհրաժեշտություն է առաջացել բարեփոխելու նաև գնահատման ձևերը՝ կիրառել վերջնարդյունքներին միտված բազմագործոն գնահատման համակարգ, որի համար պահանջվում է անցկացնել միջանկյալ և ամփոփիչ բանավոր և գրավոր քննություններ, բանավոր զեկույցներ, թեստեր, էսսեներ, գրավոր աշխատանքներ, ամփոփիչ ավարտական աշխատանքներ, նախագծի պաշտպանություն, դաշտային հետազոտության հաշվետվություն, անհատական թեմատիկ աշխատանքի ներկայացում և այլն: 
 
Այս ծրագիրը ՀՀ ԿԳ նախարարության կողմից ճանաչվել է որպես հեղինակային: Մասնագետների որոշակի վերապատրաստումներից հետո նոր մեթոդաբանությամբ մշակված կրեդիտային համակարգը ,  նախորդ երկու բովանդակային բարեփոխումների հետ միասին,  գործնականորեն ոչ մեծ դժվարությամբՏ կարելի է ներդնել հանրապետության ցանկացած ավագ դպրոցում:
 
Ծրագրի հեղինակ՝ աշխ. գիտ. դոկտոր, 
պրոֆեսոր    Ս. Օհանյան
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play