Եվրասիա միջազգային համալսարանում կայացել է միջդպրոցական մրցույթ՝ «Ստեղծագործական մտածողություն և նորարարություն» խորագրով


Եվրասիա միջազգային համալսարանում կայացել է միջդպրոցական մրցույթ՝ «Ստեղծագործական մտածողություն և նորարարություն» խորագրով

  • 10-05-2016 13:32:44   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Եվրասիա միջազգային համալսարանում 2016թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ միջդպրոցական մրցույթ՝ «Ստեղծագործական մտածողություն և նորարարություն» խորագրով։ Մրցույթին մասնակցեց Երևանի հիմնական դպրոցներից 70 աշակերտ:
 
Մրցույթն անցկացվեց համալսարանի կողմից տարիներ առաջ մշակված և որպես լրացուցիչ կրթական ծրագիր ՀՀ ԿԳ նախարարության կողմից վերջերս հաստատված հմտությունների և կարողությունների զարգացման «Քայլ առաջ» ծրագրի շրջանակներում: Բացման խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Ս. Օհանյանը: Նա խոսեց փափուկ հմտությունների կարևորության մասին, որոնք դեռևս տեղ չեն գտել կրթական ծրագրերում և ուշադրություն դարձրեց աշակերտների ստեղծագործական և նորարական մտածելակերպի զարգացման վրա, որի նպատակով էլ անցկացվում են այսպիսի լրացուցիչ կրթական ծրագրերը: 
 
Եվրասիա միջազգային համալսարանի կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու Մ. Շահբազյանը ներկայացրեց մրցույթի կանոնները: Այնուհետև աշակերտները բաժանվեցին հինգ խմբի, դասընթացավարները համակարգեցին աշխատանքային գործընթացը, և աշակերտները կատարեցին առաջադրանքները: Առաջին երկու առաջադրանքը տրամաբանական խաղեր էին, իսկ երրորդ հանձնարարությունը թիմային աշխատանք էր. երեխաները պետք է ստեղծեին բովանդակային առումով նոր աթոռ, որը լիներ մրցունակ և ունենար կիրառական նշանակություն:
Մինչ երեխաները կատարում էին իրենց առաջադրանքները, դպրոցների ներկայացուցիչները նույնպես մասնակցեցին ծրագրի առաջին փուլին: 
Մրցույթի ավարտին յուրաքանչյուր թիմ իր կողմից ստեղծված նորարարական աթոռը ներկայացրեց մրցութային հանձնաժողովին, որի անդամներն էին Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Ս. Օհանյանը, «Նոյյան տապան» լրատվական միավորման նախագահ Տ. Հարությունյանը, «Մայքրոսոֆթ-Հայաստան» ընկերության կրթական ծրագրերի պատասխանատու Ա. Աղաջանյանը, «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ընկերության մարքեթինգի և վաճառքի բաժնի ղեկավար Կ. Վարդանյանը, Նախագծերի կառավարման մասնագետների միության նախագահ Մ. Ղահրամանյանը և Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի պատասխանատու Ն. Ջոմարդյանը:
Մրցութային հանձնաժողովի անդամները բանախոսներին ուղղեցին ստեղծած նորարարական մոդելների արդյունավետությանը, մրցունակությանն ու հարմարավետությանը վերաբերող բազմաբնույթ հարցեր։ Երեխաներն ակտիվ և համառ էին իրենց նորարարական գաղափարների արդյունավետությունը ապացուցելիս։
 
Մրցույթին մասնակցեցին Երևանի հ. 147, Ս. Բյուրատի անվան հ. 125, հ. 136, Ռ. Միրոյանի անվան հ. 77, Հ. Հայրապետյանի անվան հ.78, Վիլյամ Սարոյանի անվան հ. 138, Եղիշե Չարենցի անվան հ. 67, Գ. Ստեփանյանի անվան հ. 135, Ա. Նավասարդյանի անվան հ. 196, հ. 174 հիմնական դպրոցների աշակերտները: Միջոցառմանը ներկա էին նաև դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և վարչական աշխատողներ:
Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին, և հաղթող ճանաչվեց Երևանի հ. 147 հիմնական դպրոցի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց հ. 174 դպրոցի, իսկ երրորդ տեղը՝ Ա. Նավասարդյանի անվան հ. 196 դպրոցի թիմը: Երեք դպրոցներն էլ ստացան պատվոգրեր: Մրցույթի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև բոլոր դպրոցներին, տրվեցին մասնակցության վկայականներ:
Միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով. այդ մասին փաստեցին մրցութային հանձնաժողովի անդամները և դպրոցների ներկայացուցիչները: Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի տնօրեն Ա. Խեչումյանը շնորհակալություն հայտնեց և նշեց, որ միջոցառումը հնարավորություն ընձեռնեց մանկանալու, վերարժևորելու և վերաիմաստավորելու հետագա աշխատանքներն ու անելիքները:
Մրցութային հանձնաժողովի անդամները բարձր գնահատեցին երեխաների ստեղծագործ մտքի թռիչքը, պատրաստվածությունը, սեփական գաղափարները համառորեն պաշտպանելու կարողությունը, ինչը բնորոշ է փոքրիկ գիտնականներին: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play