«Դրամահավաքության ցանկացած փորձի դեպքում կպատժվեն դպրոցի տնօրենները».Քաղաքապետ


«Դրամահավաքության ցանկացած փորձի դեպքում կպատժվեն դպրոցի տնօրենները».Քաղաքապետ

  • 10-05-2016 17:58:27   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ մայիսի 27-ին վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով քաղաքապետը 12 վարչական շրջանների ղեկավարներին, կրթության, ինչպես նաև մշակույթի վարչություններին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել և զեկուցել ընթացքի մասին: 
 
Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ խստացված հսկողություն սահմանել  դպրոցներում ուսումնական տարվա ավարտի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով: 
 
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ նման  որևէ դեպք  հայտնաբերելու դեպքում   պատասխանատուները խստագույնս կպատժվեն:
«Ավարտական դասարաններում սովորող մեր աշակերտների ու նրանց ծնողների համար սա սպասված և կարևոր ժամանակաշրջան է: Բայց, ցավոք, երեխայի դպրոցն ավարտելը ծնողի համար հաճախ նաև ֆինանսական լրացուցիչ ծախսերի ու անհանգստության պատճառ է դառնում: Այս օրերին  ծնողները պետք է ուրախանան իրենց երեխաների ձեռքբերումներով ու ապագայի պլաններով զբաղվեն, ոչ թե մտածեն, թե ինչպես են գումար հայթայթելու ինչ-որ անհասկանալի ծախսերի համար, որպեսզի հանկարծ երեխան չընկճվի  ուսուցչի կամ դասընկերների մոտ:  Ամեն տարի վերջին զանգի միջոցառումներից ու ավարտական քննություններից առաջ խստորեն հորդորում եմ դպրոցների տնօրեններին բացառել դրամահավաքության հնարավոր դեպքերը: Այս տարի ևս բացառություն չի լինի, ու հանրակրթության վարչությանը հանձնարարում եմ մեկ անգամ ևս հիշեցնել բոլոր տնօրեններին հորդորիս մասին և խստորեն նախազգուշացնել, որ բացառեն դրամահավաքության ցանկացած փորձ, այլապես կպատժվեն հենց տնօրենները՝  ընդհուպ մինչև աշխատանքից ազատում: Ծնողներին ևս հորդորեք, որ որևէ պատրվակով  գումար չվճարեն: Մենք միասին պետք է պայքարենք այս արատավոր երևույթը կրթական մեր հաստատություններից վերացնելու ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը   մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին էլ հանձնարարել է նախապատրաստվել  Հայաստանի  առաջին  հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև կազմել մայրաքաղաքում անցկացվելիք  «Երևանյան ամառ» ծրագրի միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը, նաև նախապատրաստական աշխատանքներ տանել երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play