Տեղի է ունեցել «Զորավոր Ավետարանը» գիրք-ալբոմի շնորհանդեսը

«Այբ Բեն Գիմը մեր հոգին է»

11-05-2016 11:32:26   | Հայաստան  |  Նոր գրքեր
Մայիսի 10-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ «Զորավոր Ավետարանը» գիրք-ալբոմի շնորհանդեսը: Այն նվիրված է «Զորավոր» անվամբ Ավետարանին, որը դեռևս միջնադարում հայտնի է եղել հիվանդներին բժշկելու հրաշագործ զորությամբ: Այս Ավետարանի շնորհիվ Երևանի կենտրոնում վեր խոյացող Ս. Աստվածածին եկեղեցին ստացել է Զորավոր անունը: 
 

Սրբազան հոր նախագահությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով:  Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը
. «Թեև ձեռագիրը վերագրվում է 13-14-րդ դարերին, սակայն մինչև հիմա որևէ գիրք կամ վերլուծություն չկար նրա մասին: Շուրջ մեկ տարի առաջ` մայիսի 14-ին` Ս. Մովսես Տաթևացի կաթողիկոսի մահվան հիշատակության օրը, Մատենադարանից Զորավոր Ավետարանը
բերվել էր եկեղեցի: Մատենադարանի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանի հետ որոշվեց ամփոփ մի ձեռնարկ պատրաստել` հավաքելու ձեռագրի մասին պատմություններն ու մասնագիտական ուսումնասիրությունները»: 
Արսեն Հարությունյանին գրքի ստեղծման գործում միացավ նաև Մատենադարանի մեկ այլ գիտաշխատող`Արփինե Սիմոնյանը: Մի քանի ամիս տևած աշխատանքի արդյունքում գիրքը պատրաստվեց և տպագրվեց  Գեղամ և Արամ Ղուկասյանների մեկենասությամբ: 
Շնորհավորելով գրքի ստեղծողներին` Տ. Գրիգորին, ով նախաձեռնեց աշխատանքը, հեղինակներին, մեկենասներին ու Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին նման հրաշալի հրատարակության համար` Սրբազան հայրն ի մասնավորի ասաց. «Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու պատմությունն ու հայ ժողովրդի պատմությունը միանման են. տառապանք, չարչարանք, կործանում, բայցև` հարություն: Քրիստոնյա ժողովրդի ինքնությանը բնորոշ պատմական մի ընթացք, որտեղ իր անփոխարինելի դերակատարությունն ունի հոգևոր կրթությունն ու մշակութային զարթոնքը: Թուրք-պարսկական պատերազմի վերջավորությանը՝ 1636թ.-ին, պարսիկ խանը երևանցիների խնդրանքով  դիմում է Մովսես Տաթևացուն, որպեսզի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում կազմակերպի կրթական կենտրոն: Ս. Անանիա առաքյալի անապատում հիմնադրված կրթական կենտրոնի համբավը հասնում է մինչև Հունաստան, Վրաստան, Պարսկաստան, Թուրքիա: Այսօր, թեև Ս. Անանիայի անապատը չի գործում, սակայն վերականգնված ակտիվ համայնքային կյանքը գրավականն է հոգևոր կրթության և մշակույթի զորացման շարունակական ընթացքի: Ս. Անանիայի անապատը գործել է մինչև 1835 թվականը: Մարաղացի գաղթականներն, ովքեր համախմբվել էին այդ եկեղեցու շուրջ, այն դարձրեցին իրենց ծխական եկեղեցին: Բազմաթիվ անգամներ այն ավերվել է թշնամիների արշավանքներից, երկրաշարժից, փայտաշենից վերածվել է սրբատաշ տուֆով կառուցված եկեղեցու և այդպես շարունակ. և հիմա էլ, շնորհիվ Տ. Գրիգորի, շարունակում է ծխական իր գործունեությունը՝ մշտապես բարեկարգվելով և հին ավանդույթները վերականգնելով: 
Այս հրատարակությունը նպատակ ունի բացահայտել ոչ միայն «Զորավոր Ավետարան»-ի պատմությունն ու առանձնահատկությունը, այլև փաստել մի բացարձակ ճշմարտություն՝ Այբ Բեն Գիմը մեր հոգին է: Ավետարանը, կրթական կենտրոնը, որպես անապատ, ինքնակենտրոնացման տեղ՝ այդ հոգու մարմնացումն է: Այբ Բեն Գիմով մենք վերակերտվեցինք՝ ժողովրդից վերածվելով ազգի և Ավետարանի ոգին թանձրացնելով մեր մեջ, մեր հոգին մեկնեցինք աշխարհին: 
Հայի ինքնությունն իր մեջ ամփոփող կենտրոն է Մատենադարանը: Մենք պետք է վերարթնացնենք Մատերադարանի ոգին` որպես կենդանի վկայություն հայի ինքնության և անկոտրում հավատքի: Այս հրատարակությունը ևս մեկ քայլ է այդ առաքելությունը կյանքի կոչելու ճանապարհին: 
Շնորհքը, սերը, խաղաղությունը թող լինի ամենքիդ հետ, և Զորավոր Ավետարանը ուժ, կորով պարգևի ու առաջնորդի ձեզ հավատքի ճանապարհին. ամեն»: 
Միջոցառման ավարտին կոմիտասյան հոգևոր ու աշխարհիկ երգերի մշակումների կատարմամբ ելույթ ունեցավ «Զորավոր» երգչախումբը` գեղ. ղեկավար` Անուշ Հարությունյան: 
Գիրք-ալբոմի հեղինակներն առաջին անգամ հավաքել ու ամբողջացրել են Ավետարանի ընդօրինակման, տարբեր վայրեր փոխադրվելու մասին պատմությունները, փորձագետների ուսումնասիրությունները, «Զորավոր» կոչվելու ավանդությունը: Անդրադարձել են նաև մանրանկարների ու խորանների վերլուծությանը: 
Ավետարանն այս տարի ևս` մայիսի 14-ին, Նավասարդ Սրբազանի օրհնությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանից բերվելու է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի, որտեղ հավատացյալները հնարավորություն կունենան հաղորդակից լինել զորավոր սրբության հետ: 
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
 
Նոյյան տապան   -   Նոր գրքեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 8475 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար