Գիտնականը բացահայտումներ է անում սահմաններում չկիրառված սենսորների վերաբերյալ


Գիտնականը բացահայտումներ է անում սահմաններում չկիրառված սենսորների վերաբերյալ

  • 15-05-2016 14:02:06   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

 

Պարոն Կարապետյան,  քառօրյա  պատերազմից հետո ավելի շատ են խոսում, որ բարձր տեխնոլոգիաների կիրառման ցածր մակարդակն էր պատճառներից գլխավորը, որ մեր զինվորները ժամանակին չէին տեղեկացել թշնամու զորքի առաջխաղացման մասին և, փաստորեն, հարձակումը անակնկալ էր եղել։  Կիսո՞ւմ եք այդ տեսակետը։

 

Այն, որ թշնամու զորքի առաջխաղացումն ու դիրքավորումն անակնկալ է եղել դիրքերում  կանգնած մեր զինվորների և նրանց հրամանատարների համար, փաստ է։ Մյուս կողմից, փաստ է նաև այն հանգամանքը, որ այն զարմանալիորեն անակնկալ չի եղել այսպես կոչված ռազմա–քաղաքական ղեկավարության համար, ովքեր շարունակաբար շահարկելով արցախյան կոնֆլիկտի առկայությունը, ոչ միայն հայոց պետականությունն են բզկտել, այլև լափել են հայոց բանակի մատակարարումը։ Այսինքն, նրանք, ինչպես պարզվեց, գործել են ի շահ մեր թշնամու։

 

 

Ի՞նչ բարձր կամ ցածր տեխնոլոգիաների կիրառման մասին կարող է խոսք գնալ, եթե իրականում, ինչպես պարզվեց ռազմական գործողությունների մասնակիցների պատմածներից, սահմանին կանգնած զինվորին նույնիսկ փամփուշտ չի հասցվել և ամենաժամակակից զենքերով զինված թշնամու դեմ մեր ջահելները դուրս են եկել 80-ականների ամենա«կառուցողական» զենքով՝ բահով։

 

Ի՞նչ բարձր տեխնոլոգիաների մասին կարող է խոսք գնալ, եթե նույնիսկ այսօր, այդ նույն նեխած համակարգը պեղում է ինչ որ չկայացած ռեժիսորների և նրանց բերանով գովերգում սահմանների պաշտպանության գործում պահածոյի տուփերի արդյունավետությունը։ Այս ամենը հերթական Կարսի հանձման մերօրյա դրսևորումը կլիներ, իհարկե, եթե չլինեին սահմանին կանգնած մեր հերոս ջահելները։ Սա է իրականությունը։

 

Պարոն Կարապետյան, տեսանյութ տարածվեց, որտեղ դուք խոսում եք  մեր գիտնականների ստեղծած գերժամանակակից և գերզգայուն սենսորների մասին՝ որոնք մարդու քայլը զգում են 200 մետրից։  Չեք կարծում, որ մեր սահմանին պետք է դրանք արդեն վաղուց տեղադրված լինեին։ Ի՞նչն է դրա ուշացման պատճառը, անտարբերությո՞ւնը, որ ունենալով նման հնարավորություն, առ այսօր ստիպված ենք սահմանը պահել պահածոյի տուփերով։

 

Նախ, պետք է նշել, որ դեռևս չավարտված պատերազմի քառօրյա սրացման փուլից առաջ հակառակորդը միայն հետևակի տեղաշարժ չի ունեցել, որն այդ սենսորների կիրառման դեպքում  կհայտնաբերվեր, վատագույն դեպքում, հաշվի առնելով անձրևային պայմանները, ավելի քան 250 մետրից։ Եղել են չէ՞ նաև ծանր տեխնիկայի փաստացի տեղաշարժեր ու կուտակումներ, որոնք կարող էին արձանագրվել արդեն մի քանի կիլոմետրերից, եթե ժամանակին այդ սենսորները տեղադրված լինեին։

 

Հիմա, մի երկու խոսք սենսորների մասին։ Ռազմական գործողությունների ակտիվ փուլում այդ սենսորների մասին խոսելը պարզապես տխմարություն է։ Հիմա պետք է հաշիվ պահանջել ՀՀ ԳԱԱ նախագահից և նրա կողմից հովանավորված ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ՊՆ փորձագետ Արսեն Հախումյանից, ովքեր ոչ առանց շահադիտական նպատակների, անկասկած, ժամանակին ոչ միայն տապալել են այդ սենսորների պաշտպանական նպատակներով կիրառման հնարավորությունը, այլև ամեն ինչ արել են սենսորների ներդրման և նրա հեղինակի գործունեությունը խոչընդոտելու համար՝ ներառյալ հանրային պախարակումը՝ օգտագործելով Հանրային հեռուստաընկերության հնարավորությունները։

 

Երկու օր առաջ եմ վերադարձել Արցախից, խոսել եմ շատերի, ներառյալ դիրքերից ժամանակավորապես վերադարձածների հետ։ Սելֆի չեմ արել, իհարկե, ամենայն հայոց գեներալ ու օրինաստեղծ Մանվել Գրիգորյանի ու ամենայն հայոց երգչուհի ու, նորից, օրինաստեղծ Շուշան Պետրոսյանի պես։ Հիմա դիրքերում շատ պարզունակ հեռադիտակ է պետք, որը՝ չկա, ջերմադիտակներ են պետք, որը՝ չկա, անձրևանոցներ են պետք, որը՝ նույնպես չկա և այլն։ Հարկ եմ համարում մեջբերել դիրքերից ժամանակավորապես վերադարձած տաքսու վարորդի երազանքը, որ մեր ռազմա–քաղաքական պատասխանատուները գոնե լուսնյակ գիշերներ ապահովեն, այլապես ժամը 8-ից հետո կույր ենք։

 

Ինչ վերաբերում է ուշացման պատճառներին, ապա իրականում ուշացում չի եղել։ Այն պարզապես, ինչպես արդեն նշեցի, տապալվել է բացահայտ անբարոյականության դրսևորմամբ, հանուն մեր իրականության աստծու՝ ատկատի և շահադիտական նպատակներով նախաձեռնված քայլերի, որն իրականացվել է, հիմնականում, գիտական շրջանակների կողմից՝ ՀՀ ԳԱԱ «քոսոտ» ու բացահայտ միջակությունը՝ նախագահի դիրիժորությամբ։ Կարծում եմ գիտեք նրա անուն ազգանունը, ով՝ լինելով գիտության շալակն ելած միջակից էլ ցածր  գիտաշխատող, ապրել ու ապրում է «ժամանակի հետ» համընթաց կամ, որ նույնն է «ո՞վ էշ, ես՝ փալան» սկզբունքով։ Իսկ արդյունքում մեր մոտ հարյուր ջահելների ընդհատված կյանքերն են, որոնք կարող էին շատ ավելի քիչ լինել։

 

Իսկ թե ինչու՞ ենք ստիպված առ այսօր ապավինել պահածոյի տուփերին, ապա այդ հարցին ես չէ, որ պետք է պատասխանեմ։ Այդ հարցին հուսով եմ, որ դեռևս ստիպված կլինեն պատասխանել ոլորտի անմիջական պատասխանատուները՝ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Սև հումորի կարգով կարող եմ կարծիք հայտնել, որ միգուցե 21–րդ դարում պահածոյի տուփերով սահմանների անվտանգության ապահովման արդյունավետությունը հենց Սեյրան Օհանյանի կողմից 2012 թ. պաշտպանված «Բանակաշինության արդի խնդիրները» ատենախոսության անմիջական կիրառումն է։ - See more at: http://www.lragir.am/index/arm/0/interview/view/132535#sthash.Z0sNIGmQ.dpuf

 

Պարոն Կարապետյան, կարելի է արդյոք հնարավորության սահմաններում մանրամասնել գործընթացները, որոնք ազդեցություն են ունեցել այս գերզգայուն սենսորների պաշտպանական նպատակներով կիրառման վրա։ Բացի ձեր տեսանյութից, 2014թ. մեկ այլ տեսանյութ էլ հեռարձակվեց, որտեղ հենց մեր գիտնականների նախագծած սահմանային անվտանգության սարքերի մասին էր խոսվում, որն, ըստ հեղինակների, պատրաստ էր ներդրման համար։ Ինչ կասեք դրա մասին, տեղյա՞կ եք։

 

Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ, որ այս ամենի մասին խոսեր ԵՊՀ պրոֆեսոր Սամվել Գևորգյանը՝ սենսորների հեղինակը։ Բայց և այնպես, իմ կողմից հնչեցված մեղադրանքները հիմնված են իմ ունեցած տեղեկությունների վրա։ Եվ, չնայած, որ շարադրանքը ձանձրալի կարող է լինել շատերի համար, բայց, կարծում եմ, որ քարերը հավաքելու ժամանակն է, և փաստերը բավարար են նաև մեղադրանքները բացահայտելու համար։

 

Նախ, փոքր ինչ շեղվելով հիշեցնեմ, որ նոր տեխնոլոգիան՝ գաղափարից հետո, հիմնականում զարգացել է ԳԱՏԱՀ–ի դրամաշնորհային ու գիտական արդյունքների առևտրայնացման ծրագրերի շրջանակներում, քննություն է բռնել համաշխարհային Global Security Challenge (GSC -2008) մրցույթում և հետագայում դաշտային փորձարկումներ անցել ամերիկյան հեղինակավոր FTA Inc. (Flight Test Aerospace Inc.) կազմակերպության կողմից։ Համոզված եմ, որ մեր պատասխանատուներն ու հատկապես փորձագետները ընդհանրապես չգիտեն էլ այս կազմակերպության մասին։ Բայց ամերիկյան պաշտպանական և անվտանգության կառույցներին սպաասարկող այս մասնագիտացված կազմակերպության փորձագիտական եզրակացությունն է, որ նոր սկզբունքի վրա հիմնված և հայ գիտաշխատողների կողմից ստեղծված սենսորն առնվազն 4 անգամ գերազանցում է համաշխարհային շուկայում առկա լավագույն՝ ամերիկյան և ռուսական սենսորներին։

 

Հիմա անցնենք հարցերի պատասխաններին։ 2008թ., երբ PSI ընկերության հայտն ընդունվել էր և պետք է մասնակցեր Սինգապուրում կազմակերպվող GSC -2008-ի մրցույթի առաջին փուլին, պրոֆ. Ս. Գևորգյանը դիմում է ՀՀ ԳԱԱ նախագահությանը՝ գործուղման ծախսերի 50 %–ը փոխհատուցելու համար (մնացած կեսը խոստացվել էր ԵՊՀ–ի կողմից)։ Ստացվել է դիմումի գրավոր և ՀՀ ԳԱԱ նախագահության գործելաոճին շատ հարազատ պատասխան, որի բովանդակությունը մոտավորապես հետևյալն է. ՀՀ ԳԱԱ նախագահությունը, քննարկելով դիմումը, հայտնում է, որ նպատակահարմար չի գտնում ցուցաբերել ֆինանսական աջակցություն, քանի որ առաջարկվող տեխնոլոգիան հետաքրքրություն չի ներկայացնում ԳԱԱ–ի համար։  Խիստ զարմանալի կլիներ, որ ՀՀ ԳԱԱ նախագահությանը հետաքրքրություն ներկայացներ ինչ որ մի տեխնոլոգիա, որի համար պահանջվում է գործուղման ծախս։

 

Այնուհետև, Սինգապուրում հաղթելուց հետո, PSI ընկերության տեխնոլոգիան մասնակցում է Լոնդոնում կայացած GSC-2008-ի եզրափակիչ մրցույթին և արժանանում բարձր գնահատականի և ձեռք բերում համաշխարհային համբավ։ Այս մասին տեղյակ է պահվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ինչի արդյունքում պրոֆ. Ս. Գևորգյանի լաբորատորիա են այցելում ՀՀ ՊՆ-ի երկու փորձագետներ՝ գնդապետ Դալալյանը (կամ Դալյանը) և ՀՀ ԳԱԱ ՌՖԷԻ–ի տնօրեն Հախումյան Արսենը։ Քննարկումներից հետո, ՀՀ ՊՆ-ի փորձագետները հետևյալ հայտարարությունն են արել՝ մենք ուզենանք՝ կֆինանսավորվի տեխնոլոգիայի զարգացումը, չուզենանք՝ չի ֆինանսավորվի, և սպասել են պրոֆ. Ս. Գևորգյանի արձագանքին, որը կոպիտ և մերժողական է եղել։ Ակնհայտ է չէ՞, թե ինչ ենթատեքստ է ունեցել ՊՆ այս երկու պաշտոնյաների ասածը։ Աստված գիտի, թե ի՞նչ են նրանք զեկուցել նախարարությունում, բայց արդյունքն այն է, որ նրանք, փաստորեն, «չեն ուզեցել», և այդ յուրահատուկ տեխնոլոգիան չի ստացել պետական ֆինանսական պատշաճ աջակցություն՝ զարգացման և ՀՀ պաշտպանական համակարգում ներդրման համար։

 

Մյուս դեպքի մասին, որն ազդեցություն է ունեցել այս տեխնոլոգիայի ներդրման վրա, վերջերս եմ տեղեկացել Aravot.am–ին ԳՊԿ–ի նախագահի հայտարարությունից և նրան հետևած PSI ընկերության ծրագրերի պատասխանատու Վ. Գևորգյանի մեկնաբանությունից։ Ասելու շատ քիչ բան ունեմ այս դեպքի մասին, քանի որ չեմ տիրապետում մանրամասներին։ Բայց և այնպես, համոզված եմ, որ համագործակցության չկայացման պատճառը նորից մեր իրականության մետաստազներն են՝ լավագույն դեպքում (այսինքն, առանց ատկատի) սովետական, այսինքն փակ համակարգի մտածելակերպն է, որից չեն կարող ձերբազատվել գործող ռեժիմի ներկայացուցիչները, իսկ վատագույն դեպքում՝ մեզանում արդեն կենցաղային սովորություն դարձած «փայ» մտնելու կամ «քցելու» երևույթները։

 

Այսինքն, հակված եմ ընդունել թե՛ Վարդան Գևորգյանի՝ «...պետք է համագործակցության մեխանիզմներ գտնել» և թե Կարեն Վարդանյանի հայտարարությունները, քանի որ երկուստեք ընդունելի և փոխշահավետ համագործակցության մեխանիզմների, որն ի դեպ շուկայական հարաբերություններ որդեգրած պետության պարտականությունն է, բացակայության մասին խոսել եմ դեռևս Տիգրան  Խզմալյանի «Հողի դողը» տեսանյութում։

 

Հիմա անդրադառնանք Ձեր կողմից նշված 2014թ. հեռարձակված մեկ այլ տեսանյութին։ Կարծում եմ խոսքը վերաբերում է 2014 թ. հոկտեմբերի 26–ին Հ1-ի լրագրող Արթուր Գրիգորյանի կողմից հանրությանը մատուցված «Հայկական ռազմարդյունաբերության թաքնված ներուժը» հաղորդմանը։ Ճի՞շտ եմ, արդյոք։

 

Այո, հենց այդ հաղորդումը նկատի ունեի։

 

Շատ հետաքրքիր հաղորդում է այն։ Հաղորդումն, ըստ էության, երկու մշակումների մասին է, որոնցից կանդրադառնամ միայն «հակառակորդի անձնակազմի ու տեխնիկայի վաղ հայտնաբերման համակարգին» վերաբերող տեղեկատվությանը, որն առնչություն ունի նախ քննարկվող սենսորների հետ և, երկրորդ, հարցեր է առաջացնում գիտության ոլորտում ընդունված բարոյական նորմերի կապակցությամբ։ Չեմ անդրադառնա նաև խիստ արհեստավարժ լրագրողական աշխատանքին՝ տեսանյութի մոնտաժին, որն անտեղյակների մոտ թյուրըմբռնում կառաջացնի, անկասկած։ Չեմ անդրադառնա նաև հաղորդման վերջում լրագրողի շուրթերով հնչեցված, կարելի է ասել, հռետորական բնույթ ունեցող բարոյախրատական մեկնաբանությանը՝ պարզից էլ պարզ է, գոնե ինձ համար, թե լրագրողն ու՞մ պատվերն է կատարել և հաղորդման այդ հատվածը ի՞նչ նպատակներ է հետապնդել։

 

Հաղորդման մեզ հետաքրքրող մասը վերաբերում է  ռադիոլոկացիոն տեղորոշման համակարգին, որը մշակվել է ՀՀ ԳԱԱ ՌՖԷԻ–ում տնօրեն Արսեն Հախումյանի ղեկավարությամբ և 2015թ. արժանացել է նաև ՀՀ նախագահի մրցանակի։ Այն  հանգամանքը, որ մշակումն իրականացվել է Արսեն Հախումյանի ղեկավարությամբ,  ով ժամանակին ՀՀ ՊՆ–ի փորձագետ է հանդիսացել PSI ընկերության սենսորների համար, երկու հարց է առաջացնում՝ հիմնական և ոչ հիմնական։

 

Եվ այսպես հիմական հարցս պարոն Հախումյանին՝ 2008թ. նոյեմբերին, երբ դուք  որպես ՀՀ ՊՆ փորձագետ պրոֆ. Գևորգյանի հետ քննարկել եք սենսորների հարցը, դուք ձեր թիմով սկսե՞լ էիք արդյոք ռադիոլոկացիոն մեթոդով հակառակորդի անձնակազմի ու տեխնիկայի վաղ հայտնաբերման համակարգի ստեղծումը։

 

Հիմա հնարավոր պատասխաններն ու դրանց մեկնաբանությունը։ Առաջին, «այո՛, սկսել էինք»։ Ընդունելով այս պատասխանը, նույնիսկ առանց ապացույցների, ասեմ. այդ դեպքում դուք չունեիք բարոյական իրավունք ընդգրկվել մրցակից տեխնոլոգիայի փորձագետների խմբում։ Դա տարրական բարոյական նորմ է գիտական փորձաքննության ոլորտում։

 

Հնարավոր պատասխան երկրորդ՝ «ո՛չ, չէինք սկսել»։ Այդ դեպքում չե՞ք կարծում, որ դուք զբաղվել եք, պարզ ասած, գրագողությամբ, օգտվելով ձեր ունեցած ՀՀ ՊՆ–ի փորձագետի կարգավիճակից, որի ընձեռած հնարավորությամբ և տապալել եք ժամանակին սենսորների ներդրումը մեր պաշտպանական համակարգում, որի առկայությունը վերջին դեպքերի ժամանակ գոնե կնվազեցներ զոհերի թվաքանակը։

 

Եվ, վերջապես, տվյալ պահին ոչ այնքան կարևոր հարցերս՝ բացի ՀՀ նախագահի մրցանակից, ՀՀ ՊՆ–ն կամ այլ պետական կառույցներ ցուցաբերե՞լ են արդյոք ֆինանսական աջակցություն ձեր կողմից մշակված «Ռադիոլոկացիոն տեղորոշման համակարգի» մշակման համար և, եթե այո, ապա ովքե՞ր են եղել ձեր թիմի վարձատրվող խորհրդականները։

 

Հակված եմ կարծել, որ կստանամ հարցերիս պատասխանները, և այդ պատճառով կխնդրեի նաև տեղեկացվեր, գոնե որակական մակարդակով, թե «Ռադիոլոկացիոն տեղորոշման համակարգը» տեղադրվա՞ծ է արդյոք մեր սահմաններին և քանի կիլոմետր՝ առանց նշելու դրանց տեղաբաշխման աշխարհագրությունը՝  ռազմական գաղտնիք չբացահայտելու նպատակով։ 

lragir.am

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play