«Հորիզոն-2020». Հայաստանն անդամակցում է եվրոպական գիտական ցանցին


«Հորիզոն-2020». Հայաստանն անդամակցում է եվրոպական գիտական ցանցին

  • 19-05-2016 19:45:15   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը գտնվում են Բելգիայի Թագավորությունում, որտեղ ստորագրվել է "Հայաստանի Հանրապետության կառավարության  և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ" համաձայնագիրը:
 
Պաշտոնական փաստաթուղթը, որով Հայաստանը միանում է ԵՄ հետազոտության և նորարարության ֆինանսավորման "Հորիզոն 2020" ծրագրին, ստորագրել են  Հետազոտության, գիտության և նորարարության եվրոպական հանձնակատար Կարլոս Մոեդասը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Իր ելույթում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է՝ որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ստորագրել այս կարևոր համաձայնագիրը: "Հայաստանի մասնակցությունը "Հորիզոն 2020"-ին՝ ԵՄ-ի Հետազոտության և Նորարարության շրջանակային ծրագրին, անկասկած նոր հեռանկարներ կբացի Հայաստանում ակադեմիական մտքի զարգացման համար՝ վերահաստատելով հայերի՝ եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս լինելը: Մեծ աշխատանք է ընկած համաձայնագրի նախապատրաստման հիմքում` Բոլոնիայի գործընթաց, բարձրագույն կրթական հաստատությունների հավատագրման գործընթաց, Տեմպուս, Էրազմուս+, ԵՄ 7-րդ շրջանակային ծրագիր և, վերջապես, "Հորիզոն 2020": Հայաստանը հայտնի է իր գիտական ներուժով դեռևս Խորհրդային շրջանից: ԽՍՀՄ փլուզումից հետո, անկախ Հայաստանը, չնայած ֆինանսական դժվարություններին, կարողացավ պահպանել կրթական և գիտական հաստատությունները և հասարակության շրջանում հետաքրքրությունը գիտության նկատմամբ",-նշել է նախարարը` վստահություն հայտնելով, որ համաձայնագրի արդյունքները մեր երկրին կընձեռեն մի շարք հնարավորություններ, մասնավորապես` միջազգային չափանիշներին համապատասխան գիտական հետազոտությունների իրականացում՝ ներգրավելով բարձր որակավորում ունեցող հետազոտողների, գիտահետազոտական ենթակառուցվածքների զարգացման խթանում, հետազոտության և նորարարության ոլորտում ներդրումների մակարդակի բարձրացում, ինչպես նաև հայկական հետազոտական հաստատություններին, համալսարաններին և անհատ հետազոտողներին "Հորիզոն 2020"-ի ընձեռած հնարավորություններից օգտվելու կարողություն: Իր ելույթի ավարտին Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի բոլոր գործընկերներին՝ աջակցության և համագործակցության համար, ինչպես նաև շնորհավորել բոլորին` ծրագրի աշխարհագրությունը ընդլայնելու, ջերմ ընդունելության և Հայաստանին՝ Եվրոպական լուսավոր գաղափարներով և դեմոկրատական արժեքներով հարուստ գիտական ցանցին միանալուն հրավերքի համար: 
Եվրոպական հանձնակատար Կարլոս Մոեդասը շեշտելով, որ  ԵՄ հետազոտության, գիտության և նորարարության ոլորտը բաց  է բոլոր երկրների հետ համագործակցության համար, ընդգծել է, որ Հայաստանը 16-րդ երկիրն է, որը  միանում է նորարարության ֆինանսավորման աշխարհի խոշորագույն  ծրագրին՝ "Հորիզոն 2020" -ին: Եվրոպական հանձնակատարի խոսքով՝ այս գործընթացն առաջ կբերի նոր և յուրահատուկ փորձագիտական գաղափարներ և կհարստացնի միջազգային հետազոտական համագործակցության շրջանակը:
Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը նշել է,  որ Հայաստանի միացումը  "Հորիզոն 2020" ծրագրին Հայաստանի Հանրապետության  հետ հարաբերություններն ընդլայնելու ԵՄ հանձնառության կոնկրետ օրինակ է: Ծրագրի  միջոցով Հայաստանի հետազոտական հիմնարկները և մասնավոր ոլորտը կունենան հազվագյուտ հնարավորություն՝ ֆինանսավորում ստանալու առաջնակարգ հետազոտությունների և  գիտության զարգացման համար: 
Նշենք, որ "Հորիզոն-2020" ծրագրին Հայաստանի մասնակցությունը հնարավորություն է տալիս հանրապետության գիտական կազմակերպություններին, բուհերին, ինչպես նաև անհատ գիտնականներին ու ասպիրատներին՝ մասնակցել գիտության և տեխնիկայի զարգացման արդի մակարդակին համապատասխանող առաջնակարգ և կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, խոշորամասշտաբ միջազգային գիտական համագործակցությունների աշխատանքներին, օգտվել եվրոպական գիտական կազմակերպությունների և համալսարանների ենթակառուցվածքներից, բարձրացնել տեխնոլոգիական ու նորարարական ունակությունները, գիտական հետազոտությունների մակարդակն ու արդյունավետությունը, ընդգրկվել գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման ու վերապատրաստման եվրոպական ծրագրերում, ավելացնել հանրապետության գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի արտաբյուջետային ֆինանսավորման ծավալները և այլն: 
"Հորիզոն-2020" ծրագրին ասոցացված անդամակցության համար Հայաստանը յուրաքանչյուր տարի պետք է կատարի ֆինանսական ներդրում: Բանակցությունների արդյունքում հաջողվել է ձեռք  բերել պայմանավորվածություն, ըստ որի Հայաստանի ֆինանսական ներդրումը լինելու է 87.5 % զեղչի պայմաններում: 
 "Հորիզոն-2020" ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները սկսվել են դեռևս 2013թ. հուլիսին: 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play