«Յուքոմ»-ը ՀԱՊՀ 3-4-րդ կուրսի ուսանողներին կներգրավի անձնակազմ որպես պրակտիկանտ, ապա նաև աշխատակից


«Յուքոմ»-ը ՀԱՊՀ 3-4-րդ կուրսի ուսանողներին կներգրավի անձնակազմ որպես պրակտիկանտ, ապա նաև աշխատակից

  • 25-05-2016 17:43:02   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Յուքոմ» ընկերությունը նախատեսում է սեփական աշխատակիցների շարքեր ներգրավել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ)  3-րդ և 4-րդ կուրսի ուսանողներին  որպես պրակտիկանտ, ապա նաև աշխատակից: Այս կապակցությամբ «Յուքոմի» և ՀԱՊՀ-ի միջև շուտով կստորագրվի համագործակցության հուշագիր: 
 
Ինչպես մայիսի 25-ին ՀԱՊՀ-ում ուսանողների և ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, բացի այդ համալսարանի սենյակներից մեկն ընկերության ֆինանսավորմամբ ամբողջությամբ վերազինվելու է նորագույն սարքավորումներով և անվանակոչվելու է «Յուքոմ» լաբորատորիա, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան տեսական գիտելիքները վերածել պրակտիկ աշխատանքի: 
Անդրադառնալով հեռահաղորդակցական տեխնոլոգիաների արդի վիճակին և զարգացման միտումներին Հայաստանում` Հ. Եսայանը նշեց. «Հայաստանում ինտերնետ ծառայությունների մատուցման որակը բավականին արագ տեմպերով լավացավ, այսինքն օպտիկամանրաթելային ցանցը ներդրվեց 2007 թվականից, զարգացավ 3G ցանցը, սակայն հայկական շուկայում լուրջ խառնաշփոթ կա, քանի որ հայերի մեծ մասը մոբայլ ծառայություններն օգատգործում է որպես ֆիքսված ծառայություն, ինչն անթույլատրելի է»:
Հ. Եսայանի խոսքերով` ամբողջ աշխարհում ցանկացած հեռահաղորդակցության ոլորտի ընկերություն իր ապագան տեսնում է համատեղ ծառայությունների մատուցման մեջ, այսինքն` մոբայլ և ֆիքս ծառայությունները պետք է գործեն համատեղ, հակառակ դեպքում դրանք կդադարեն գոյություն ունենալուց: 
«Յուքոմ» ընկերության տնօրենը բերում է «Օրանժ Արմենիայի» օրինակը, որը 3G ցանցն օգտագործեց  մոբայլ ծառայություններ մատուցելու համար և փորձեց մրցել ֆիքսված ծառայությունների հետ, արդյունքում` ունեցավ ֆինանսական դժվարություններ և բաժնետոմսերը վաճառեց «Յուքոմ»-ին:
Հ. Եսայանը նկատեց, որ այսօր միջազգային պահանջարկները փոխվում են և միայն կապի ծառայություններ վաճառող ընկերությունները դուրս են մնում համաշխարհային շուկայից, հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի ընկերություններն առաջարկեն նորարար լուծումներ:
«Երիտասարդները պետք է իմանան, որ առաջատար տեխնոլոգիաներն են մշտապես շարժում երկրի տնտեսությունը. Այսինքն` Հայաստանում կապի ոլորտում ներկայումս կիրառվող տեխնոլոգիաներն առաջատար են և այն ներդրումները, որոնք արել է մեր ընկերությունը,  կարևոր թրենդ է. Այս առումով մենք կադրերի խնդիր ունենք, ուստի պատրաստ ենք երիտասարդների կողքին լինել, աջակցել նրանց այս ոլորտում ներգրավելու համար»,- ընդգծեց Հ. Եսայանը: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play