Ազգային ժողովը կքննարկի կես տարի առաջ տապալված օրենքի նախագիծը` մասնակի փոփոխություններով


Ազգային ժողովը կքննարկի կես տարի առաջ տապալված օրենքի նախագիծը` մասնակի փոփոխություններով

  • 20-06-2011 20:35:56   | Հայաստան  |  Հասարակություն
Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 21-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի նախագիծը եւ դրանից բխող մի շարք գործող օրենքներում լրացումների եւ փոփոխությունների փաթեթը: Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկում է վերանայել աղբահանության վճարների հաշվարկման կարգը եւ դրույքաչափերը: Հիշեցնենք, որ ԱԺ-ի 2010թ.-ի դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ նույնանուն փաթեթի քվեարկությունը տապալվեց: Կառավարության օրենսդրական այս վիճահարույց նախաձեռնության հիմնական ընդդիմախոսները` ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները, քվեարկությունը բոյկոտեցին: Արդյունքում, քվեարկությանը չմասնակցեցին անհրաժեշտ թվով` առնվազն 66 պատգամավորներ, ուստի քվեարկությունը համարվեց չկայացած: ՀՀԿ խմբակցությունը` պատճառաբանելով քվեարկության ժամանակ տեխնիկական վրիպակի առկայությունը, առաջարկեց քվեարկությունը կրկնել, սակայն վերաքվեարկության արդյունքում պատկերը չփոխվեց: Այս անգամ ներկայացվելիք օրենսդրական փաթեթը մասնակի փոփոխություններ է կրել: Մասնավորապես, առաջարկվում է աղբահանության վճարը կենցաղային աղբի համար սահմանել ըստ հասցեի հաշվառում ունեցող յուրաքանչյուր բնակչի համար՝ առավելագույնը ամսական 400 դրամ (շուրջ 1.07 ԱՄՆ դոլար), կամ ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար առավելագույնը 25 դրամ: Դեկտեմբերին տապալված նախագծով նախատեսված էր համապատասխանաբար 500 դրամ եւ 50 դրամ: Ոչ կենցաղային աղբի համար առաջարկվում են հետեւյալ մոտեցումները. ըստ ծավալի հաշվարկման դեպքում մեկ խորանարդ մետր աղբի համար սահմանել առավելագույնը 1 700 դրամ, կամ ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ առավելագույնը 5 000 դրամ, կամ ըստ ոչ բնակելի շինության զբաղեցրած մակերեսի՝ 1 քմ մակերեսի հաշվով առավելագույնը 250 դրամ: Խոշոր եզրաչափի աղբի համար ըստ դրա տեղափոխման համար նախատեսված հատուկ կոնտեյներների քանակի՝ յուրաքանչյուր կոնտեյների համար նախատեսվում է սահմանել առավելագույնը 10 000 դրամ: Նախատեսվում է, որ աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները եւ աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվելու են տվյալ համայնքի ավագանու կողմից` օրենքով ամրագրված դրույքաչափերի սահմաններում: Աղբի տարբեր տեսակների համար կարող են սահմանվել տարբեր դրույքաչափեր: Ընդ որում, նախագծի համաձայն, տարբեր դրուքաչափեր սահմանելիս կարող են հաշվի առնվել նաեւ անշարժ գույքի չափերը, նպատակային կամ գործառնական նշանակությունը, հարկայնությունը, հեռավորությունը աղբավայրից, աղբահանության վճար վճարողների եւ նրանց գործունեության առանձնահատկությունները: Նշենք, որ ներկայումս աղբահանության վճարը գանձվում է ըստ հասցեի հաշվառում ունեցող յուրաքանչյուր բնակչի` առավելագույնը ամսական 200 դրամի չափով: Դեռեւս անցած տարվա դեկտեմբերին կառավարության ներկայացուցիչը խորհրդարանում հայտարարել էր, որ «որակյալ աղբահանություն իրականացնելու դեպքում» աղբահանության վճարը մեկ շնչի հաշվարկով կկազմի 485 դրամ:
Նոյյան տապան  -   Հասարակություն