Չեխիայի Հանրապետության նախագահն այցելել է Ազգային ժողով


Չեխիայի Հանրապետության նախագահն այցելել է Ազգային ժողով

  • 08-06-2016 18:21:57   | Հայաստան  |  Քաղաքական

Հունիսի 8-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Պատվիրակության անդամների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Աժ խմբակցությունների ներկայացուցիչներ:
 
Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանն առանձնակի կարեւորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը, քանի որ Չեխիան Եվրոպայում մեր առանցքային գործընկերներից է:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ վերջին տարիներին դրական դինամիկա է նկատվում հայ-չեխական հարաբերություններում, եւ այս այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը մեծ կարեւորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը եւ այս համատեքտում կարեւորել է հայ-չեխական խորհրդարանական ակտիվ համագործակցությունը եւ փոխայցելությունները, ինչպես նաեւ խորհրդարանական բարեկամության խմբերի աշխատանքը:
Գալուստ Սահակյանը նշել է, որ ծանոթ է չեխական «Պառլամենտի լիստի» պարբերականին տված Միլոշ Զեմանի հարցազրույցին, որտեղ նա նշել է, որ ցանկանում է կոչ անել Չեխիայի կառավարությանն ու խորհրդարանին? պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
«Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի եւ դատապարտվի, ինչը կարեւոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության համար՝ առաջին հերթին թույլ չտալու նմանատիպ ոճրագործությունների կրկնությունը: Մեզ համար չափազանց կարեւոր է պաշտոնական Չեխիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, եւ մենք շնորհակալ եւ երախտապարտ ենք Ձեր նախաձեռնության համար»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմն ակնկալում է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ:
Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ փաստել է, որ չեխ-հայկական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Անդրադառնալով Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ Միլոշ Զեմանը հետաքրքրվել է, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում անցնել խորհրդարանական կառավարման եւ հույս է հայտնել, որ այդ փոփոխությունները Հայաստանին հաջողություն կբերեն: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը հյուրին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության համապատասխանեցման գործընթացները, այդ թվում՝ Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է նաեւ, որ անելիքները դեռեւս շատ են, մասնավորապես պետք է ընդունվեն մի քանի հարյուրի հասնող օրենքներ:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հանդիպման ավարատին Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի գրքում: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play