Վրաստանը դառնում է Թուրքիայի պատանդը


Վրաստանը դառնում է Թուրքիայի պատանդը

  • 10-06-2016 12:48:28   | Վրաստան  |  Վերլուծություն

Թուրքիան ու Ադրբեջանն ակտիվորեն փորձում են Վրաստանին ներքաշել տարածաշրջանային նոր զարգացումների մեջ՝ գործադրելով շանտաժի բոլոր ձևերը: Թբիլիսիի նկատմամբ իրականացվում է թուրք-ադրբեջանական ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական էսպանսիա, որը կարող է լրջորեն սպառնալ Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ստիպել վրացական վերնախավին հետևել Անկարայի և Բաքվի կողմից ընտրած ուղեծրով: (Մասն Ա)
 
Տնտեսական գործոն
Վերջին տասը տարիների ընթացքում Թուրքիան փորձում է ներքաշել Վրաստանին նաև տնտեսական բազմաբնույթ դաշինքների մեջ: Ավարտին է հասցվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ռազմավարական նշանակություն ունեցող խողովակաշարը, դրան զուգահեռ Վրաստանի տարածքով Թուրքիան և Ադրբեջանը կկապվեն երկաթգծով:
Վրաստանի՝ տարանցիկ երկիր դառնալու հեռանկարները, թերևս նվազեցվում են հենց թուրքական ազդեցությամբ, քանի որ դառնում են այլընտրանք Ռուսաստան-Հայաստան- Իրան տարանցիկ ծրագրերի:
Օգտագործելով ռազմաքաղաքական գործոնը՝ Անկարան համոզում է Թբիլիսիին սառնասրտորեն մոտենալ Մոսկվայից առաջարկվող բոլոր նախաձեռնություններին, իսկ Ղարաբաղյան պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում՝ նույնիսկ կասեցնել տնտեսական կապը Հայաստանի հետ: Թբիլիսիում որոշ շրջանակներ գտնում են, որ Հայաստանի տնտեսական շրջափակումը կբերի երկրում իրավիճակի սրացում, նույնիսկ՝ ներքաղաքական ճգնաժամ, հասարակության ավելի լայն շերտեր կպահանջեն նաև ռուսական բազայի հեռացումը, ինչը կվերացնի լուրջ վտանգը հարավից: Սակայն թուրք-ադրբեջանական տնտեսական ծավալապաշտությունը միտված չէ զուտ Վրաստանը տնտեսական դաշինքների մեջ պահելու ուղղությամբ:
Ներկայումս Թուրքիան Վրաստանի առաջատար տնտեսական գործընկերն է, ընդ որում Թուրքիայից Վրաստան ապրանքների ներկրումը 4 անգամ գերազանցում է հակառակ ուղղությանը: 2000 թվականից թուրքական ներդրումները կազմել են ավելի քան 1,4 միլիարդ դոլար, որը կազմում է բոլոր ներդրումների գրեթե 20 տոկոսը: Սակայն թե´ թուրք, և թե´ ադրբեջանցի գործարարներն վերջին 5 տարիների ընթացքում մեծ ներդրում են իրականացնում հիմնականում Աջարիայում՝ իրենց վերահսկողության տակ վերցնելով այդ երկրամասի արդունաբերական և զբոսաշրջության կարևոր ոլորտները: Թուրքական գործարարները գնել են նաև լավագույն լողափների զգալի մասը: Միայն թուրքական ներդրումները կազմում են ընդհանուր թվի 75 տոկոսը: Մեծացել է նաև Բաթումի նավահանգստում թուրքական տնտեսական մասնաբաժինը: Ընդ որում՝ թուրք աշխատողները ստանում են այստեղ եռակի անգամ ավել վարձատրություն քան տեղացիները:
Կրոնա-մշակութային գործոն
Վրաստանի քաղաքացիություն՝ երկքաղաքացիության սկբունքով, 2011 թվականից ստացել է ավելի քան 30 հազար թուրք: Մեծացել է նաև մահմեդական բնակչության թիվը ոչ միայն Աջարիայում, այլև Վրաստանի մյուս շրջաններում, ընդ որում՝ սուննի մահմեդականների:
Հետաքրքրական է, որ Վրաստանում ընթանում, է նաև շիա ադրբեջանցիների սուննիացում՝ ոչ առանց Թուրքիայի մասնակցության: Աջարիայում այսօր խոսվում է միանգամից 4 մզկիթ կառուցելու մասին: Թուրքիան կատարել է 125 միլիոն դոլարի ներդրում, միայն մահմեդականներով բնակեցվող մի քաղաք հիմնելու նպատակով: Վրաստանի տարբեր շրջաններում բացվում են թուրքերենի անվճար ուսուցմամբ կենտրոններ: Աջարիայում ներկայումս բնակվում է 150 հազար վրացի մահմեդական։ Նրանց մեջ նկատելի են դառնում կրոնական ծայրահեղացման միտումները, որոնք հիմնականում սերմացվում են Թուրքիայից եկող կրոնական գործիչների կողմից: Մարդու իրավունքների պաշտպան կառույցների, կրոնական, հասարակական տարբեր կազմակերպությունների ձևով այստեղ գալիս են կառույցներ, որոնք միտված են ոչ միայն վերափոխել վրացական իսլամը, այլ նաև՝ ներկայացնում են այնպիսի ահաբեկչական կառույցներ, ինչպիսին է «Իսլամական պետությունը» :
Վերջին տարվա ընթացքում մեծացել է Վրաստանից Սիրիա՝ մեկնած մահմեդական վրացիների թիվը: ԻՊ-ի պարտությունից հետո վերադառնալով հայրենիք, չի բացառվում, որ նրանց կօգտագործեն կրոնական և ազգային փոքրամասությունների դեմ, մասնավորապես՝ հենց հայերի: Այդ վիճակում անհասկանալի է դառնում Վրաց Ուղղափառ եկեղեցու մոտեցումը: Թեև Իլիա պատրիարքը բազմիցս բողոք է ներկայացրել Վրաստանի իշխանություններին՝ նոր մզկիթ կառուցելու թույլտվություն տալու վերաբերյալ, սակայն իր գործելաոճով վրացական հոգևորականությունը միտված է ավելի շատ հակահայկական, քան թե սեփական հավատքի պահպանությանը: Թեև հասկանալի է, թե ինչու. 2 տարի առաջ Թուրքիայի իշխանությունները չբացառեցին Տրապիզնոնում և մյուս շրջաններում ուղղափառ եկեղեցիների տրամադրումը Վրաց եկեղեցու տնօրինման տակ:
Փաստորեն՝ Թուրքիան աշխատում է տարբեր միջոցներով ոչ միայն ներազդել Վրաստանի ռազմաքաղաքական տեսլականին, այլ նաև փորձում է պատանդ վերցնել այն ամբողջությամբ: Օգտագործելով տարբեր գործոնները՝  Անկարային արդեն իսկ հաջողվում է ներքաշել որոշակի, թեև դեռ անհասկանալի դաշինքների մեջ, սակայն նման գործելաոճի շարունակելիության դեպքում Վրաստանը նույնպես կարող է դառնալ լուրջ գլխացավանք Հայաստանի համար: 
 
Բագրատ Մավսեսյան
http://armenian-community.ge/News/1944
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play