Հետաքրքիր ձևաչափ` ուսուցիչ-աշակերտ համագործակցության


Հետաքրքիր ձևաչափ` ուսուցիչ-աշակերտ համագործակցության

  • 13-06-2016 15:19:41   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր, որտեղ տրվել էր ամենամյա բաց "Բանգլադեշյան պլեներ 2016"-ի, լրացուցիչ ամառային ճամբարների, պատանեկան ամառային աշխատանքի, մանկավարժության ճամբարների մեկնարկը:
 
Ամառային ճամբարին մասնակցում են պատանիներ` ՀՀ մարզերից, Արցախից և Վրաստանից: Լևոն Մկրտչյանը շրջել է կրթահամալիրում, ծանոթացել նյութատեխնիկական բազային, իրականացվող ամառային ծրագրերին: Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ վերջին անգամ կրթահամալիրում եղել է 7-8 տարի առաջ, և փոփոխությունները բավականին զգալի են: "Նախևառաջ` ամառային ճամբարի գաղափարն ամբողջությամբ իրականացված է: Մենք պետք է կրթական ծրագրերում ավելի մեծ ուշադրություն դարձնենք գործնական աշխատանքներին: Արտադպրոցական կրթությունը շատ կարևոր է երեխայի ձևավորման հարցում: Առհասարակ, կրթությունը հենված է  երկու բազային արժեքների վրա՝ ազատություն և պատասխանատվություն, և  ինչքանով սահուն է այդ անցումը, այնքան մեծ է հանրակրթական դպրոցի առաքելությունը: "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրն այն դպրոցներից է, որտեղ այդ անցումը սահուն է. շատ հաճախ ջնջված է տարիքային անջրպետը, և գործում է ուսուցիչ-աշակերտ հետաքրքիր ձևաչափ: Եթե մենք կարողանանք լրացուցիչ կրթության գաղափարը կյանքի կոչել, մեծ արդյունք կստանանք: Օրինակ, եթե յուրաքանչյուր առարկայի չափորոշիչում սահմանվի, որ գործնական հատվածը պարտադիր լինի, իսկապես փոփոխության կբերի: Գուցե լրացուցիչ կրթությունը մտցվի ուսուցիչների ծանրաբեռնվածության մեջ, այնուհետ փորձենք արագացնել ավագ դպրոցին անհրաժեշտ անհետաձգելի բարեփոխումները, և առհասարակ վերանայենք հանրակրթության բոլոր չափորոշիչները",-նշել է նախարարը` ընդգծելով, որ շատ հարցերում "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրը բավականին լավ վիճակում է և ունի բյուջետային հատուկ ֆինանսավորում: "Երեխան պետք է կարողանա հասկանալ, թե դպրոցում ձեռքբերած գիտելիքներն ինքն ինչպես պետք է օգտագործի: Դա շատ կարևոր է: Այս դպրոցում մանկավարժները կարողանում են բազմակողմանի հետաքրքրություններ առաջացնել աշակերտների մոտ",- հավելել է նախարարը: 
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն անդրադարձել է հաստատության կազմակերպած ամառային ծրագրերին` շեշտելով, որ դրանք լավ հնարավորություն են թե՛ երեխաների, թե՛ մանկավարժների համար: "Չի կարելի երեք ամիս արձակուրդի անունը դնել` մենք "պրծանք" դպրոցից: Ամռանն իրական հնարավորություններ են ստեղծվում",- ասել է նա` հավելելով, որ շուտով կրթօջախը կունենա ուսումնական ձիարշավարան և նոր լողավազան:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play