«Յանդեքս տաքսին» նախ ոլորտը կմոնոպոլիզացնի, իսկ հետո կրկնակի կթանկացնի ծառայության գինը. տաքսիստներ (տեսանյութ)


«Յանդեքս տաքսին» նախ ոլորտը կմոնոպոլիզացնի, իսկ հետո կրկնակի կթանկացնի ծառայության գինը. տաքսիստներ (տեսանյութ)

  • 21-06-2016 14:58:00   | Հայաստան  |  Կազմակերպություններ



Տեղական տաքսի ծառայություն մատուցող բոլոր ընկերությունները հետ կհանձնեն լիցենզիաները և կդիմեն դատարան` ՀՀ Կառավարությունից պահաջելով գործունեության տարիների ընթացքում կրած վնասների փոխհատուցում, եթե «Յանդեքս տաքսի» ծառայությունը մուտք գործի հայկական շուկա: Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին ոլորտի որոշ ներկայացուցիչներ` «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, «Անհատ վարորդների պաշտպանության» ՀԿ նախագահ Մխիթար Օհանյանը և «Հայաստանում ուղևորափոխադրումների կազմակերպում» ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանը:
 
Նշենք, որ վերջիններիս դժգոհությունները պայմանավորված է հուլիսի 1-ից Երևանում օնլայն գործունեություն ծավալել պատրաստվող նոր «Յանդեքս տաքսի»-ի կողմից 2 կիլոմետրի դիմաց 100 դրամով աշխատելու սկզբունքով:  
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի համոզմամբ` այս նոր տաքսի ծառայության մուտքը հայկական շուկա հանգեցնելու է ոլորտի մոնոպոլիզացման, ինչի արդյունքում դաշտից դուրս կմղվեն ինչպես անհատ տաքսու և տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների վարորդները, այնպես էլ մյուս օնլայն տաքսի ծառայություն մատուցողները:
Տ. Հովհաննսիյանը մտավախություն ունի, որ տաքսու ոլորտն ամբողջությամբ գրավելուց հետո, «Յանդեքս տաքսին» կդադարի էժան ծառայություն մատուցել, ավելին` կրկնակի անգամ կթանկացնի մատուցվող ծառայության գինը: 
«Այս խնդիրը քննարկվել է տարիներ շարունակ, երբ ոլորտում հայտնվեց GG տաքսի ծառայությունը: Մենք այդ հարցը բարձրացրել ենք տրանսպորտի նախարարությունում` բացատրելով, որ ըստ օրենքի` մեզանից պահանջում եք լիցենզավորել, կատարել տարեկան վճարումները և ամեն վարարոդի գրանցելով հարկային դաշտում գանձել 25-30 հազար դրամ այն դեպքում, երբ օնլայն տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների վարորդները չունեն լիցենզավորում, հետևաբար ցանկացած քաղաքացի կարող է իրեն հարմար ժամին  օնլայն տաքսի ծառայություն մատուցել: Մենք ուզում ենք հասկանանք, թե տարբերությունը որն է, որ մենք լիցենզավորվենք, կատարենք պետական վճարումները, իսկ նույն ծառայություն մատուցող օնլայն տաքսիստները ոչ»,- հարցնում է Տ. Հովհաննիսյանը` ընդգծելով, որ ռուսական «Յանդեքս տաքսի» ծառայության մուտքը Հայաստան հետապնդում է GG տաքսիին մրցակցությունից հանելու նպատակ:  
Նրա խոսքերով` այս նպատակին հասնելու համար «Յանդեքս»-ի ներկայացուցիչներն առաջարկել են անհատ տաքսիստներին օրական 20 հազար դրամի դիմաց մեքնենաների վրա կրել «Յանդեքս»-ի գովազդը` այդ կերպ գովազդելով նոր տաքսի ծառայությունը: 
«Հայաստանում ուղեւորափոխադրումների կազմակերպում» ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանի խոսքերով` «Յանդեքս»-ի շուկա մուտք գործելուց հետո գործազուրկ կդառնան 55 հազարից ավելի տաքսիստներ, ինչն անթույլատրելի է, քանի որ այդ վարորդները երկար տարիներ իրենց օրվա հացն աշխատելու համար ստիպված են եղել կատարել ամեն տարի փոփոխվող լիցենզավորման պահանջները, տարեկան և ամսական վճարները` ընկնելով վարկերի տակ:
«Երկու տաքսու վարորդ վարկերի պատճառով ինքնասպան են եղել, միթե սա բավարար չէ»,- ասաց նա` հավելելով, որ «Յանդեքս»-ի նման գործելաոճի տակ կոռուպցիա է թաքնված: 
Տաքսիստները պատրաստվում են Հռոմի պապի Հայաստանից հեռանալուց հետո հավաքվել Հանրապետության հրապարակում և հետ վերադարձնել լիցենզիաները:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»  
 
  
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play