Ալիեւի ձեռքից «խլել են» ռազմական շանտաժը. Մեկնաբան


Ալիեւի ձեռքից «խլել են» ռազմական շանտաժը. Մեկնաբան

  • 24-06-2016 18:11:45   | Հայաստան  |  Վերլուծություն
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, ըստ որի Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան խնդրի փուլային լուծման մասին:
 
«Կա հստակ հայտարարություն, այն հնչեցվել է, այն պաշտոնական փաստաթուղթ է և հարկ է ելնել դրանից, այլ ոչ թե կամայական ընթերցումներից կամ էլ որևէ մեկի կողմից աղավաղված մեկնաբանություններից», Մամեդովի հայտարարությունը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Ապրիլյան ռազմական գործողություններից հետո Ղարաբաղի խնդրում տեղի են ունենում ուշագրավ քաղաքական իրադարձություններ: Վիեննայում նախագահների հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայման մասին: Դա ոչ այլ ինչ է, քան ստատուս քվոյի որոշակի ճանաչում եւ հրադադարի ամրապնդում:
Ադրբեջանը փորձ արեց «դուրս գալ» այդ պայմանավորվածությունից, հայցելով Ռուսաստանի աջակցությունը: Վիեննայից հետո Մոսկվան կազմակերպեց եռակողմ «վեհաժողով», որի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում Վիեննայի պայմանավորվածությունների մասին ոչ մի խոսք չկար:
Սակայն Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները հանդես եկան հայտարարություններով, «հույս հայտնելով», որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը լինելու է Վիեննայի շարունակությունը: Հայաստանը նույնպես պնդեց դրանց քննարկման անհրաժեշտությունը:
Ի վերջո, Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքների վերաբերյալ հաղորդագրության մեջ հայտնվեց շփման գծում ԵԱՀԿ մանդատի ընդլայնման համաձայնության վերաբերյալ տեղեկությունը, սակայն խոսք չկար սարքավորումների տեղակայման մասին:
Այնուհետեւ ակտիվացավ Ֆրանսիան: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ հաջորդ հանդիպումը կազմակերպելու է ֆրանսիական կողմը, իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Շարպանտիեն հայտարարություն արեց այն մասին, որ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրումը ընթացքի մեջ է, եւ եթե Սանկտ-Պետերբուրգի ամփոփիչ հայտարարության տեքստում չի խոսվել դրա մասին, դա դեռ չի նշանակում, որ աշխատանքը չի ընթանում:
Շատերն այս իրավիճակը բնութագրեցին որպես Մինսկի խմբի արեւմտյան անդամների ու Ռուսաստանի հակասությունների արտահայտություն եւ զուգահեռ գործընթաց տանելու Մոսկվայի ցանկությունը, շատերն այն կարծիքին են, որ իրականում գործընթացը համաձայնեցված է: Համենայնդեպս, հետաքննության մեխանիզմների ներդրումը որպես բանակցային գործընթացի նախապայման կտրուկ փոխում է կարգավորման գործընթացի տրամաբանությունն ու զարգացումը:
Այս ֆոնին, հնչեց Մամեդովի հայտարարությունը, որն ակնհայտ սադրանք էր եւ ինչ որ տեղ հուսահատության ճիչ: Փաստացի, այս իրադարձությունների գլխավոր արդյունքը կարծես թե այն է, որ կա «վերջնական համաձայնություն» միայն մի հարցում՝ ռազմական գործողությունների բացառում եւ խաղաղ գործընթաց: Բաքուն փաստացի հայտարարել է խաղաղ գործընթացի իր պայմանը՝ տարածքների հանձնում, վերջում՝ կարգավիճակի հարց: Այսինքն՝ կարգավորման փուլային տարբերակը:
Ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարը խոսել էր փաթեթային տարբերակի մասին՝ նախ Ղարաբաղի կարգավիճակ, այնուհետեւ մյուս հարցերը:
Հետաքննության մեխանիզմների ներդրումը փաստացի կարգավիճակի «ճանաչման» ակտ է: Այս հարցը կարծես թե հասունացվում է ԵԱՀԿ ասպարեզում, եւ պատահական չէ, որ ռուսական պետական ՌԻԱ-Նովոստի գործակալությունը երեկ տեղեկություն էր տարածել այն մասին, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերը պատրաստվում է այցելել Ղարաբաղ:
Եղած տեղեկատվությունը եւ զարգացումները տեղիք են տալիս ենթադրելու, որ Ալիեւի ձեռքից «խլել են» միակ լծակը՝ ռազմական շանտաժը: Ընդ որում, թե արեւմտյան համանախագահները, թե Ռուսաստանը, որի ԱԳՆ-ն երեկ բավական կոշտ արձագանքեց Մամեդովի հայտարարությանը:
Ադրբեջանը հայտնվել է բավական բարդ իրավիճակում, եւ դա ապրիլյան գործողությունների հետեւանքն է: Թեեւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը «սեպարատ հաստատեցին» ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքը, Սերժ Սարգսյանն էլ քաղաքացիական հագուստով այցելեց հարավային ճակատի նոր սահմանագիծը, սակայն դրանից Ադրբեջանի վիճակը չփոխվեց:
Ի դեպ, այս տեսակետից Երեւանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը կարելի է գնահատել որպես սենսացիոն՝ «սարքավորումների տեղադրումը թույլ կտա լույս սփռել ապրիլին կատարվածի վրա»: Իսկ դա կարող է ձեռնտու չլինել ոչ միայն Ռուսաստանին ու Ադրբեջանին, այլեւ Հայաստանին, նկատի ունենալով զինադադարի ձեռք բերման հանգամանքները եւ եռակողմ ինչ-ինչ պայմանավորվածությունները:
Հայաստանը նույնպես բարդ իրավիճակում է, իր ռազմա-քաղաքական ղեկավարության տեղ-տեղ անհամարժեք ու վտանգավոր քայլերի հետեւանքով: Իրավիճակն ընդհանուր առմամբ բարենպաստ է հայկական շահերի տեսանկյունից, բայց հայկական ռազմա-քաղաքական ղեկավարությունը շարունակում է ոչ ինքնիշխան քաղաքականությունը, համենայնդեպս որոշումների կայացման առումով: Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը հյուսիսային սահմանագիծ չայցելեց՝ երեւի առաջիկա ինչ-ինչ «եռակողմ պայմանավորվածությունների» համար: Ի վերջո, Ռուսաստանը դեռ բաց է պահում սարքավորումների տեղակայման հարցը:
Եզրակացնելով, կարելի է արձանագրել հետեւյալ իրավիճակը: Ադրբեջանի համար ռազմական գործողությունների դիմելը դարձել է խնդրահարույց, Ռուսաստանն ակնարկել է պատերազմի դեպքում Ադրբեջանին սպասվող աղետի մասին, ԵԱՀԿ-ն պնդում է սարքավորումների տեղակայումը, ըստ այդմ՝ ստատուս քվոյի ճանաչումը: Հողերի վերադարձի հարցը հանվում է:
Մնում է, որ Հայաստանի ղեկավարությունը վարի այս իրավիճակին համարժեք ինքնիշխան քաղաքականություն, այլապես կարող են «լույս սփռել ապրիլյան իրադարձությունների վրա»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play