«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի հաղթողներն արժանացել են համապատասխանաբար 600 000, 400 000 և 260 000 դրամ պարգևավճարի


«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի հաղթողներն արժանացել են համապատասխանաբար 600 000, 400 000 և 260 000 դրամ պարգևավճարի

  • 04-07-2016 18:29:17   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայտնի են անօդաչու թռչող սարքերի մրցույթի հաղթող թիմերը. Դրանք երեքն են` «Fimetech», «ArmBGC», «TSD»: Արզնի օդանավակայանի տարածքում հուլիսի 2-ին   կայացած մրցույթի ընթացքում  վերջիններիս հաջողվել է կատարել մրցույթի պահանջները, այն է՝ հասնել նպատակակետ, նետել 300 գրամանոց բեռն ու վերադառնալ մեկնարկի կետ:  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության աջակցությամբ անցկացվող «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած վերոնշյալ թիմերը կազմակերպիչների կողմից արժանացել են 600 000, 400 000 և 260 000 դրամ պարգևավճարի: 
 
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը ոլորտում առաջին քայլեր կատարելու տեսանկյունից է շատ կարևոր, քանի որ փորձ է արվում երկրում զարգացնել ռազմարդյունաբերությունը, իսկ իրենց ընկերությունը պատրաստ է մշտապես աջակցել նմանատիպ գործունեություն ծավալող թիմերին: 
«Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք նմանատիպ նախագծերի ու մրցույթների կարիքն իսկապես շատ ունենք և ես կրկնակի ուրախ եմ, որ ԻՏՁՄ-ի հետ համատեղ նախաձեռնությունը սկսել ենք ավելի վաղ, ինչը նշանակում է, որ մենք վտանգը միշտ գիտակցել ենք»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանն այս առումով ճիշտ ուղու վրա է: 
Հ. Եսայանի խոսքերով` թիմերի կատարած աշխատանքը և ճկուն միտքը թույլ է տալիս հավատալու, որ այս ոլորտը երկրի ապագան է, իսկ երիտասարդները պատրաստ են այն  զարգացնելու: 
«ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում իրականցվող «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթին մասնակցում էին նաև «Epic Dron», «iUAV», «Eagle Eye», «Sky protectors», «Արծիվ», «Սավառնակ» և «ՌոբոԷջմիածին» թիմերը:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ` «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի նպատակն է զարգացնել  ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում, ինչպես նաև հանրայնացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը, բացահայտել, խրախուսել տաղանդավոր հայ դպրոցականներին ու երիտասարդներին, ովքեր կարող են մեծ ավանդ ունենալ ՀՀ ռազմարդյունաբերության ու տեխնոլոգիական զարգացման գործում: 
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը, ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը, մասնագիտական ժյուրիի անդամները և այլ հյուրեր:
ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գնահատմամբ` մրցույթում ներկայացված սարքերը բավականին լուրջ կառուցվածք ունեն և կարող են լավ օրինակ հանդիսանալ ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացման գործում:
Վերջինս կարևորեց նաև հանրակրթական դպրոցներում ռոբոտաշինական խմբակների և ինժեներական լաբորատորիաների ավելացման գործընթացը, որն ըստ նրա` հնարավորություն է տալիս դպրոցահասակ երեխաների  մեջ հետաքրքրվածություն սերմանել դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: 
Հիշեցնենք, «ԱրմՌոբոտիքսի» շրջանակում ԻՏՁՄ-ն և Ucom ընկերությունը հայտարարել էին «Ական փնտրող ռոբոտներ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթների մեկնարկի մասին դեռևս 2015 թվականի նոյեմբերին: «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի եզրափակիչը կայացել էր ապրիլին, որտեղ, ի դեպ, կրկին առաջին տեղ էր զբաղեցրել «Ֆայմթեք» ընկերությունը:
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play