ԵԱՀԿ-ն դիտարկման ընթացքում խախտումներ չի արձանագրել


ԵԱՀԿ-ն դիտարկման ընթացքում խախտումներ չի արձանագրել

  • 21-07-2016 13:31:49   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հուլիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/:
 
 Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
ԼՂՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական