Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ուղերձ է հղել ՀՀ-ի իրադրության հետ կապված


Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ուղերձ է հղել ՀՀ-ի իրադրության հետ կապված

  • 26-07-2016 01:46:34   | Հայաստան  |  Քաղաքական

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ՀՀ իրադրության հետ կապված ուղերձ է հղել  Սեւրի Խաղաղության Դաշնագիրը ստորագրած երկրների կառավարություններին։ Ներկայացնում ենք ուղերձի տեքստն ամբողջությամբ։
 
 
«ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ եւ Սեւրի Խաղաղության Դաշնագիրը ստորագրած երկրների կառավարություններին 
 
Հայաստանի Հանրապետության ներքին իրավիճակի եւ Արցախյան հարցի խաղաղ կարգավորման խնդիրների կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասված է. 
 
«Հայաստանի Հանրապետության ներքին իրավիճակի կտրուկ սրման խորքային եւ հիմնական պատճառներից մեկը Արցախյան խնդրի կարգավորման ինչ-որ մի նոր տարբերակ շրջանառության մեջ դնելու հարցն է, այդ թվում՝ տարածքների հանձնման պայմանով եւ հայ հանրության համար չափազանց զգայուն այլ նմանատիպ խնդիրների առկայությամբ։ Ակնհայտ է, որ այդ ամենը չի նպաստելու թե կոնկրետ զինված դիմակայության անարյուն հանգուցալուծմանը եւ թե Արցախյան խնդրի վերջնական ու արդարացի կարգավորմանը: 
 
Հետեւաբար, այս դեպքում, մենք ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, որ Արցախի, Հայաստանի Հանրապետության, Մերձավոր Արեւելքի, Արեւմտյան Հայաստանի հայության հիմնախնդիրները կարող են լուծվել եւ պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում՝ նկատի ունենալով այն բոլոր որոշումները, որոնք կայացվել են 1920-ական թթ. հայության ու Հայաստանի վերաբերյալ, սակայն մինչ օրս չեն իրականացվել: Դրանց թվում են՝ Սեւրի Խաղաղության Դաշնագրի 92-րդ հոդվածի պահանջը Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման վերաբերյալ, Սեւրի Խաղաղության Դաշնագրի հոդվածները Հայաստանի վերաբերյալ, ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանազատման վերաբերյալ: 
 
Խնդրում ենք հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի, Մերձավոր Արեւելքի, Արեւմտյան Հայաստանի հայությունը, ինչպես նաեւ համայն հայությունը, իրավունք ունի արժանապատիվ կյանքի, զարգացման հեռանկարի եւ ապագայի հույսի: 
 
Խնդրում ենք նկատի առնել, որ նոր ժամանակաշրջանում՝ 1988-ից ի վեր, Արցախի, Հայաստանի Հանրապետության, Մերձավոր Արեւելքի հայությունը դարձել է թշնամական ծրագրերի ու գործողությունների թիրախ, այդ թվում՝ ագրեսիայի, հարձակումների, բռնագաղթի, շրջափակման: Ավելին, տարածաշրջանում հարձակումների ու ոչնչացման թիրախ են դարձել ոչ միայն հայ մարդիկ ու քաղաքացիներ, թաղամասեր ու բնակավայրեր, գյուղեր ու քաղաքներ, այլեւ Հայոց քաղաքակրթական արժեքներ՝ եկեղեցիներ, դպրոցներ, պատմամշակութային ու կրթական նշանակության շինություններ ու կառույցներ: 
 
Այո, հայությունը եւ Հայաստանը շատ են տառապել, բայց դա չի նշանակում, թե այդպես կարող է անվերջ շարունակվել: Վաղուց ժամանակն է տարածաշրջանում իրավիճակն արմատապես փոխել հանուն խաղաղ գոյակցության ու բնականոն զարգացման: 
 
Ձեզ ուղղված այս ուղերձի իմաստն այդ ամենում Ձեր դրական, կառուցողական եւ գործուն մասնակցության հարցը դիտարկելն է ու դա իրականացնելը»: 
 
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Լրատվական ծառայություն»։
 
25.07.2016 թ.
 
Նոյյան տապան  -   Քաղաքական