ՌԴ-ին թույլ չեն տալիս ակտիվորեն պաշտպանել Հայաստանի շահերը. Ռուսաստանցի վերլուծաբան


ՌԴ-ին թույլ չեն տալիս ակտիվորեն պաշտպանել Հայաստանի շահերը. Ռուսաստանցի վերլուծաբան

  • 03-08-2016 17:23:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Առավոտ».  Վլադիմիր Ժիրինովսկու վերջին հայտարարությունը`Հայաստանի մասին, ըստ ռուսաստանցի վերլուծաբան Նիկիտա Իսաեւի, ցույց է տալիս, որ ռուս հասարակության մեջ եւս մոտեցումները ռադիկալացվում են:
 
Իր կարծիքն այսօր նա բարձրաձայնեց «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի ակումբում: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Ժիրինովսկու ղեկավարած կուսակցությունը կազմում է ռուսական էլեկտորատի 15 տոկոսը՝ քաղաքական դաշտում զբաղեցնելով երկրորդ տեղը: Միաժամանակ, նա նկատում է, որ ռուս քաղաքական գործիչները շատ քիչ են Հայաստանի պաշտպանության դիրքերից հանդես գալիս: Մինչ Երեւան այցելելը, վերլուծաբանը Մոսկվայում բարձրացրել է ՌԴ-ի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու հարցը, այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը դնի այդ հարցը Հայաստանում: Իսկ որ Սերժ Սարգսյանը կդնի այդ հարցը, ռուսաստանցի վերլուծաբանը կասկած չունի`նկատի ունենալով նաեւ Երեւանում տեղի ունեցած վերջին 15 օրերի զարգացումները: Այլապես, ըստ նրա, առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որոնք փոփոխված Սահմանադրությամբ են կայանալու, Սերժ Սարգսյանը կկորցնի բոլոր այն դիրքերը, որոնք ակնկալում էր: «Ես կարծում եմ, առաջիկայում կտրուկ որոշումների ականատեսն ենք լինելու»,- ասաց նա, հավելելով, որ իր համոզմամբ, առաջիկայում կլուծարվեն նաեւ հետխորհրդային կառույցները`ԱՊՀ, ՀԱՊԿ, իսկ տնտեսական միությունները`Մաքսային միություն, Եվրասիական միություն եւ այլն, ազդեցություն չեն ունենա:
 
Ամեն դեպքում, սեպտեմբերի վերջին, ըստ նրա, ՌԴ-ից Հայաստանի ուղղությամբ ավելի հստակ ազդակների ականատեսը կլինենք: Հետխորհրդային երկրներից, վերլուծաբանի համոզմամբ, ՌԴ-ին դաշնակից են մնացել Հայաստանը, Բելառուսը եւ մասամբ Ղազախստանը: Մինսկի խումբը, ըստ նրա, բարեհաջող ձևաչափ է, որտեղ ՌԴ-ն կարողանում է հավասարակշռել իր հարաբերություններն արեւմուտքի հետ, բայց կոնֆլիկտի ապրիլյան էսկալացիան, իրավիճակ է փոխել: Նրա կարծիքով, ապրիլյան էսկալացիան, ղարաբաղյան կոնֆլիկտի վերջին զարգացումը չէր: Նրա դիտարկումներով, այդ հարցը նաեւ Հայաստանի ներքաղաքական օրակարգ է մտել: Վերլուծաբանի դիտարկումները հիմնված են վերջին 15 օրերի երեւանյան զարգացումների վրա: Նա կարծում է, որ ՌԴ-ն տարածաշրջանում այժմ «նեյտրալ» դիրքորոշում է ընդունել, ինչը ինքը ճիշտ չի համարում ու վստահ է, այդպես երկար հնարավոր չէ շարունակել: Բայց հասկանում է նաեւ, որ ՌԴ իշխանությունները չեն կարող պաշտոնապես արտահայտել իրենց դիրքորոշումը, քանի որ Թուրքիայի հետ են փորձում հարաբերությունները կարգավորել, Չինաստանի`մետաքսի ուղու վերագործարկման ու նկատում է, որ ՌԴ-ին թույլ չեն տալիս ակտիվորեն պաշտպանել այդտեղ իր ռազմավարական գործընկեր Հայաստանի շահերը: Նիկիտա Իսաեւը կարծում է, որ ԱՄՆ-ն փորձում է ՌԴ-ի՝ իբրեւ գերտերության կարգավիճակը չեզոքացնել: Դրանով է նա բացատրում ՌԴ-ի դեմ եւ աշխարհում ընթացող գործընթացները, այդ թվում նաեւ՝ Մերձավոր Արեւելքին «կոտրելը»: 
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/08/03/723383/ 
 
© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play