Իսրայելում թույլատրվել է երեխաներին ազատազրկման դատապարտել 12 տարեկանից
03-08-2016 19:12:25 | Իսրայել | Իրավունք
Իսրայելի խորհրդարանը փոփոխություններ է կատարել երկրի օրենսդրության մեջ, համաձայն որի` դատավորներն իրավունք են ձեռք բերում ազատազրկման ենթարկել երեխաներին 12 տարեկանից սկսած: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին ասված է երկրի խորհրդարանի տարածած հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ օրենքն իշխանություններին թույլատրում է ազատազրկման դատապարտել փոքրահասակ երեխաներին, որոնք մեղավոր կճանաչվեն այնպիսի լուրջ հանցագործությունների մեջ, ինչպիսիք են սպանությունը, մահափորձը կամ անզգուշությամբ մահ պատճառելը, անգամ եթե երեխաները 14-ից ցածր տարիքում են:
Օրենքն ընդունվել է երեքշաբթի երեկոյան երկրորդ և երրորդ ընթերցմամբ:
Նշենք , որ մինչ օրս նմանատիպ հանցագործությունների համար ազատազրկման ենթարկվում էին 14 տարեկանից սկսած, այժմ այդ տարիքը նվազեցվել է մինչև 12 տարեկան:
Միևնույն ժամանակ հայտարարությունում նշվում է, որ քրեական պատասխանատվության տարիքային շեմի նվազեցումը դարձել է պաղեստինյան հարձակումների արձագանքը վերջին ամիսների ընթացքում: