Գլխավոր դատախազի հրաժարականը չի տեղավորվում նախագահի խոստացած արմատական փոփոխությունների մեջ


Գլխավոր դատախազի հրաժարականը չի տեղավորվում նախագահի խոստացած արմատական փոփոխությունների մեջ

  • 04-08-2016 16:36:25   | Հայաստան  |  Քաղաքական

Nyut.am-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը
-Այսօր գլխավոր դատախազը հրաժարական է տվել: Դա կարո՞ղ է կապ ունենալ վերջին 15 օրերի դեպքերի հետ:
-Կարծում եմ` ուղղակիորեն կապ ունի: Այն դեպքերը, որ տեղի ունեցան մեր երկրում վերջին երկու շաբաթվա ընթացքում, նույնիսկ տոտալիտար ռեժիմների համար աննախադեպ էին` երբ առանց դատախազության սանկցիաների, առանց դատարանի որոշումների` ներխուժում էին մարդկանց բնակարաններ: Գուցե հրաժարականի համար էլի կային գործոններ, բայց ակնհայտ է, որ վերջին դեպքերի հետ ուղիղ կապ կա:
-Մի քանի օր առաջ նախագահն իր ելույթում ասաց, որ կլինեն արմատական փոփոխություններ և դրական տեղաշարժեր: Այս հրաժարականը տեղավորվո՞ւմ է այդ տրամաբանության մեջ:
-Ոչ: Նման փոփոխություններ պետք է արվեին տարբեր ոլորտներում: Պետք է արվեին ապրիլյան պատերազմից հետո: Իսկ այսօր ես կհավատամ փոփոխությունների, եթե նախագահը հանդիպի Ժիրայր Սեֆիլյանի հետ, ու սկսվեն իրականացվել այն պահանջները, որոնք նա առաջ է քաշել: Այս կարգի կադրային քայլերը ես չեմ կարող կապել խոստացված լուրջ փոփոխությունների հետ:
-Երբ շուտով սկսվի դատավարությունների փուլը, գլխավոր դատախազի դեր խիստ մեծանալու է: Գուցե Կոստանյանը ի՞նքը չցանկացավ մտնել այդ ամենի մեջ, իսկ գուցե նրան չվստահեցի՞ն այդ գործը: Նման խնդիրներ կարո՞ղ են լինել:
-Չեմ կարող ասել: Բայց այդ ոլորտում ինձ համար լուրջ փոփոխություն կհամարեմ այն, եթե մոտ ժամանակներս` բառացիորեն օրերի ընթացքում, դատախազությունը մեղադրանքներ ներկայացնի մեծ թվով ոստիկանների, ովքեր կատարել են այդ վայրագությունները, նաև` գործեր հարուցվեն օլիգարխների թիկնապահների նկատմամբ, ովքեր նույնպես մասնակցել են այդ ամենին: Իսկ դա փաստող տեսագրություններ կան:
Արփի Սահակյան
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play