Եվրոպայի մայրամուտ գոյություն չունի. Արամ Աբրահամյան


Եվրոպայի մայրամուտ գոյություն չունի. Արամ Աբրահամյան

  • 26-08-2016 15:20:09   | Հայաստան  |  Վերլուծություն
«Առավոտ».  Ամեն տարի ես աշխատում եմ իմ կարճատեւ ամառային արձակուրդն անցկացնել եվրոպական որեւէ երկրում: Դա ողջ տարվա լարված աշխատանքից հետո ոչ միայն հանգստանալու եւ զվարճանալու հնարավորություն է (չնայած դրա մեջ էլ որեւէ վատ բան չեմ տեսնում), այլեւ հասկանալու այն մշակույթը, այն հասարակարգը եւ այն ապրելակերպը, որոնց մեզնից շատերը, կարծես թե, ձգտում են: Այս տասն օրում մենք եղանք Գերմանիայում եւ Շվեյցարիայում, մի քանի ժամով էլ նույնիսկ՝ Ավստրիայում եւ Ֆրանսիայում:
 
Եվս մեկ անգամ հերքեմ հիմնականում ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից ստեղծվող մռայլ պատկերները, որոնցով, ցավոք սրտի, լվանում են նաեւ հայաստանցիներից շատերի ուղեղները: Բեռլինի, Պոտսդամի, Մյունխենի, Նյուրնբերգի, Զալցբուրգի, Ժնեւի, Մոնտրյոյի, Լոզանի եւ Անսիի փողոցներում մենք չտեսանք փախստականների ամբոխներ, ագրեսիվ ասիացիներ, ինչպես նաեւ՝ ամեն քայլափոխի համբուրվող միասեռականների: Եվրոպայի մայրամուտի մասին պարբերաբար, դեռեւս Հին Հռոմի ժամանակներից պարբերաբար կրկնվող կանխատեսումները խիստ չափազանցված են: Իհարկե, հայտնի պատճառներով անցկացվում են անվտանգության հավելյալ միջոցառումներ: Օրինակ՝ Մյունխենի երկաթուղային կայարանում մեզ դուրս հրավիրեցին գնացքից եւ մոտ մեկ ժամով փակեցին կառամատույցի որոշ մասը: Ավստրիա-Գերմանիա սահմանին կանգնեցրին մեր ավտոբուսը եւ ստուգեցին ուղեւորների անձնագրերը: (Մեր հայկական անձնագրերն, ի դեպ, այդ առումով որեւէ հետաքրքրություն չներկայացրին): Իսկ Բեռլինի 22 հազար հոգու համար նախատեսված Վալդբյունե բացօթյա համերգասրահ մտնելուց առաջ ստուգում էին բոլոր հանդիսատեսների պայուսակները: Ընդ որում, համերգից մեկ ամիս առաջ մենք նամակ էինք ստացել կազմակերպիչներից, որ անվտանգության նկատառումներով խնդրվում է ներկայանալ մեկ ժամ շուտ: Եվրոպացիներն ու զբոսաշրջիկներն այդ միջոցառումներին վերաբերվում են, ինչպես ասում են, ըմբռնումով՝ հասկանում են, որ այդ ամենն արվում է մարդկանց անվտանգության համար: Մնացած առումներով ես տեսնում էի այն, ինչ տեսել եմ նախորդ տարիներին՝ հիմնականում կազմակերպված, կարգապահ, բարեհամբույր եւ քիչ թե շատ բարեկեցիկ մարդկանց, որոնք, իհարկե, խնդիրներ ունեն, բայց նրանց խնդիրները մերի համեմատ այլ բնույթի են եւ այլ որակի: Այստեղ, կարծում եմ, ազգային առանձնահատկությունները մեծ դեր չեն խաղում. Գերմանիայում թուրքերի մեծ մասը նույնպես ապրում է «գերմանական կանոններով»: Դա տարբերություն է մի քանի դարի պատմություն ունեցող պետությունների եւ 25 տարվա պետության միջեւ: Կամ, եթե ավելի պատկերավոր ասենք, տարբերություն է խիստ չվացուցակով աշխատող ժնեւյան տրամվայների եւ 3-րդ գծից ուղեւոր նստեցնող երեւանյան «մարշրուտկաների» միջեւ:  
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play