Հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանի ապամոնտաժումը քաղաքական հարց է


Հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանի ապամոնտաժումը քաղաքական հարց է

  • 02-05-2011 17:24:00   | Հայաստան  |  Քաղաքական
Հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող Կարսի արձանը եթե նույնիսկ հանճարեղ գործ լիներ, միեւնույն է թուրքական քաղաքականութան պահանջով պետք է ապամոնտաժվեր։ Մայիսի 2-ի ասուլիսում այսպիսի տեսակետ է հայտնել քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը։ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոսկորի նման մնացել է Թուրքիայի կոկորդին»,- նշել է նա։ Երեւանի պետհամալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի կարծիքով, արձանի ապամոնտաժմանը զուգահեռ ապամոնտաժվում են հայ-թուրքական հարաբերություններում առկա շփման եզրերը: Միաժամանակ նա նշել է, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին արձանը ապամոնտաժելու վարչապետ Էրդողանի որոշումը նպատակ ունի հագուրդ տալ Կարսում բնակվող ադրբեջանցիների ազգայնական կրքերին, ինչպես նաեւ ավելացնել իշխող կուսակցության քվեները: Ռ.Մելքոնյանը գտնում է, որ խորհրդարանական ընտրություններին հաջորդող սահմանադրական փոփոխություններով փորձ կարվի ուժեղացնել նախագահական ինստիտուտը, իսկ ուժեղ նախագահի թեկնածուն, հավանաբար, կլինի հենց Էրդողանը: Այդ դեպքում, ըստ թուրքագետի, քիչ հավանական է որեւէ առաջընթաց հայ-թուրքական գործընթացում: «Ինչ-որ մակերեսային փոփոխություններ միգուցե լինեն, սակայն թուրքական վերնախավի կատեգորիկ հայտարարությունները մեծացրել են ջրբաժանը երկու երկրների միջեւ»,- նկատել է Ռ.Մելքոնյանը: Հայաստանի ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի կարծիքով նույնպես արձանի ապամոնտաժումը քաղաքական հարց է։ Նա հիշատակեց Էրդողանի վերջին ելույթն Իգդիրում, երբ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նա պայմանավորել է նախապայմանների կատարմամբ, հայտարարելով, որ «առանց ԼՂՀ հարցի կարգավորման Հայաստանի հետ որեւէ հարաբերություն չի կարող հաստատվել»: «Էրդողանը շատ լկտի պահվածքով սկսել է բարձրաձայն խոսել մի բանի մասին, որը վաղուց բոլորին էր հայտնի, ինչը մշտապես անընդունելի է եղել հայկական կողմի համար»,- նշել է ԱԺ պատգամավորը։ Նա հայտարարել է, որ Հայաստանն ամեն ինչ արել է հայ-թուրքական գործընթացի կարգավորման ուղղությամբ եւ սպասում է, որպեսզի իր ստանձնած պարտավորությունները կատարի նաեւ Թուրքիան, ինչն, ըստ պատգամավորի, չի ուշանա։ «Թուրքական իշխանության համար դժվար է զսպել միջազգային ճնշումները` կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հետ, նրանք մի օր կվերադառնան այս խնդրին»,- նշել է Կարեն Ավագյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական