Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը համարվում է դաստիարակչական մեթոդ. փաստում են խնդրով մտահոգված մասնագետները (տեսանյութ)


Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը համարվում է դաստիարակչական մեթոդ. փաստում են խնդրով մտահոգված մասնագետները (տեսանյութ)

  • 18-10-2016 20:58:06   | Հայաստան  |  Հասարակություն



«Հայ հասարակությունը հանդուժող է երեխաների նկատմամբ կիրառվող բռնության հանդեպ, քանի որ մեծամասամբ երեխաները բռնության են ենթարկվում սեփական ծնողների կողմից»,- փաստում են մասնագետները` ընդգծելով,  որպես դաստիարակաչական միջոց ֆիզիկական ցավի պատճառումն անթույլատրելի է` անկախ նրանից ծնողն է այն պատճառում, թե այլ անձ: 
 
Խնդիրը մտահոգիչ է, իսկ առավել մտահոգիչ է շրջապատող մարդկանց անտարբերությունն այն դեպքերում, երբ ականատես են լինում, թե ինչպես է երեխան ենթարկվում բռնության ծնողի կողմից: 
Երեխաների իրավունքների պաշտպանությանն ու նրանց վրա բռնության ազդեցությանն էր նվիրված օրերս Հոդված 3 ակումբում հրավիրված հանրային բաց քննարկումը:
«Երկուսով» հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանի պնդմամբ` բռնությունը ծնվում է իշխանությունից, հետևաբար բռնություն հիմնականում գործադրում են այն մարդիկ, ովքեր տանը, կամ այլ վայրում իշխող դիրք ունեն: Հատկապես երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն ըստ մասնագետի` հնարավոր է կլինի այն դեպքում, երբ  սոցիալական ծառայությունները, իրավունքի պաշտպանության ամբողջ համակարգը և կրթության ոլորտն այդ ուղղությամբ համտեղ հատուկ դասընթացներ իրականացնեն ծնողավարման, ուսումնական հաստատություններում մանկավարժների համար:   
Ա. Ալեքսանյանը փաստում է, բռնությունները երեխաների հետագա ձևավորման վրա կարող են բազմաբնույթ բացասական ազդեցություն ունենալ` որպես անհատ ձևավորումից մինչև ցածր ինքնագնահատական և վատ տրամադրվածություն կյանքի նկատմամբ: 
«Երեխաների նկատմամբ բռնությունն առաջին հերթին սոցիալական չարիք է»,- պնդում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող, բազմազավակ մայր Զարուհի Հովհաննիսյանը: 
Վերջինիս խոսքերով` սոցիալապես անապահով երկրում, որտեղ շատ հաճախ ծնողները չեն կարողանում լուծել սոցիալական խնդիրները, ինքնաբերաբար լարվում են, որից առավել շատ տուժում են երեխաները: 
Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համար առկա մեխանիզմները բավականին թույլ են և անբավարար, անգամ դատական վճիռներով կայացած որոշումները միևնույն է չեն իրականացվում, հետևաբար մասնագետները, որպես լուծում տեսնում են  նախևառաջ «հայրիշխանական» մտածելակերպից ազատվելը:   
Բազմազավակ մայրը հորդորում է բոլոր ծնողներին զերծ մնալ դաստիարակչական բռնի մեթոդներից ու ընտանիքում վախի մթնոլորտ ստեղծելուց, քանի որ բռնության ենթարկված երեխան ֆիզիկական ճնշումների է սկսում ենթարկվել նաև դպրոցում: 
Անդրադառնալով գիշերօթիկներում և մանկատներում երեխաների նկատմամբ կիրառվող բռնությանը` քննարկման մասնակիցները փաստեցին. որտեղ կա հաստատություն, այնտեղ կա բռնություն, շատ դեպքերում թաքնված տարբերակով, ուստի լավագույն լուծումը նմանատիպ հաստատություններ չունենալն է:  
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Տեսանյութը և լուսանկարները` «Նոյյան Տապան»-ի 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play