Կարեն Կարապետյանի հարցազրույցը՝ տարակույսների հարցազրույց էր. Մեկնաբան


Կարեն Կարապետյանի հարցազրույցը՝ տարակույսների հարցազրույց էր. Մեկնաբան

  • 24-10-2016 19:06:58   | Հայաստան  |  Վերլուծություն

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս հարցազրույց տվեց մի քանի հեռուստաընկերությունների, պատասխանելով կառավարության գործունեության, մոտեցումների վերաբերյալ հարցերին: Դա փաստացի Կարապետյանի առաջին տապալումն էր վարչապետի պաշտոնում:

 

Եվ բանը միայն այն չէ, որ Կարապետյանը, որ հանդես է գալիս Հայաստանի համար նոր մոտեցումների խիստ անհրաժեշտության տեսանկյունից, շարունակում է Հայաստանի կառավարման համակարգի համար ավանդական մոտեցումը` բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանում են միայն խիստ սահմանափակ թվով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

 

Տապալումը այդ հարցերին տրված պատասխաններն էին, որոնցում աչքի ընկնողը ոչ թե «դրայվի», այլ Հայաստանի համար ներքին ու արտաքին ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հստակ պատկերացումների եւ տեսլականի բացակայությունն էր:

 

Այն, որ դրանք առարկայականության տեսանկյունից խոշոր հաշվով շրջանցված էին կառավարության ծրագրում, հասկանալի է ու տրամաբանական, քանի որ ծրագիրը փաստացի նախընտրական կիսամյակի համար է, այն պարզապես հրդեհը մարելու կամ հրդեհի օջախները մարելու ծրագիր է եւ թերեւս իմաստ էլ չուներ ավելին սպասելը:

 

Կարեն Կարապետյանի հեռուստահարցազրույցի իմաստը կարող էր լինել հենց այն, որ նա այդ ֆորմատում` թեկուզ եւ խիստ սահմանափակ լրատվամիջոցների ներգրավվածությամբ, հանրությանը կփոխանցեր այդ ավելին, ինչ իմաստ չուներ ընդգրկել զուտ ֆորմալություն հանդիսացող ծրագրում եւ ավելորդ ժամանակ եւ էներգիա վատնել դրա համար:

 

Բայց, փաստորեն, Կարեն Կարապետյանը փաստորեն ավելորդ ժամանակ վատնեց այդ հարցազրույցի համար, քանի որ դրանում գործնականում չասեց ոչինչ նոր եւ ավելի, քան այն, ինչ ասել էր մինչ այժմ:

 

Ընդ որում, երբ այդ խոսքերը, այդ ասելիքը հնչում էր խորհրդարանի ամբիոնից` պատգամավորների հարցերին պատասխանելիս, կառավարության ծրագիրը ներկայացնելիս, կամ կառավարության նիստում` նախարարների հետ տարբեր հարցեր քննարկելիս, դրանք իրենց միջավայրի համար հնչում են պատեհ եւ գուցե բավարար: Բայց, երբ դրանք են լցնում հեռուստահարցազրույցի բովանդակությունը, ապա առաջանում է միջավայրի` տվյալ դեպքում ֆորմատի եւ ասելիքի անհամադրություն, ինչն էլ փաստացի բերում է հրապարակային տապալման:

 

Փաստացի, դա Կարեն Կարապետյանի առաջին հրապարակային տապալումն էր վարչապետի պաշտոնում: Կարեւոր է, իհարկե, որ նա չտապալվի գործում, հասնի արդյունքի: Ի վերջո, վարչապետի հիմնական առաքելությունը բովանդակալից հարցազրույցները չեն, այլ կոնկրետ գործը Հայաստանում տնտեսական միջավայրի բարելավման, կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

 

Բայց, այդ գործում հաջողության համար չափազանց մեծ նշանակություն ունի հանրային տրամադրությունը, տրամադրվածությունն ու վերաբերմունքը: Կարապետյանն ինքն էլ հարցազրույցում եւ այլ առիթներով խոսել է այդ մասին, հանրությանն աշխուժացնելու անհրաժեշտության մասին:

 

Այդ համատեքստում էլ նշանակալիություն է ստանում հարցազրույցը, որը, սակայն, հանրությանն աշխուժացնելու փոխարեն, առնվազն առաջացնում է տարակույսներ` մի շարք հարցերի վերաբերյալ հնչեցրած պատասխանների առումով: Դրանք վերաբերում էին թե համակարգային կառավարման խնդիրներին, թե մենաշնորհների եւ օլիգոպոլիաների դեմ պայքարի մեխանիզմներին, թե ընդհանրապես տնտեսության վերամոդելավորման, վերակառուցման խնդիրներին, թե այդ համատեքստում ավելի լայն շրջանակի` ԵՏՄ գործոնի եւ դրանում Հայաստանի հեռանկարներին եւ Հայաստանի համար դրա մարտահրավերներին, թե Հայաստանի արտադրության մրցունակությանը:

 

Խոշոր հաշվով, Կարեն Կարապետյանի հարցազրույցը խորքային առումով տարակույսների հարցազրույց էր:

 

Դա չպետք է դառնա Հայաստանում հանրային հուսալքության հերթական առիթ կամ պատճառ, որոնք առանց այդ էլ Հայաստանում ահռելի են:

 

Ի վերջո, բացառված չէ, որ նոր վարչապետը պարզապես քաղաքական կարգավիճակում հարցազրույցի պատրաստ չէ, նա տարիներ շարունակ գործել է փոքր, նեղ մենեջերական ֆորմատում, վարժվել է այդ ֆորմատում շփվել մամուլի հետ: Նա գուցե ինքնին հրաշալի է տիրապետում խնդիրներին, հեռանկարներին, մարտահրավերներին, դրանց հաղթահարման հնարավորություններին, բայց ադապտացված չէ դրանց վերաբերյալ հրապարակային խորքային ելույթների, առավել եւս հարցուպատասխանի ֆորմատով:

 

Բայց այդ դեպքում առավել եւս պետք էր ձեռնպահ մնալ այդ ֆորմատով հաղորդակցությունից, առավել եւս, որ ոչ ոք վարչապետից ընդհանրացված հարցազրույց չէր էլ սպասում՝ բոլորը սպասում են կոնկրետ գործեր:

lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն