Միայն Հայաստանում… Արամ Աբրահամյան


Միայն Հայաստանում… Արամ Աբրահամյան

  • 25-10-2016 12:26:00   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ». Վերջերս մի տեղ կարդացի` ամենադժվար բանը Լոս Անջելեսի հայության շրջանում Հայաստանի մասին որեւէ լավ բան ասելն է:
 
Բնական է, այնտեղ ապրում են հարյուր հազարավոր հայեր, որոնց մեծ մասը Միացյալ Նահանգներ է տեղափոխվել վերջին 25 տարում. այդ մարդկանց հոգեկան վերքերն ու նեղվածությունն իրենց արտահայտությունն են գտնում աշխարհընկալման մեջ: Մի մասն այդ ընթացքում խորապես անտարբեր է դարձել հայրենիքում ծավալվող իրադարձությունների նկատմամբ (ինչն ամենավատն է), իսկ նրանք, ովքեր անտարբեր չեն, խիստ բացասաբար են տրամադրված ոչ միայն իշխանության, այլեւ երկրի հանդեպ: Վիրտուալ տարածքներում Հայաստանից գնացածների տրամադրություններն, իմ կարծիքով, գերիշխում են: Այդ մտածողությունը, որը տարածված է, բնականաբար, ոչ միայն Լոս Անջելեսում, այլեւ բազմաթիվ այլ հայաշատ վայրերում, նաեւ Հայաստանում, ունի հետաքրքիր դրսեւորումներ, որի պայմանական անունը կարելի է դնել՝ «միայն Հայաստանում»: Գովազդային տեքստերում նման դարձվածքներն ունեն խիստ ընդգծված դրական երանգ, իսկ «աբիժնիկական» տեքստերում՝ խիստ բացասական: Մեր օդանավակայանում մի կին, որն այդպես էլ չէր ստացել իր ուղեբեռը, դժգոհում էր՝ «միայն Հայաստանում է հնարավոր, որ ինքնաթիռը հասնի, իսկ ճամպրուկը չհասնի»: Նրանք, ովքեր ճամփորդելու գոնե նվազագույն փորձ ունեն, կհաստատեն, որ նման բան պատահում է ոչ միայն Հայաստանում: Կամ եթե ինչ-որ մեկը մարդու է դանակահարել կամ փողոցում կրակել է, դրա արձագանքը պարտադիր պետք է լինի՝ «արա, էս ինչ ա դառե էս երկիրը, մարդիկ վախում են տնից դուրս գան»: Տեղեկացնեմ, որ այլ երկրների փողոցներում նույնպես մարդիկ իրար դանակահարում են, իրար վրա կրակում են, հարձակվում են ոստիկանական բաժանմունքների վրա, թալանում են խանութներ եւ բանկոմատներ: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Հայաստանն այս առումով միակն է ու անկրկնելին, ապա չարաչար սխալվում է: Իհարկե, ցանկալի է, որ աշխարհի ոչ մի փողոցում հանցագործություններ չկատարվեն, բայց դա, ինձ թվում է, ուտոպիա է: Համենայնդեպս, ասեմ, որ ամբողջ աշխարհում լինում են երկրաշարժեր, ջրհեղեղներ, ցունամիներ եւ փոթորիկներ: Աշխարհի շատ վայրերում ձմռանը ձյուն է գալիս: Լոս Անջելեսում, որքան գիտեմ, չի գալիս: …Ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը Հայաստանի ներկայիս վիճակի մասին «Մեդիամաքսին» հարցազրույց էր տվել, որում անկեղծորեն իր մտահոգություններն էր հայտնել: Վարդանյանի կարծիքով՝ այն քաղաքական եւ տնտեսական մոդելը, որով ապրում է մեր երկիրը, իրեն սպառել է: Կարելի է համաձայնել եւ չհամաձայնել այդ գնահատականի հետ, բայց հիմնական քննադատությունը, որը Ռուբեն Վարդանյանի հոդվածի հանդեպ ներկայացվում է վիրտուալ տարածքում, մոտավորապես հետեւյալն է՝ ինչո՞ւ դրանում չկան հայհոյանքներ իշխանությունների հասցեին:  
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն