«Պահանջում ենք պատժել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին».Նախաձեռնությունը հայտարարում է պայքարը շարունակելու մասին (Տեսագրություն)


«Պահանջում ենք պատժել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին».Նախաձեռնությունը հայտարարում է պայքարը շարունակելու մասին (Տեսագրություն)

  • 28-10-2016 11:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հոկտեմբերի 28-ին  ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ  «Պահանջում ենք պատժել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամներ լրագրող Գոհար Արշակյանի, մանկավարժ Սոսե Ղլեջյանի և տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանեանի ասուլիսը։ 
 
Ասուլիսին քննարկվեցին հարցեր, որոնք նախաձեռնությունը համարում է մտահոգիչ և հրատապ.
 
1. 2016 թ. հուլիս ամսին Մայր Աթոռում տեղի ունեցած Գերագույն Հոգևոր Խորհրդի Ժողովում որոշվել էր հոկտեմբեր ամսվա վերջին Ս. Էջմիածնում ԳՀԽ-ի ընդլայնված ժողով անցկացնել, որը սակայն «անհասկանալիորեն» Մայր Աթոռից տեղափոխվեց Նյու Յորք քաղաք: Ըստ Ս. Էջմիածնի կայք-էջի՝ նախատեսված ժողովի նիստերն անցկացվելու են 2016 թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը:
 
2. Առավել քան անհասկանալի այս փոփոխության համար գլխավոր «մտահոգիչ» կետը Կ. Պոլսի պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հարցի քննարկումն օրակարգից հանելն է, ով Հայոց ցեղասպանության առթիվ 2016 թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեստագում քննարկված բանաձևի ընդունումից անմիջապես հետո «Թուրքիայի Հանրապետության» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու կողմից Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին սրբադասված մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը «պղծող» կեցվածք էր ընդունել: 
 
3. Ավելին, առայժմ չճշտված տվյալների համաձայն, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ վեհափառի հրավերով պատրաստվում է ուղևորվել Նյու Յորք՝ մասնակցելու Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովին:
 
Այս և հարակից հարցերի շուրջ բանախոսներն առավել մանրամասն տեղեկատվություններ հաղորդեցին և ներկայացրեցին նաև իրենց հետագա անելիքները։
 
 
Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարան
 
Եկեղեցական Համագումար Ժողովի Զեկույցը
2016 թ. հոկտեմբերի 26-ին, չորեքշաբթի օրը, ժամը՝ 10.00–ին Պատրիարքարանի Ընդունելությունների դահլիճում տեղի ունեցավ Աթոռիս Եկեղեցական Ընդհանուր Համագումար Ժողովը, համաձայն Պատկառելի Կրոնական Ժողովի 14 հոկտեմբեր 2016 թվակիր 131–րդ նիստի որոշման և պատրիարքական ընդհանուր փոխանորդ Բարձրաշնորհ Տ. Արամ Ս. Արքեպիսկոպոս Աթեշյանի հրավերով և Նորին Սրբության նախագահությամբ։
Ժողովը բացվեց Ընդհանուր Փոխանորդ Հոր աղոթքով: Հանգստյան աղոթքով հիշատակվեցին նաև Պատրիարքական Աթոռի վախճանված հոգևորականները։ Համագումարի նիստի ատենապետ ընտրվեց Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, իսկ ատենադպիր՝ Արժանապատիվ Տ. Տրդատ քահանա Ուզունյանը:
Ժողովի օրակարգի նյութը Նորին Ամենապատիվ Տեր Մեսրոպ Բ. Սրբազան Պատրիարք Հոր առողջական վիճակի գոյացման պատճառով Պատրիարքական Աթոռի ներկա կացությունն էր։ Ժողովական հայրերը քննարկումներ կատարեցին և խորհրդակցեցին նկատի ունենալով հետևյալ պարագաները.
Ա. Սկսած 2008 թ. մայիսից Ն.Ա.Տ. Մեսրոպ Բ. Ս. Պատրիարք Հայրը դադարել է պաշտոնավարել որպես «Պատրիարք» եւ Պատրիարքական Աթոոի ընթացիկ գործերը կատարելու համար Եկեղեցական Ընդհանուր Համագումար ժողովի կողմից Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ է ընտրվել Բարձր. Տ. Արամ Արքեպիսկոպոս Աթէշյանը։
Բ. Եկեղեցական ընկալված կանոններն ու ավանդությունը ուխտի լուծման համար բաւարար են նկատում յոթ տարվա բացակայությունը։ Ուստի Պատրիարք Հոր Իր Աթոոից ութ տարվա բացակայությունը, ինքնաբերաբար ի զորու է դարձնում սույն տրամադրությունը և հաստատում «Պատրիարքական Ուխտ»–ի լուծումը։
Գ. 2015 թվականին Դատա-Բժշկագիտական Հանձնախմբի տեղեկագրով վավերացվել է նաև Պատրիարք Հոր ոչ–գործունակ վիճակի մատնված լինելու հանգամանքը։
Հետևաբար վերոհիշյալ հոդվածների տրամադրությունները կը հաստատեն այն, որ Պատրիարքական Գահը «թափուր» է մնացել։
Ուստի ժողովական Հայրերը միաձայնությամբ որոշեցին Ն.Ա.Տ. Մեսրոպ Բ. Ս. Պատրիարք Հայրը «հանգստյան կոչված» նկատել, և նրան կոչել «ՊԱՏՐԻԱՐՔ Ի ՀԱՆԳՍՏՅԱՆ» (Հանգստյան կոչված Պատրիարք)։
Ըստ այդմ որոշվեց նաև այս պարագաների բացատրությամբ, պատշաճ բովանդակությամբ և ընկալելի ավանդական կանոնների ուղղությամբ պատկան իշխանություններին դիմում ներկայացնել, պատրիարքական ընտրության համար թույլտվություն խնդրելով, որպեսզի Պատրիարքական Աթոոը օժտվի նոր «ԱԶԳԸՆՏԻՐ ՊԱՏՐԻԱՐՔ»–ով։
ժողովն ավարտվեց Ընդհանուր Փոխանորդ Սրբազան Հոր «Պահպանիչ» աղոթքով։
Սա հաղորդում ենք ի գիտութիւն մեր ժողովրդին։
 
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԺՈՂՈՎ
26 Հոկտեմրեր 2016 թ.
10942
 
Ասուլիսին ներկա լրատվամիջոցները
1.Շանթ TV
2. USA ARMENIA TV
3.ArmeniaTV
4.KentronTV
5.ԱՐ TV
6.Nt.am
7.Armtimes.com
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play