Ամերիաբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքել են արտահանումը խթանող համաձայնագիր


Ամերիաբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքել են արտահանումը խթանող համաձայնագիր

  • 28-10-2016 16:35:00   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն ս.թ. հոկտեմբերի 28-ին բանկի գլխամասային գրասենյակում ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի նպատակն է Հայաստանից արտահանում իրականացնող ընկերություններին ապահովագրել գնորդի չվճարումից՝ պայմանավորված առևտրային և քաղաքական ռիսկերով:
 
Դրա արդյունքում արտահանողները ֆակտորինգային ֆինանսավորում ստանալիս ոչ միայն հնարավորություն են ունենում արտահանված ապրանքների դիմաց ստանալ վաղաժամկետ վճարում՝ մեծացնելով շրջանառու միջոցները, այլ ապահովագրված են լինում գնորդի հետագա հնարավոր անվճարունակությունից: Ֆակտորինգը ստանալով արտահանման պայմանագրի արժույթով՝ միաժամանակ հնարավորություն է ստեղծվում չեզոքացնել արտարժույթի տատանման ռիսկերից հնարավոր բացասական արդյունքը։ 
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Ամերիաբանկն ակտիվ գործունեություն է ծավալում ֆակտորինգային ֆինանսավորման ուղղությամբ, ընթացիկ տարվա 9 ամսվա կտրվածքով բանկի ֆակտորինգային գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 50 մլն ԱՄՆ դոլար, որի շուրջ 80%-ը բաժին է ընկնում արտահանման ֆակտորինգին: Այս համաձայնագրի ստորագրումը մեզ հնարավորություն կտա առավել պարզեցված գործընթացով և զսպված ռիսկերով իրականացնել ֆակտորինգային ֆինանսավորումը, ինչը կնպաստի Հայաստանի արտահանման ծավալների մեծացմանը, հետևաբար և հանրապետություն մուտք գործող ֆինանսական հոսքերի աճին»:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը նշեց. «Ամերիաբանկի հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում գործակալության ծառայությունների շահառու հանդիսացող արտահանողներին առավել արդյունավետ կառավարել շրջանառու կապիտալը արտահանմանը հաջորդող տարաժամկետ վճարման փուլում, ավելացնել արտադրության ծավալները, ինչպես նաև, լինելով ապահովագրված օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկից, բացահայտել նոր շուկաներ։»
 
***«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: 
 
***«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 2013 թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ որպես արտահանման խթանման արդյունավետ գործիքակազմ: Ընկերությունը ՀՀ կառավարության մանդատով տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից, նպաստում տնտեսվարող սուբյեկտներին անգրավ ֆինանսավորման տրամադրմանը ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում:
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play