Մոսկվան երևի չի ուզում, որ սփյուռքը խառնվի հայաստանյան կյանքին


Մոսկվան երևի չի ուզում, որ սփյուռքը խառնվի հայաստանյան կյանքին

  • 07-11-2016 17:58:43   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում է բարելավել ներդրումային դաշտը Հայաստանում, նշում, որ պետք է այնպես անել, որ մարդիկ առանց վախենալու գան ու ներդրումներ անեն մեր երկրում։ Այս առումով Դուք տրամադրությունների փոփոխություն նկատո՞ւմ եք Հայաստանում և որպես գործարար՝ կփորձե՞ք հույսեր կապել այս կառավարության հետ, թե տարբերություն չեք տեսնում ներկա ու նախորդ կառավարությունների միջև։

 

Ես անձամբ Կարեն Կարապետյանի՝ քաղաքապետ եղած ժամանակ Երևանում էի, և ինձ համար նա նոր դեմք չէ քաղաքականության մեջ։ Նա Սերժ Սարգսյանի քաղաքական ընտանիքին է պատկանում, և ես չեմ հավատում, որ նրանք պիտի փոխեն իրականությունը։ Նրանք խոսքով և հույս տալով կարող են ժողովրդին հավատացնել, որ իրենք բարեփոխումներ են անելու, բայց եթե իրականում Կարեն Կարապետյանն ուզում է բան փոխվի, պետք է կտրուկ քայլեր աներ, օրինակ՝ պատժեն կամ դատեն նրանց, որոնք ապօրինի կերպով ու գողություններով հարստացել են։ Դրանով նրանք ցույց կտային, որ իսկապես ուզում են փոփոխություններ, և ժողովուրդն էլ գուցե հավատար, բայց երբ նրանք հանցանքներ գործած պաշտոնյաներին չեն դատում, ես որևէ տարբերություն նրանց և նախորդների միջև չեմ տեսնում։ Հիմա կարող են ինձ մեղադրել հոռետես լինելու և ոչ մի լավ բան չտեսնելու մեջ, բայց իրականում իշխանությունները կոնկրետ ոչինչ չեն անում, որպեսզի մենք կտրուկ քայլեր տեսնենք իրենց կողմից և հույս տեսնելով վերադառնանք և նորից ներդրումներ անենք Հայաստանում։ Ես չեմ հավատում այս իշխանություններին, որովհետև ոչ մի կտրուկ փոփոխություն չեմ տեսնում։ Այսինքն այն ամենը, որ մենք գիտեինք կամ ենթադրում էինք, շարունակվում է, էլ ինչո՞ւ պիտի վստահենք, միայն այն բանի համար, որ Կարեն Կարապետյանն իր հագուկապի ու խոսելու ձևերով մի փոքր ավելի եվրոպակա՞ն է։

 

Իսկ ո՞ր դեպքում կհավատայիք ՀՀ իշխանություններին։

 

Այն ժամանակ նախարարներ կային ու հիմա էլ կան, որոնք անչափ հարուստ են։ Ուզում եմ հասկանալ, այդ մարդիկ որտեղից և ինչպես են այդքան հարստություն կուտակել, երբ որ Խորհրդային ժամանակներից ժառանգություն չեն ստացել այդ հարստությունը։ Նրանք փաստացի պետության հաշվին են հարստացել։ Դե թող պատժեն այդ մարդկանց և ապացուցեն, որ իրենք նույնկերպ չեն օգտագործելու իրենց պաշտոնական դիրքը և չեն հարստանալու։

 

Այսինքն՝ խնդիրը պատասխանատվության ինստիտուտն է։

 

Այո, նրանք պետք է պատասխան տան, պետք է դատվեն։ Բայց, մյուս կողմից, ես Հայաստանում չեմ տեսնում փոփոխություն նաև արդարադատության ոլորտում, որը պետք է դատի իմ նշած մարդկանց։ Երբ արդարադատությունը մի փոքր կազատվի քաղաքական ուժերից, կարող ենք նորից հույս ունենալ, բայց ես նման բան չեմ տեսնում այսօր։ Տեսնում ենք միայն կոսմետիկ, ձևական փոփոխություն, որովհետև Կարեն Կարապետյան անձն ավելի ժամանակակից վարչապետ է իր հագուկապով, ձևերով, բայց բովանդակային առումով ի՞նչ փոփոխություն կա Հայաստանում, ես չեմ տեսնում։ Պարզապես իշխանությունները պատրաստվում են ընտրությունների, այս ամենը, դժբախտաբար, նախընտրական քարոզարշավի շրջանակներում է արվում։ Շատ կցանկանայի սխալվել, և 5-6 ամիս անց ինձ ասեին՝ տեսաք, դուք սխալվեցիք։

 

Վերջին շրջանում սփյուռքն ակտիվացել է, մասնավորապես, Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի նախաձեռնությամբ ստորագրահավաք է սկսվել՝ ուղղված Հայաստանում արդարության հաստատմանը։ Արդյոք միացե՞լ եք ստորագրահավաքին և Ձեր կարծիքով սփյուռքն ինչպե՞ս կարող է օգտակար լինել այստեղ փոփոխությունների հասնելուն։

 

Անշուշտ, սփյուռքը պետք է ավելի ակտիվ լիներ և ներգրավվեր Հայաստանում քաղաքական որոշումների կայացմանը։ Արսինե Խանջյանի ու Սերժ Թանկյանի նախաձեռնությունը դրական եմ գնահատում, բայց եթե նրանք գնում են ընտրությունները վերահսկելու ճանապարհով և հույս ունեն, որ նման ձևով կարող է Հայաստանում բան փոխվել, իրենք, դժբախտաբար, սխալվում են։ Ես հույս չունեմ, որ այս պետության մեջ ընտրություններով կարող է բան փոխվել։ Սփյուռքը պետք է ավելի կազմակերպվի, ուժ դառնա, որ կարողանա ինչ-որ կերպ ազդել Հայաստանի քաղաքական իրավիճակի ու պետական մարմինների վրա։ Կարծում եմ՝ մենք դա կարող ենք անել, ու դա պետք է շուտ անել, որովհետև չեմ կարծում, որ Հայաստանն այդքան երկար ժամանակ ունի իր ապագան ապահովելու հարցում։ Շատ մտահոգիչ է, երբ տեսնում ես, թե տարեկան քանի մարդ է հեռանում Հայաստանից։

 

Տեսակետ կա, որ սփյուռքն իրավունք չունի ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում, և ՀՀ ներքաղաքական խնդիրներով պետք է զբաղվեն նրանք, որոնք ապրում են Հայաստանում։ Դուք կիսո՞ւմ եք այս մոտեցումը։

 

Այսինքն՝ սփյուռքն իրավունք ունի փող հավաքել Հայաստանի համար, բայց քաղաքական հարցերին խառնվելու իրավունք չունի՞։ Սփյուռքը հայկական աշխարհի մի մասն է։ Եթե պիտի սփյուռքն օգտագործեն նյութական խնդիրներ լուծելու համար, ապա նա պետք է իրավունք ունենա և կարողանա իր ազդեցությունն ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում։ Սփյուռքում շատերը մտահոգ են Հայաստանի ապագայով, մարդը մեղավոր չէ, որ ծնվել է Հայաստանի սահմաններից դուրս, և եթե մի փոքր վիճակը լավանա կամ վիճակները ների, հնարավոր է, վերադառնան Հայաստան ապրելու։ Եթե Հայաստանը վաղը փոխվի, ավելի արդար, ապագա ու հեռանկար ունեցող երկիր դառնա և սփյուռքի մեջ վստահություն առաջանա, վստահ եմ, որ շատ ավելի մարդիկ կվերադառնան։ Իսկ դրան հասնելու համար սփյուռքը պետք է կարողանա իր ազդեցությունն ունենալ հիմա։

 

Սփյուռքում հիմա շատ մարդիկ կան, որ խելացի են, մեծ դիրքեր ունեն, կարող են Հայաստանի համար լոբբինգ իրականացնել, օգնել Հայաստան պետության հզորացմանը, և ինչո՞ւ չպետք է այդ մարդկանց հնարավորություններից օգտվենք, ինչու պետք է միայն տարին մեկ անգամ փող հավաքենք, ուղարկենք Հայաստան ու վերջ։ Ես դա սխալ եմ համարում։ Ճիշտ հակառակը, Հայաստանն ինքն էլ պետք է կամք ունենա դա ընդունելու, ոչ թե վախենա, որ սփյուռքը կարող է խառնվել Հայաստանի գործերին։ Գուցե պատճառը նա է, որ ՀՀ իշխանությունները ռուսական ազդեցության տակ են, և Մոսկվան երևի չի ուզում, որ սփյուռքը խառնվի հայաստանյան կյանքին։ Ես կարծում եմ, որ սփյուռքը հարստություն է և այն պետք է օգտագործվի ոչ միայն նյութական, այլև քաղաքական, տնտեսական ոլորտներում։

 

Իսկ ինչպիսի՞ն է այդտեղ հայության վերաբերմունքը Հայաստանում սպասվող ընտրություններին։ Ում կողմն է համակրանքը։

 

Ես չգիտեմ, թե ում կողմն է համակրանքը, բայց կան շատերը, որոնք մտահոգ են և մտածում են, որ պետք է ակտիվ լինել, գալ, ներկա լինել, որ ժողովուրդը կարողանա ազատ ընտրություն կատարել, բայց կարծում եմ՝ այս անգամ էլ ականատես ենք լինելու, որ ընտրություններն արդար չանցան։ Հնարավոր է՝ մարդիկ ընտրատեղամասերում չտեսնեն խարդախությունները, բայց իշխանությունները դրամով և իրենց հայտնի ձևերով նորից հասնելու են իրենց ուզածին, և արդար ընտրություններ չեն լինելու։ 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play