«Վիգեն Սարգսյանը տապալեց իր առաքելությունը». Մեկնաբան


«Վիգեն Սարգսյանը տապալեց իր առաքելությունը». Մեկնաբան

  • 10-11-2016 18:05:55   | Հայաստան  |  Վերլուծություն
Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումն այնքան անսպասելի կամ անակնկալ չէր, որքան օրինակ Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում, բայց այդուամենայնիվ առաջացրեց հանրային հակասական տպավորություն: Շատերն էին փորձում հասկանալ, թե ինչ պետք է անի Վիգեն Սարգսյանը բանակում, այն էլ պատերազմի ընթացքում ձեւավորված եւ փաստացի պատերազմի ռեժիմում գտնվող, ըստ այդմ դրանից բխող հոգեբանական առանձնահատկություններ ունեցող բանակում:
 
Սերժ Սարգսյանը փորձեց ձեւակերպել այդ հարցերի պատասխանը, հայտարարելով, որ աճում է ռազմա-քաղաքական դիվանագիտության դերը: Ըստ այդմ, Վիգեն Սարգսյանի առաքելություն էր ներկայացվում հենց դա, իսկ բանակի անմիջական ղեկավարումը դրվում է Գլխավոր շտաբի պետի` պատերազմով անցած Մովսես Հակոբյանի վրա, որն ըստ պատերազմով անցած այլ ոչ պակաս վաստակավոր հրամանատարների, բավական ճանապարհ է անցել նաեւ հետպատերազմական կոռուպցիայի միջով:
Սերժ Սարգսյանի բաժանումն ու գործառույթների նկարագրությունն իհարկե ընդհանուր բացատրություն էին, բայց չհաղթահարեցին հասարակական ընկալման հակասականությունը:
Դա արդեն փորձեց անել Վիգեն Սարգսյանն ինքը, առաջ քաշելով ազգ-բանակ հայեցակարգը, որը Հայաստանի պայմաններում գործնականում այլընտրանք չունեցող հայեցակարգ է, եւ քննարկելի կարող են լինել դրա կիրառման մոդելները:
Բայց, դրա վերաբերյալ էլ Սարգսյանից ակնկալվում էին բացատրություններ, որոնք սակայն առարկայորեն համոզիչ կամ պարզ չէին: Ի վերջո, իրավիճակը չափազանց պարզ է, երբ հռչակվում է ազգ-բանակ հայեցակարգ եւ հայտարարվում, որ խնդիրը հանրային կյանքն ու ռազմական բնագավառը փոխկապակցելն է, փոխօգնության արդյունավետ մեխանիզմներ մշակելը կամ եղածը առավելագույնս կատարելագործելը:
Վերջին հաշվով, Հայաստանում արդեն 25 տարի` ներառյալ Արցախը, ազգն ապրում է բանակի համար: Ազգը տվյալ պարագայում դիտարկենք հասարակության հոմանիշ: Հասարակությունը Հայաստանում ապրում է բանակի համար, ապրել է բանակի համար, եւ ապրել է բանակով` որովհետեւ այդ բանակում, այն էլ ամենավտանգավոր դիրքում, առաջին գծում, հենց հասարակության ամենաշարքային շերտերի զինվորներն ու սպաներն են: Հայաստանում բանակ-հասարակություն կապակցվածության խնդիր չկա:
Հայաստանում խնդիրը «էլիտա»-բանակ կապակցվածությունն է, կամ պարզ ասած` երբ «էլիտան» էլ ապրում է բանակի համար, ապրում է բանակով, երբ «էլիտան» բանակում ներկայացված է այնպես, ինչպես շարքային քաղաքացին, երբ բանակը չեզոքացնում է սոցիալական դասակարգումը:
Մինչդեռ Հայաստանում 25 տարվա ընթացքում ձեւավորվել է վիճակ, երբ «էլիտան» ապրում է ոչ թե բանակի համար կամ բանակով, այլ բանակի հաշվին:
Ազգ-բանակ հայեցակարգը հանրության համար հասկանալի լինել կարող է այն դեպքում, երբ ենթադրի կոնկրետ քայլեր հենց այդ խնդիրը լուծելու համար: Հասարակությունը Հայաստանում վաղուց է հասկացել եւ գիտե, որ պատերազմի վիճակում է եւ թերեւս դեռ երկար ժամանակ կմնա դրա մեջ, ու գիտե, որ դրան պատրաստ լինելով է հնարավոր նվազեցնել ռիսկը եւ հավանականությունը:
Ապրիլի պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանում իշխող «էլիտան» է, որ «չգիտե» պատերազմի մեջ գտնվելու մասին, ապրում է բանից «անտեղյակ», իր հարմարավետ ու թանկ կյանքով:
Այդպիսով, պաշտպանության նոր նախարարի ազգ-բանակ հայեցակարգը պետք է լիներ այն ինդիկատորը, այն գլխավոր «բացատրությունը», որ հանրությանը կմատուցվեր ռազմա-քաղաքական առումով այդ կարեւոր պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակման կապակցությամբ:
Բայց, փաստացի առաջին գործնական քայլով Վիգեն Սարգսյանը տապալում է իր առաքելությունը կամ դրա առարկայական բացատրության հնարավորությունը: Նրա առաջին գործնական քայլն առերեւույթ լինելով միանգամայն ողջունելի եւ կարեւոր, խորքային իմաստով հանդիսանում է առկա իրականության ընդամենը նոր փաթեթավորման, բայց ոչ բովանդակային եւ սկզբունքային, մտածողության վերափոխման քայլ:
Նրա առաջին քայլը ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում թիրախավորում է հասարակությանը, ոչ թե «էլիտային»: Դա Սարգսյանի առաջին խոշոր տապալումն է նախարարի պաշտոնում: Բանն այն չէ, որ հասարակությունը հրաժարվում է բանակի համար պատասխանատվությունից: Եթե Հայաստանում մինչ այժմ կա բանակ եւ եթե կա հայկական պետականություն, դա այն բանի շնորհիվ է, որ հասարակությունն ու բանակը երբեք չեն հրաժարվել իրարից եւ պետականությունից:
Հայաստանի պաշտպանության նախարարի առաքելությունն է «էլիտան» բանակին, զինվորին ու սպային կապելը, եւ ոչ թե լուսանկարներով կապելը, այլ կենսակերպով, վարքով: Եվ բանն ամենեւին այն չէ, որ նա պետք է վերցնի մահակն ու ընկնի «էլիտայի» հետեւից: Նա պետք է հանդես գա նախաձեռնություններով, որոնք այդ «էլիտային» կդնեն պատասխանատվության առաջ, իսկ հասարակությունից ոչ թե դրամ, այլ աջակցություն կակնկալեն:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն