Հայաստանում մեկնարկում է արդեն 3-րդ անգամ կազմակերպվող «Ծրագրավորման ժամ» միջոցառումը


Հայաստանում մեկնարկում է արդեն 3-րդ անգամ կազմակերպվող «Ծրագրավորման ժամ» միջոցառումը

  • 14-11-2016 14:20:18   | Հայաստան  |  Կազմակերպություններ

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ` դեկտեմբերի 18-ին «Այբ» ավագ դպրոցում (Թբիլիսյան խճ. 11/11) տեղի կունենա «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը: Հայաստանում արդեն 3-րդ անգամ կազմակերպվող այս միջոցառման նպատակն է սովորեցնել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, զարգացնել տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները:
 
Եվ այս ամենը մասնակիցները սովորում են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում:
Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի`աշխարհի 180 երկրներից: Ուրախությամբ կարելի է փաստել, որ հետաքրքրությունն այս միջոցառման նկատմամբ գնալով մեծանում է: 2015-ին միջոցառմանը մասնակցեցին 5-18 տարեկան 250-ից ավելի մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից: Մասնակիցներից շատերը շարունակեցին սովորել ծրագրավորում և արդեն իրենց առաջին քայլերն են անում որպես կրտսեր ծրագրավորողներ։
«Ծրագրավորման ժամ» միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով և ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ և առհասարակ սովորել ծրագրավորում՝ անկախ տարիքից: Ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն: Մասնակիցների գրանցումը կմեկնարկի դեկտեմբերի 20-ին:
«Ապրելով տեխնոլոգիաներով հագեցած հազարամյակում՝ շատ կարևոր է երեխաներին տեխնոլոգիաներ սպառող հասարակությունից դարձնել տեխնոլոգիաներ ստեղծող։ Այն, ինչ մենք սպառում ենք առցանց տիրույթում, կարող ենք նաև ստեղծել։ Նմանատիպ միջոցառումները խթան են ծառայում դպրոցականների շրջանում ծրագրավորմամբ հետաքրքրվելու, նոր գաղափարներով հանդես գալու և հետագայում նորարար լուծումներ ստեղծելու համար», - նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:
«Ծրագրավորումը զիլ գործ է: Տարեցտարի ավելի և ավելի շատ մարդիկ են ոգևորվում ծրագրավորմամբ: Ծրագրավորում սովորելու համար չկա տարիքային սահմանափակում, ամեն մեկը ցանկացած պահի կարող է սկսել սովորել: Այսօր առանց զգալի ծախսի ծրագրավորում սովորելու բազմաթիվ միջոցներ կան: Hour of Code-ի միջոցով ցանկանում ենք,  որ այդ ոգևորիչ ճանապարհը մարդիկ սկսեն մեզ հետ»,- ընդգծեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play