«Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման պատճառով առաջացել են մի շարք խնդիրներ


«Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման պատճառով առաջացել են մի շարք խնդիրներ

  • 18-11-2016 17:05:13   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
«Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը: Ինչպես ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ընդունել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին` «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման պատճառով առաջացած խնդիրները քննարկելու նպատակով:
 
«Ինչպես տեղյակ եք, «Աշտարակ կաթ» ընկերությունը, որը կաթնամթերքի շուկայում ունի մեծ մասնաբաժին, այսօր հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում, ունի գյուղացիական տնտեսություններին կուտակած պարտքեր: Այսօր հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի մթերումների գործընթացը չընդհատվի, և ստեղծված իրավիճակի արդյունքում գյուղացիները չտուժեն», - նշել է փոխնախարարը:
 
Ռոբերտ Մակարյանը հավելել է, որ այս խնդիրն ունի շուտափույթ լուծման կարիք, քանի որ այն ժամանակին չկարգավորելու դեպքում հաջորդ տարվա գարնան և ամռան ամիսներին կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ կարող են առաջանալ մթերման հետ կապված լուրջ խնդիրներ:
 
Միաժամանակ Ռոբերտ Մակարյանը հորդորել է լրացուցիչ քանակի մթերումներ իրականացնելիս թույլ չտալ գնի նվազեցում: Հանդիպման մասնակիցները տեղեկացրել են, որ իրենց ընկերությունները պատրաստ են իրականացնել լրացուցիչ մթերումներ` կաթի ավելցուկից հարկ եղած դեպքում չոր կաթի կամ պանրի արտադրություն կազմակերպելու նպատակով: Անդրադառնալով ոլորտում առկա այլ խնդիրներին` ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են կաթնամթերքի ներկրումների նկատմամբ պետական վերահսկողության խստացումը, աջակցությունը տեղական արտադրողին, ինչպես նաև տեղական արտադրանքի մրցունակության բարձրացումը: Ի պատասխան բարձրացված խնդիրների` փոխնախարարը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ոչ միայն կաթնամթերքի, այլև այլ գյուղատնտեսական արտադրանքի մասով ներկրումները տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play