Կարեն Կարապետյանի հրետանու հարվածին ինչպես է վերաբերել Սերժ Սարգսյանը


Կարեն Կարապետյանի հրետանու հարվածին ինչպես է վերաբերել Սերժ Սարգսյանը

  • 22-11-2016 18:31:45   | Հայաստան  |  Վերլուծություն
Բանանի ներկրման, դա իրականացնող տնտեսվարողին «անհայտ անձանց» խոչընդոտելու, այդ խոչընդոտը հաղթահարելու մասին ՊԵԿ հաղորդագրությունն անկասկած նոր երանգ է Հայաստանի ներիշխանական վերադասավորումների եւ վերաձեւումների գործընթացում։
 
Ուշագրավ է փաստը, որ ՊԵԿ հայտարարությունը հաջորդեց ընդամենը օրեր առաջ Կարեն Կարապետյանի մի ուշագրավ հայտարարությանը, որն առնչվում էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, որը մի քանի աղմկոտ որոշում էր կայացրել գարեջրի ոլորտում գործող սուբյեկտների վերաբերյալ։ Վարչապետը Շաբոյանին հորդորեց հանգիստ թողնել գարեջրի շուկան, որտեղ մրցակցություն կա, եւ զբաղվել առաջին անհրաժեշտության ապրանքային շուկաներով, որոնց վերաբերյալ կան դժգոհություններ ու մտահոգություններ։
Դրանից օրեր անց տարածվում է բանանի շուկայի մասին ՊԵԿ հայտարարությունը, որը փաստացի հայտարարություն է այդ շուկայում մենաշնորհը փաստացի օպերատիվ միջոցառումներով «կոտրելու» մասին։ Իհարկե, հայտարարությունն առաջացնում է մի շարք հարցեր, իսկ մենաշնորհի հարցն իհարկե մեղմ ասած շարունակում է մնալ բաց, սակայն ՏՄՊՊՀ-ին ուղղված Կարեն Կարապետյանի հորդորից հետո ՊԵԿ հայտարարությունը արտացոլում է «ստորջրյա» բավականին ուշագրավ զարգացումներ։
 
Այն, որ ՊԵԿ-ը` նոր ղեկավար, Գազպրոմ Արմենիայի նախկին տնօրեն եւ Կարեն Կարապետյանի փաստացի երկար տարիների նախկին տեղակալ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ լինելու էր վարչապետի պաշտոնում Կարապետյանի ծանր հրետանին, թերեւս անկասկած էր։ Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահի պաշտոնում սկսեց ձեւավորել իր թիմը, ազատվեց մի շարք ֆիգուրներից, որոնք տեւական ժամանակ հանդիսանում էին ՊԵԿ այսպես ասած օդիոզ կերպարները եւ գործարար աշխարհում ունեին մեղմ ասած վատ համբավ եւ ընկալում։ Հարությունյանը հայտարարեց, որ խաղի կանոնները փոխվել են եւ շուտով բոլորը կտեսնեն, թե ինչպես են պայքարում։
Միաժամանակ, մենաշնորհների, ստվերի, հովանավորչության դեմ պայքարի հարցը Կարեն Կարապետյանի վարչապետությունն ուղեկցող առաջին եւ ամենակարեւոր հարցերից մեկն է։ Ընդ որում, խոսքն այստեղ ինտրիգայնության մասին չէ։ Պարզապես, տնտեսական վիճակի փոփոխության հարցում որեւէ վարչապետ չի կարող ակնկալել որեւէ էական արդյունք, եթե արդյունք չի կարողանում ապահովել մենաշնորհների, ստվերի դեմ պայքարում։
Իհարկե այստեղ իրավիճակը բոլորովին միարժեք չէ եւ մենաշնորհների համակարգային հաղթահարումը պահանջում է առավել խորքային քայլեր, քան այն, ինչ արտացոլված է ՊԵԿ հայտարարության մեջ։ Բայց, միաժամանակ հասկանալի է, որ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ մի շարք պատճառներ գործնականում անհնար են դարձնում կայծակնային, կտրուկ քայլերը, որքան էլ դրանք ունենան հանրային խիստ եւ հիմնավոր պահանջարկ ու բխեն նաեւ տնտեսության եւ պետության իրավիճակի հրամայականից։ Ի վերջո, անկախ այս կամ այն սեգմենտից, իշխող համակարգում գլոբալ խնդիրը, առաջնահերթությունը շարունակում է լինել իշխանության պահպանումը։
Այդուհանդերձ, հենց իշխանության խնդիրն էր առաջ է բերում ներիշխանական շահերի բախում, որտեղ ներկայումս առաջին գծում է հայտնվել Կարեն Կարապետյանը եւ կանգնել պատասխանատվության ու մի շարք քայլեր կատարելու անհրաժեշտության առաջ։ Եվ այդ իմաստով, ՊԵԿ հայտարարությունը փաստացի Կարեն Կարապետյանի բավական լուրջ հրետանային հարվածն է, որի թիրախներն իհարկե ավելի շատ քաղաքական են, քան տնտեսական։ Հատկանշական է, որ ՊԵԿ հայտարարությունը հնչում է վարչապետի ՀՀԿ-ական դառնալու մասին խոսակցությունների, եւ այդ հեռանկարի պաշտոնապես դեռեւս անորոշ լինելու ֆոնին, ինչը ստեղծում է տպավորություն, որ ընթանում է վարչապետ-Սերժ Սարգսյան-ՀՀԿ եռանկյունու բավականին մեծ լարմամբ դիրքային պայքար։
Այդ իմաստով, ՊԵԿ հայտարարությունը Կարեն Կարապետյանի հրետանային հարվածն էր այդ դիրքերին։
Կլինի՞ հակահարված։ Դա հետաքրքրական հարց է եւ անկասկած կախված է նրանից, թե Կարապետյանի հրետանու հարվածին ինչպես է վերաբերել Սերժ Սարգսյանը։
Այդ ֆոնին, ի դեպ, ուշագրավ վիճակ է շաքարավազի շուկայում։ Ինչպես գրում է Հայկական Ժամանակը, վերջին օրերին շաքարավազի գինը Հայաստանի խանութներում կտրուկ աճում է։ Եվ թեեւ շաքարավազի գինն աճում է նաեւ միջազգային շուկայում, այդուհանդերձ թերթը գրում է, որ Հայաստանում վաճառվող շաքարավազը արտադրվում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում, նախորդ տարի ներկրված զգալիորեն էժանացած հումքից, հետեւաբար կարծես թե չկա թանկացման տնտեսական հիմնավորում։
Ինչպես հայտնի է, շաքարավազի շուկան Հայաստանում աչք ծակող մենաշնորհի մյուս աղմկոտ շուկան է եւ այստեղ գնային կտրուկ աճը արդյո՞ք սպասվող հարվածի դեմ Սամվել Ալեքսանյանի ինքնապաշտպանական ռեակցիան է, սաբոտաժի սպառնալիք` Կարապետյանի հրետանային հնարավոր հաջորդ հարվածը կանխարգելելու համար։
Իսկ հարվածը հավանական է, դատելով այն արագությունից, որ զարգացրեց վարչապետը Շաբոյանին արված նկատողությունից հետո։ Կարեն Կարապետյանը դրանով փաստացի արձանագրեց, որ ՏՄՊՊՀ կարեւոր գործիքն իր ձեռքում չէ, բայց գրեթե անմիջապես ցույց տվեց, որ այդուհանդերձ իր ձեռքում է մեկ այլ ուժգին միջոց` ՊԵԿ-ը, որն էլ դրվեց գործի։
Հրետանին, ինչպես հայտնի է, համարվում է «պատերազմի Աստվածը» եւ մարտերի ելքը զգալիորեն վճռում է այն, թե ինչպես կգործի հրետանին։ Ակնհայտ է, որ ոչինչ չի ավարտվելու մեկ համազարկով, այլ հակառակը` միայն սկսում է։ Ուշագրավ է, թե որն է լինելու երկրորդ թիրախը։
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն