Օբյեկտիվ քննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ քրգործն ընդունվել է վարույթ


Օբյեկտիվ քննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ քրգործն ընդունվել է վարույթ

  • 25-11-2016 15:58:19   | Հայաստան  |  Իրավունք

Ճանապարհային ոստիկանության աշխատակից, ոստիկանության կապիտան Էդվարդ Դ.-ն հայտնել է, որ 2016թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 23:30-ին, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել է «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ Գարիկ Ա.-ն, չենթարկվելով իր օրինական պահանջներին, անհիմն վիճաբանել է իր հետ և բռնություն կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
 
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Գարիկ Ա.-ն, իր հերթին, հայտնել է, որ դեպքի ժամանակ իրեն ստիպողաբար ծառայողական ավտոմեքենան նստեցնելիս ոստիկաններից մեկը բռնություն է կիրառել իր նկատմամբ, որը շարունակվել է նաև ոստիկանական մեքենայի մեջ, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:  
 
Բացի այդ, Գարիկ Ա.-ի կինը ևս հաղորդում է ներկայացրել այն մասին, որ դեպքի ժամանակ իրենց ավտոմեքենան կանգնեցնելուց հետո, ինքը փորձել է միջամտել ամուսնու և ոստիկանի միջև ծագած վիճաբանությանը, սակայն ոստիկաններից մեկը իր նկատմամբ ևս բռնություն է կիրառել, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ:
 
Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործը հանձնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայության
 
լրատվական ծառայություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play