Պրոպարկոն և Ամերիաբանկը կնքել են 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր


Պրոպարկոն և Ամերիաբանկը կնքել են 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր

  • 29-11-2016 13:46:01   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Պրոպարկոն (Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր ձեռնարկությունը, որն իր գործունեությունն է ծավալում մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ) և Ամերիաբանկը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ներկայությամբ, այսօր կնքեցին 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր:
 
Տրամադրված ֆինանսավորման գումարը նախատեսվում է ուղղել Հայաստանում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդի վերամշակման, կրթության և առողջապահության ոլորտներում գործարարության աջակցության, տնտեսական աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից կենսական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը: Ճկուն պայմաններով երկարաժամկետ ֆինանսավորումը կնպաստի երկրում գործարարության աճին և ընդլայնմանը, ինչպես նաև տեղական և արտահանման շուկաներում հայկական ընկերությունների մրցունակության բարձրացմանը: 
Սա Ամերիաբանկի և «Պրոպարկո» ընկերության միջև կնքված երկրորդ գործարքն է: Պրոպարկոյի առաջին ֆինանսական ներդրումը Հայաստանում կատարվել էր դեռևս 2013 թ-ին, երբ ընկերության և Ամերիաբանկի միջև կնքվեց 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր՝ փոքր և միջին ձեռնարկությունների, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի ոլորտների ֆինանսավորման նպատակով: Երեք տարի անց Պրոպարկոն ընդլայնում է տնտեսության այն հատվածների ցանկը, որոնք պետք է ֆինանսավորվեն Ամերիաբանկի հետ կնքված նոր վարկային պայմանագրով տրամադրվող միջոցների հաշվին: 
 
«Ուրախ ենք, որ 2013 թ-ից համագործակցում ենք Հայաստանում առաջատար ֆինանսական հաստատություն համարվող Ամերիաբանկի հետ: 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով այս նոր վարկը Ամերիաբանկին թույլ կտա ընդլայնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում իր նախագծերի պորտֆելը և խթանել բանկի աճը բնակարանաշինության, գյուղատնտեսության, առողջապահության և կրթության վարկավորման բնագավառներում: Նշված հատվածներին աջակցելը հստակ կերպով ամրագրված է «Պրոպարկո» ընկերության և Ֆրանսիական զարգացման գործակալության քաղաքականությամբ», - նշեց «Պրոպարկո» ընկերության ֆինանսական հաստատությունների գծով ղեկավար Գիյոմ Բարբրուսը: 
 
«Ամերիաբանկը շատ բարձր է գնահատում «Պրոպարկո» ընկերության հետ համագործակցությունը: Այս երկրորդ վարկային պայմանագիրը, որի գումարն ավելի մեծ է, միանշանակ կընդլայնի մեր համագործակցության շրջանակները՝ ծառայելով տարբեր ոլորտներ ներկայացնող մեր հաճախորդների շահերին: Կարծում ենք, որ սա նշանակալի օր է Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործարար հարաբերությունների հաստատման տեսանկյունից: Այս պայմանագիրը որպես լուրջ հիմք կծառայի Հայաստանի տնտեսության առանցքային ենթակառուցվածքներում Ամերիաբանկի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման համար», - նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play