Հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել են սահմանը խախտելու<br /> դեպքեր<br />


Հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել են սահմանը խախտելու
դեպքեր

  • 11-01-2010 15:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
Ուշադրություն, ուղարկվում է լուրի լրացված տարբերակը ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի դեկտեմբերի 28-ի ժամը 9-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզում սահմանը խախտելու փորձ կատարելիս ձերբակալվել է Ադրբեջանի Հանրապետության Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչ, 1963թ.-ին ծնված Էլդար Հեյդար օղլի Թաղիեւը: Ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հունվարի 10-ի ժամը 19-ի սահմաններում գրանցվել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջեւան հատվածի խախտման միջադեպ: ՀՀ քաղաքացի Եղիշե Պետրոսի Գեւորգյանը (ծնվ. 1958թ.), կնոջ եւ երեք անչափահաս երեխաների հետ (7, 6 եւ 3 տարեկան) «Երազ» մակնիշի ավտոմեքենայով, չենթարկվելով հայ սահմանապահների նախազգուշական հրահանգներին, ճեղքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված արգելափակոցները եւ հատելով սահմանը, ադրբեջանական կողմից ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակահերթի ներքո` անցել է Նախիջեւանի տարածք: Հայ սահմանապահների կողմից ոչնչացման կրակ չի բացվել` ելնելով ավտոմեքենայում երեք անչափահաս երեխաների գտնվելու հանգամանքից: Ե.Գեւորգյանը նախկինում 8 անգամ դատապարտվել է կողոպուտի, ավտոմեքենաների գողության եւ այլ հանցանքների համար: Դեպքի մասին տեղեկացվել են միջազգային համապատասխան հումանիտար կազմակերպությունները: Նշված դեպքերի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: Հարուցվել են քրեական գործեր, դեպքերի մանրամասները ճշտվում են:
Նոյյան տապան  -   Քաղաքական