Ամանորը և ներքին առեւտուր կազմակերպողների ակնկալիքները.hraparak.am


Ամանորը և ներքին առեւտուր կազմակերպողների ակնկալիքները.hraparak.am

  • 02-12-2016 14:37:19   | Հայաստան  |  Վերլուծություն

hraparak.am. Այն, ինչ վերջին տարիներին տեղի է ունենում մեր երկրում օտարերկրյա ներդրումների մասով, ոչ այլ ինչ է, քան փախուստ բորոտությամբ հիվանդ տնտեսությունից: Եվ ժամանակն է, որ կառավարությունը մտածի նախ իր «հիվանդին» բուժելու, ապա միայն` «էստի համեցեք» կանչելու: 
 
Մեր տնտեսության իրական հատվածում վերջին տարիներին կատարվող օտարերկրյա ներդրումներն այնքան նվազել են, որ այլեւս դրանք դադարել են տնտեսության առաջխաղացման գործոն լինելուց: Այս տարվա ինն ամիսներին եւս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը նվազել է ավելի քան 69,6 մլրդ. դրամով եւ կազմել հազիվ 27 մլրդ. դրամ: Մեր հույսն ու ապավենը մնացել են Կիպրոսը, Միացյալ Թագավորությունը եւ Լյուքսեմբուրգը, որոնց ուղղակի ներդրումները կազմել են, համապատասխանաբար, 34,9 մլրդ., 32,3 մլրդ. եւ 29 մլրդ. դրամ: Իրականում կարելի էր այսքանով էլ վերջակետ դնել: Սակայն քանի որ մեր տնտեսության համար ոչ մեծ ներդրումն անգամ երեւույթ է, ապա նշենք, որ Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի ներդրումների մասով տարվա ընթացքում առաջնակարգ դիրքերում են հեռավոր Միացյալ Նահանգները` 6,6 մլրդ. Դրամ, եւ Գերմանիան` 4,2 մլրդ. դրամ, Արգենտինան` գրեթե 3 մլրդ. դրամ եւ այլն: Ընդհանուր առմամբ, ուղղակի ներդրումների ծավալն ինն ամսվա ընթացքում կազմել է 44,4 մլրդ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 80,2 մլրդ. դրամի դիմաց, այսպիով, արձանագրելով շուրջ 45% նվազում: Նկատենք նաեւ, որ ուղղակի ներդրումների առյուծի բաժինը` մոտ 30,5 մլրդ. դրամ (Միացյալ Թագավորություն), ուղղվել է հանքագործական արդյունաբերությանը, շուրջ 6 մլրդ. դրամն էլ (Գերմանիա)` հիմնային մետաղների արտադրությանը: Տնտեսության մեջ ուղղակի ներդրումների մասով շուրջ 3 մլրդ. դրամն ուղղվել է բուսաբուծության, անասնապահության եւ հարակից ծառայություններին (Արգենտինա), մոտավորապես 2,7 մլրդ. դրամ` մեծածախ առեւտրին, 2 մլրդ. դրամ` անշարժ գույքի գործունեության հետ կապված (Ռուսաստանի Դաշնություն) եւ այլն:
 
Մինչդեռ անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումների մասով առաջնակարգ դիրքերում էին Շվեյցարիան, դարձյալ` Լյուքսեմբուրգը եւ Ռուսաստանի Դաշնությունը: Վերջինիս կողմից կատարված ուղղակի ներդրումները նախորդ տարվա երեք եռամսյակներում կազմել են 14,4 մլրդ. դրամ: Այս տարի մեր ռազմավարական գործընկերն իր դիրքերը համեստորեն զիջել է ոչ «ռազմավարական» գործընկերներին: Ուստի խոսակցությունները, թե ԵԱՏՄ շուկային անդամագրվելով` մեր երկիրն ավելի շատ օտարերկրյա ներդրումներ կներգրավի, ընդամենը տեսական դատողություններ էին: Մինչդեռ կյանքը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ շուկան ոչ միայն օտարերկրյա ներդրողներին, այլեւ իրենց` անդամ երկրներին, հետաքրքիր չէ:
 
Հոկտեմբերին` վերջին 9 տարիների ամենացածր ցուցանիշը
 
Ամենեւին հուսադրող չէ նաեւ ֆիզիկական անձանց միջոցով հոկտեմբերին կատարված դրամական փոխանցումների մասին Կենտրոնական բանկի տեղեկատվությունը: Ըստ այդմ` հոկտեմբեր ամսվա ընթացքում բանկային համակարգով Հայաստան է փոխանցվել մոտ 136,5 մլն. դոլար` մոտավորապես 10 մլն. դոլարով ցածր, քան եղել է հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին: Սա նշանակում է, որ վերջին երեք ամիսներին մեր աշխատանքային միգրանտների եւ, պարզապես, արտերկրում գտնվող մեր շատ հայրենակիցների ֆինանսական վիճակն էլ ավելի է վատացել: Ի դեպ, տվյալ ամսվա համար սա վերջին 9 տարիների ամենացածր ցուցանիշն է: Դրամական փոխանցումների ներհոսքի շուրջ 65%-ն իրականացվել է Ռուսաստանի Դաշնությունից` կազմելով 88,2 մլն. դոլար: Միաժամանակ, հոկտեմբերին դրամական փոխանցումների արտահոսքը եւս փոքր չի եղել` կազմելով շուրջ 76,1 մլն. դոլար, որից միայն 39,2 մլն. դոլարը` Ռուսաստանի Դաշնություն: Այսպիսով, բանկային համակարգով դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հոկտեմբերին կազմել է հազիվ 60,4 մլն. դոլար:
 
Մինչդեռ ընթացիկ տարվա 10 ամիսների կտրվածքով` դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 556,5 մլն. դոլար` նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատ, նվազելով շուրջ 181,5 մլն. դոլարով: Իսկ առանց դրամական փոխանցումների արտահոսքի` նախորդ տարվա 10 ամիսների համեմատ նվազումը կազմել է 138 մլն. դոլար: Սա նշանակում է, որ ընթացիկ տարում անցյալ տարվա 10 ամիսների համեմատ ոչ միայն դրամական ներհոսքն է նվազել, այլեւ արտահոսքն է շեշտակիորեն աճել:
 
Ահա թե ինչու նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի նկատմամբ սպառողական գների 1,5% նվազման եւ միջին ամսական անվանական աշխատավարձերի 2,4% աճի պայմաններում առեւտրի շրջանառությունը ոչ միայն չի աճել, այլեւ անգամ 0,1%-ով նվազել է: Իսկ եթե հոկտեմբերը համեմատենք սեպտեմբերի հետ, ապա նվազումն արդեն իրոք շոշափելի է` 2,4%: Այսինքն` քաղաքացիների գնողունակությունը նվազել է ոչ միայն նախորդ տարվա համեմատ, այլեւ` անգամ նախորդ ամսվա: Թե մինչեւ ուր կհասնի գնողունակության նվազող մակարդակը, դժվար է ասել: Սակայն չի բացառվում, որ Ամանորին նախորդող վերջին ամիսը եւս առանձնապես չարդարացնի ներքին առեւտուր կազմակերպողների ակնկալիքները: Ժամ առ ժամ ծանրացող սոցիալական պայմաններն այսուհետ ավելի քիչ քաղաքացիների հնարավորություն կտան Ամանորը ռեստորաններում կամ գոնե տանը հավուր պատշաճի նշելու:
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն