ԻՏՁՄ-ի ջանքերով 2016թ-ին Հայաստանում եւ Արցախում հիմնվել են 128 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա


ԻՏՁՄ-ի ջանքերով 2016թ-ին Հայաստանում եւ Արցախում հիմնվել են 128 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

  • 27-12-2016 13:36:39   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) 2016-ին իրականացրել է մի շարք միջոցառումներ ուղղված Հայաստանում մրցունակ գիտատեխնիկական կրթական համակարգի, գործարար և ռազմարդյունաբերության ոլորտների աջակցմանը:
 
Միության ջանքերով Հայաստանում (ներառյալ Արցախ) գործում են արդեն 193 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնցից 128-ը հիմնվել են 2016-ի ընթացքում: Ի դեպ, օրերս կայացած ԻՏՁՄ ամանորյա միջոցառման մուտքավճարներից գոյացած հասույթն ամբողջությամբ ուղղվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի միջնակարգ դպրոցում «Արմաթ» լաբորատորիայի ներդրմանը: Հավելենք, որ 2016-ին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն արժանացել են արդեն 2 միջազգային հեղինակավոր մրցանակի: Դրանք են Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» և Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» տիտղոսները (The best provider of IT education):
Տեխնոլոգիական կրթության բարելավմանն ու խրախուսմանն ուղղված միջոցառումներից են նաև ՀՀ-ում ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում անցկացվող «Ական փնտրող ռոբոտներ» և «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթները, «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը, «ԴիջիԿոդ» պատանեկան ծրագրավորման մրցույթը, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունը, «ԴիջիՔեմփ» նորարարական ճամբարը, ինչպես նաև «Տեխնոլոգիական» ամառային ճամբարը, որին այս տարի մասնակցել են շուրջ 700 դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից:
2016 թ-ին ԻՏՁՄ անդամների շնորհիվ Շուշիի Իրական դպրոցի հենքի վրա ստեղծվել է նաև «Իրական դպրոց» նոր կրթական ծրագիրը, որը նախատեսված է ավագ դպրոցի դասարանի աշակերտների համար: Առաջին տարին ներառում է հանրակրթական ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական ծրագիրը։  Հաջորդ երեք տարիներին ուսանողները ստանում են մասնագիտական կրթություն` «Համակարգերի տեսություն» մասնագիտության ծրագրին համապատասխան։ «Իրական դպրոցում» սովորում են արդեն 20 աշակերտներ:
ՏՀՏ բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու համար Միության կողմից այս տարի իրականացվել են ամենամյա 11-րդ «ԴիջիԹեք» ցուցահանդեսը (շուրջ120 ընկերություն 60 000 այցելու), «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը (շուրջ 1000 մասնակից), Բիզնես ինովացիոն ֆորումը, որտեղ քննարկվել է Հայաստանը 2018-ին 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու ծրագիրը, ՏՀՏ լիդների հանդիպում-ֆորումը  և «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի հանդիպումներ: Այս տարի ստեղծվել է նաև «BrainLab» բիզնես հանդիպումների ոչ պաշտոնական ֆորմատի նոր հարթակը: Այն անցկացվում է միջազգային և տեղական առաջատար կազմակերպությունների ղեկավարների փորձի փոխանակման, բիզնես հարաբերությունների ստեղծման ու զարգացման նպատակով:
Հայկական ՏՏ պատվիրակաությունը՝ ի դեմս ԻՏՁՄ-ի այս տարի մասնակցել է նաև Բրազիլիայում տեղի ունեցած ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT), որն ինչպես հայտնի է Միության ջանքերով 2019-ին անցկացվելու է Հայաստանում:  
 
Ապրիլյան պատերազմի օրերին ԻՏՁՄ հայտարարել էր ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որտեղ ընդգրված են մի շարք կամավոր ծրագրավորողներ, ինժեներներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, բժիշկներ և այլ մասնագետներ, որոնց թիվը հասնում է 300-ի: ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի շրջանակում իրականացվում է նաև «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը: Այս ծրագրի նպատակն է ծրագրավորում սովորեցնել ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայություն անցած այն երիտասարդներին` ովքեր ցանկություն ունեն մասնագիտանալու ՏՏ ոլորտում: Դասընթացի շրջանակում նախկին զինծառայողները սովորել են ծրագրավորման լեզուներ և մասնագիտական անգլերեն: Հունվարին նրանք փորձաշրջան կանցնեն ՏՏ ընկերություններում: Առաջիկայում կմեկնարկեն հերթական դասընթացները ավելի քան 80 զորացրված երիտասարդների համար:
ԻՏՁՄ-ն իրականացրել է նաև մի շարք այլ միջոցառումներ ՀՀ և միջազգային ընկերությունների հետ համատեղ:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play