Ի՞նչ կարող են Հայաստանն ու Արցախն ակնկալել ԵԱՀԿ Մինսկի խմբից.Մեկնաբան


Ի՞նչ կարող են Հայաստանն ու Արցախն ակնկալել ԵԱՀԿ Մինսկի խմբից.Մեկնաբան

  • 12-01-2017 18:18:34   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանում շարունակում է քննարկման արժանանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը վերաբերում է Չինարիի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիային:

Համանախագահների հայտարարությունը Հայաստանում ընդհանուր առմամբ արժանանում է քննադատության` հավասարության հերթական նշանի համար: Կան կարծիքներ, որ այդ հայտարարությունն անգամ հայկական կողմի դեմ է:

Հայտարարությունն իսկապես մեղմ ասած բազմիմաստ է, ընդհանուր առմամբ իհարկե Մինսկի խմբի հայտարարությունների համապատասխան: Մի կողմից կոչ է արվում կողմերին դադարեցնել դիվերսիայի համար փոխադարձ մեղադրանքները, մյուս կողմից նշվում, որ հայկական կողմում է ադրբեջանցի զինծառայողի դին, հետո էլ կոչ է արվում հայկական կողմին ցուցաբերել մարդասիրություն եւ հանձնել դին: Միաժամանակ խոսվում է Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի համաձայնություններին հավատարիմ մնալու, հրադադարը պահպանելու, եւ մասնավորապես հրադադարի հետաքննության մեխանիզմի ներդրումն ապահովելու համար:

Հայկական կողմն իրավացիորեն ակնկալում է, որ հրադադարի խախտման համար պատասխանատվությունը շեշտադրվի կոնկրետ եւ հասցեական, որպեսզի Ադրբեջանը չունենա անպատժելիության զգացում, որպեսզի դիվերսանտն ու զոհը չհավասարեցվեն:

Իսկապես, Մինսկի խմբի հայտարարության մակերեսը բերում է հավասարեցման:

Մյուս կողմից, հարկավոր է թերեւս հստակություն եւ կոնկրետություն այլ հարցում, արդեն հայկական կողմում, թե իշխանական, թե քաղաքական, թե փորձագիտական:

Հարկավոր է հստակեցնել եւ կոնկրետացնել, թե ինչ է Մինսկի խմբի համանախագահությունն ընդհանրապես, որպեսզի պարզ լինի, թե ինչ կարող են Հայաստանն ու Արցախն ակնկալել այդ խմբից, որքանով ակնկալիքները կլինեն ռացիոնալ:

Մինսկի խմբի համանախագահ են պետություններ, որոնք լիովին տարբեր շահեր եւ ռազմավարություն հետապնդող աշխարհքաղաքական ուժային կենտրոններ են, որ ներկայում առավել եւս գտնվում են միմյանց միջեւ բավական սուր դիմակայության մեջ: ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, հատկապես արեւմտյան երկու համանախագահներն ու Ռուսաստանը ունեն տրամագծորեն տարբեր, հակադիր մոտեցումներ թե Հարավային Կովկասի ստատուս-քվոյի, ուժերի հարաբերակցության, տարածաշրջանային համակեցության հեռանկարի, անվտանգության համակարգի, թե մասնավորապես այդ համատեքստում Արցախի խնդրի, այդ խնդրի կողմ հանդիսացող սուբյեկտների հետ հարաբերությունների մասով:

Ըստ այդմ, պետք է պատկերացնել, թե Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները որքանով կարող են լինել իրապես կոնկրետ եւ հասցեական, եթե չափազանց հստակ եւ կոնկրետ է այդ համանախագահների շահերի տարբերությունը: Պետք է պատկերացնել, թե Մինսկի խմբի համանախագահների յուրաքանչյուր հայտարարություն ինչպիսի բարդությամբ կարող է ստացվել եւ փոխհամաձայնեցվել: Օրինակ, ինչ բառի է դեմ Ռուսաստանը, ինչ շեշտադրում է պահանջում ԱՄՆ-ն, ինչ ձեւակերպում է փորձում ստանալ Ֆրանսիան, եւ այդպես շարունակ:

Այդ իրավիճակում, գործնականում կասկածից վեր է, որ Մինսկի խմբից հնարավոր է սպասել միմիայն ընդհանրացված, առաջին հայացքից անորոշ եւ լղոզված հայտարարություններ եւ դրանում քիչ թե շատ կոնկրետություն եւ հասցեականություն հնարավոր է նշմարել տողատակերում:

Իսկ այստեղ իհարկե բանն արդեն հասնում է մեկնաբանություններին, եւ տողատակը հնարավոր է մեկնաբանել թե այս, թե այլ կերպ:

Դա է իրողությունը, հետեւաբար անհրաժեշտ է թերեւս վերանայել թե ակնկալիքները Մինսկի խմբի համանախագահությունից, որպես ֆորմատ, թե անել հետագա աշխատանքի վերաբերյալ անհրաժեշտ հետեւություններ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը վաղուց այլեւս աշխատանքային դաշտ չէ: Այն ավելի շուտ շուկա է, որտեղ հնարավոր է իրացնել այլ դաշտերում աշխատանքի արդյունքը: Աշխատելու դաշտ կարող են լինել անդամ պետություններն առանձին-առանձին, կամ այն տիրույթները, կենտրոններն ու բեւեռները, որոնցում ներգրավված են այդ պետությունները:

Ըստ այդմ, Մինսկի խմբի համանախագահության ֆորմատից հասցեական հայտարարություն սպասելու փոխարեն, պետք է հասցեական եւ կոնկրետ աշխատանք կատարել համանախագահ պետությունների հետ: Իսկ դրա համար հարկ է կողմնորոշվել, թե որպես պետություն ինչ է ուզում Հայաստանը, որպեսզի պարզ դառնա, թե ում հետ է պետք աշխատել: Միեւնույն ժամանակ, իհարկե պետք է հասկանալ, թե ինչ են ուզում համանախագահ պետությունները: Ո՞վ է իրապես ուզում հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրում, իսկ ով չի ուզում դա:

Օրինակ, ինչու՞ ԱՄՆ նախաձեռնությամբ անցկացված Վիեննայի հանդիպման օրակարգում այդ հարցն առաջնային է, իսկ Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացված Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը, դրան հաջորդած ամփոփիչ հայտարարության մեջ ակնարկ անգամ չկար օրակարգային այդ հարցի մասին: Եվ ինչու՞ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից անմիջապես հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Երեւանում հարկ համարեց բաց տեքստով հայտարարել, որ թեեւ Սանկտ-Պետերբուրգում չկար այդ մեխանիզմի մասին խոսք, բայց իրենց համար դա է շարունակում մնալ առաջնահերթ:

Հետեւաբար, պե՞տք է եզրակացնել, որ ի տարբերություն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, Ռուսաստանի համար նպաստավոր չէ հրադադարի խախտման համար միջազային կոնկրետ պատասխանատվություն ենթադրող մեխանիզմի ներդրումը, քանի որ դա արդեն որակապես կփոխի իրավիճակը եւ թույլ չի տա որեւէ մեկին խաղալ ռազմական շանտաժի վրա:

Բազմաթիվ են հարցերը, որոնք նախ Հայաստանի պետական քաղաքականության եւ քաղաքական-փորձագիտական դաշտերում են ահանջում հստակեցում եւ կոնկրետացում Հայաստանի պետական շահի ու անվտանգության համատեքստում, որպեսզի նոր միայն դրա վրա կառուցված գործողություններով հնարավոր լինի հասնել հասցեական եւ կոնկրետ միջազգային արձագանքի՝ արդեն իրատեսական ֆորմատներում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հասնել արդեն հակամարտության տրամաբանության փոփոխության, երբ Ալիեւի համար ռազմական սադրանքները կդառնան վտանգավոր:

 

lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն