Հայաստանում գիտության նկատմամբ հետաքրքրվածության բացը փորձում է լրացնել «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության մանկական թանգարանը (տեսանյութ)


Հայաստանում գիտության նկատմամբ հետաքրքրվածության բացը փորձում է լրացնել «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության մանկական թանգարանը (տեսանյութ)

  • 17-01-2017 14:15:42   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Ամեն տարի հունվարի 17-ին նշվում է Երեխաների կողմից արված հայտնագործությունների օրը: Ինչպես այս կապակցությամբ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ փաստեց «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ մանկական թանգարանի հիմնադիր-տնօրեն Մարինա Գրիգորյանը, Հայաստանում շարունակում է բաց մնալ գիտության նկատմամբ գալիք սերունդների մեջ հետաքրքրվածություն առաջացնելու դաշտը: 
 
Ըստ նրա` հայ փոքրիկների գիտական միտքը զարգացնելու և նրանց մեջ դեպի գիտությունը սեր արթնացնելու նպատակով «Փոքրիկ Էյնշտեյն»-ը երկու տարի առաջ սկսել է այս ուղղությամբ գործունեություն ծավալել: 
«Ես և ամուսինս մոտ երկու տարի առաջ նկատեցինք, որ երեխաների համար կազմակերպվող զվարճալի միջոցառումները գրեթե միշտ կրկնվում են, նույն շաբլոն խաղերն են ու ծրագրերը, ուստի մտածեցինք, ինչպես անել, որպեսզի երեխաները սկսեն սիրել գիտությունը»,- ասաց նա` հավելելով, որ սկզբնական շրջանում հիմնականում կազմակերպել են գիտական շոու ծրագրեր` հետաքրքիր ֆիզիկական երևույթների ցուցադրությամբ: 
Նրա տեղեկացմամբ` սեպտեմբերին Երևանում բացվեց տարածաշրջանում իր տեսակով բացառիկ «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ մանկական թանգարանը, որտեղ այցելուներն անձամբ կարող են ծանոթանալ  էլեկտրականության, մագնիսականության, օպտիկայի, ֆիզիկայի, մեխանիկայի և բնագիտական այլ ոլորտներին առնչվող մոտ 25 ցուցանմուշներին, կատարել գիտական փորձեր` այդպիսով բացահայտելով գիտության հետաքիրիր աշխարհը: 
«Մենք ունենք նաև տնային պայմաններում գիտափորձեր կատարելու համար նախատեսված հավաքածուներ  6+ տարիքի երեխաների համար, իսկ գիտության թանգարան կարող են այցելել 7+ տարիքի երեխաները` չնայած, որ այցելուների թվում շատ են նաև ավելի փոքր տարիք ունեցողները»,- նշեց Մ. Գրիգորյանը:  
Վերջինիս փոխանցմամբ` իրենց ապագա ծրագրերում արդեն նախանշել են թանգարանի մասնագիտական կոլեկտիվում ընդգրկել հոգեբանների, որոնք կաշխատեն հաշմանադմություն ունեցող փոքրիկ այցելուների հետ, ինչպես նաև շենքային պայմանները հարմարեցնել նրանց: 
Մ. Գրիգորյանի համոզմամբ` յուրաքանչյուր երեխա ունի տաղանդ, որը պետք է հայտնաբերել և զարգացնել: 
Ի դեպ` Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի տնօրեն Տիգրան Հարությունյանը, ողջունելով «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանի ստեղծման գաղափարի հեղինակներին, պատրաստակամություն հայտնեց աջակցել բացառիկ այս նախաձեռնությանը, ինչպես նաև սերտորեն համագործակցել գիտությանը նվիրված տարբեր հաղորդումների պատրաստման շրջանակներում: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play