Ստվերի «անձնագիր». Պետական եկամուտների կոմիտեն անհատական վերլուծությունների համակարգ է ներդրել


Ստվերի «անձնագիր». Պետական եկամուտների կոմիտեն անհատական վերլուծությունների համակարգ է ներդրել

  • 19-01-2017 14:51:49   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականից ընդլայնում է անհատական վերլուծությունների համակարգի կիրառությունը: Խոշոր բիզնեսից բացի ստվերի անձնագրավորում կկատարվի նաև 2015-16 թվականների արդյունքներով 100 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած անհատ ձեռնարկատերերի և առևտրային կազմակերպությունների դեպքում: Ստվերի անձնագրավորման գործընթացը մեկնարկել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում դեռ նախորդ տարվա նոյեմբերից:
 
Բարձր արդյունավետության շնորհիվ վերլուծության ենթարկվող տնտեսվարողների շրջանակն ընդլայնվել է: «Երկու ամիսների աշխատանքի արդյունքում ունեցել ենք եկամուտների աճ: Միայն դեկտեմբերին հարկային և մաքսային մարմինները հավաքագրել են 104 մլրդ դրամ. դա Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը՝ հավելելով, որ շարունակվում է բիզնեսի հետ երկխոսության գործելաոճը: Նոր տարում ոլորտային առաջին հանդիպումը կաթնամթերք, մսամթերք, թռչնի միս և ձու արտադրողների հետ էր: Կոմիտեն նրանց է ներկայացրել ինչպես ոլորտային, այնպես էլ յուրաքանչյուր ընկերության ռիսկերը: Հիմնականում դրանք են ծախսերի ուռճացումը, թաքցվող շրջանառությունը, գների թերհայտարարագրումն ու ՀԴՄ շահագործման կանոնների խախտումը: Տնտեսվարողների հարկային կենսագրության վերլուծության արդյունքում ի հայտ եկած տվյալներով կազմվելու և հրապարակվելու է ռիսկային գնահատված հարկատուների ցանկը: «Հաջորդ քայլը հարկատուների հետ անհատական աշխատանքն է, երբ յուրաքանչյուրին առաջարկելու ենք շտկել գործելաոճը: Բիզնեսի կողմից ընդառաջ քայլ չկատարելու դեպքում ՊԵԿ-ը դիմելու է վարչարարական խիստ գործիքների կիրառմանը»,-նշել է Կարեն Բրուտյանը և վերահաստատել ՊԵԿ-ի պատրաստակամությունը՝ քննարկելու բիզնեսին մտահոգող խնդիրներն ու ոլորտային առաջարկները:
 
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play