Ի՞նչն է Մոսկվային ըստ ամենայնի անհանգստացրել. Մեկնաբան


Ի՞նչն է Մոսկվային ըստ ամենայնի անհանգստացրել. Մեկնաբան

  • 20-01-2017 19:28:39   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությանն առնչվող հարցեր, Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը, այլ խնդիրներ: Երկու արտգործնախարարները քննարկել են նաեւ Հայաստանի վարչապետի առաջիկա մոսկովյան այցի նախապատրաստության հետ կապված հարցեր:

Այդ հանգամանքը ուշագրավ է նրանով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները կարծես թե երբեք չեն քննարկել վարչապետների այցերի նախապատրաստության հարցեր, կամ համենայն դեպս այդ մասին տեղեկատվությունը կարծես թե տեղ չի գտել նրանց հանդիպումների եւ քննարկումների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության մեջ:

Մոսկվա այցելելու հրավերը Կարապետյանը ստացել է ՌԴ վարչապետ Մեդվեդեւից: Այդ հրավերի մասին հայտնի դարձավ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսից հետո, որ նա տվեց հունվարի 13-ին, ընդ որում՝ ուրբաթ 13-ին:

Այդ ասուլիսն առավելապես աչքի ընկավ նրանով, որ բավական ծավալվեց 2018 թվականին վարչապետի պաշտոնում մնալու հեռանկարի թեման: Թեեւ, ասուլիսի ընթացքում առկա ուշագրավ տողատակերն իհարկե բավական շատ էին եւ առնչվում էին թե Հայաստանի ներքին քաղաքականությանը, տնտեսական խնդիրներին՝ քաղաքական ասպեկտով, թե նաեւ տարածաշրջանային քաղաքականությանը: Օրինակ, Կարեն Կարապետյանը փաստացի հայտարարեց, որ Հայաստանն էներգետիկ կախվածություն չունի ռուս-վրացական համաձայնության խնդրից, ունի այլընտրանք: Դա նշանակում է, որ Հայաստանը կախվածություն չունի ռուսական գազից:

Այդպիսով, թեեւ Կարեն Կարապետյանն ասուլիսի ընթացքում փորձեց զգալիորեն խուսափել, չշոշափել քաղաքական հարցերը, այդուհանդերձ ասուլիսը դրանք բերեց առաջնային պլան, առավել հստակ ընդգծելով, որ առանց այդ հարցերը շոշափելու Կարեն Կարապետյանի հարցում բաց է ոչ միայն 2018 թվականին, այլ նույնիսկ հենց տվյալ պահին վարչապետ լինելու հարցը:

Ասուլիսից հետո մեկ օր անց տեղեկություն է տարածվում, որ ՌԴ վարչապետ Մեդվեդեւը նրան հրավիրել է Ռուսաստան, եւ այցը լինելու է հունվարի 24-ին:

Արդյոք Կարեն Կարապետյանի ասուլիսն է Ռուսաստանի մոտ առաջացրել հետաքրքրությունը: Հավանաբար այո, նկատի ունենալով այն, որ հրավերը եւ այցի ժամկետը ունեն բավական կարճ տարածություն՝ տասը օր, ինչը նշանակում է, որ առաջացել է հրատապ անհրաժեշտություն:

Մոսկվային ինչ որ բան ըստ ամենայնի անհանգստացրել է, հարցն այն է, թե հատկապես ինչը: Կարեն Կարապետյանի նշանակումից ի վեր Ռուսաստանը հայտնվել է բավական հետաքրքիր դերում: Հայաստանում կա ընկալում, որ նրան նշանակել է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Մոսկվան: Ընդ որում, այդ ընկալումը կարծես թե առաջին հերթին շահեկան է հենց Սերժ Սարգսյանի համար, որը փաստորեն Կարեն Կարապետյանի գործունեության պատասխանատվությունն իր վրայից տեղափոխում է Ռուսաստանի վրա:

Աներկբա է, որ այդ գործունեության արդյունավետության համար չափազանց մեծ է Սերժ Սարգսյանի դերը, որի ենթակայության տակ է իրավապահ ամբողջ համակարգը, հատուկ ծառայությունները: Կարեն Կարապետյանն ասուլիսի ընթացքում անգամ ակնարկեց այդ մասին, հայտարարելով, թե իրեն «միլիցիա դարձնել» պետք չէ, այսինքն «միլիցիան» այլ ձեռքում է:

Իսկ առանց «միլիցիայի» Հայաստանում չի փոխվի համակարգային ոչինչ: Չի փոխվի միայն «միլիցիայով», բայց չի փոխվի նաեւ առանց «միլիցիայի»:

Այդպիսով, Կարեն Կարապետյանի Ռուսաստանից նշանակված լինելու հանրային մեծ ընկալումը եւ դրա գեներացումը Սերժ Սարգսյանին տալիս է նրա գործունեության արդյունքի համար պատասխանատվությունից «ձեռքը լվանալու» եւ պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու հնարավորություն:

Կարապետյանի 100-օրյա պաշտոնավարման ասուլիսի տողատակերը բավական շոշափելի արտացոլեցին խնդիրը, որից հետո Ռուսաստանից ստացված հրավերն ու այցը ընդհուպ արտգործնախարարների հանդիպման մակարդակով քննարկելը հուշում է, որ Ռուսաստանը «նկատել» է խնդիրը, եւ Մոսկվայում սպասվում է դրա կամ որոշակի լուծում, կամ առավել հանգամանալից քննարկում Կարապետյանի հետ, որից հետո Կարապետյանը կվերադառնա, իսկ լուծման տարբերակները կարող են «գալ» Երեւան փոքր ինչ ավելի ուշ:

lragir.am

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն