Կստեղծվեն մարզական խորհուրդներ՝ արևելյան մարտարվեստների գործունեությունը կանոնակարգելու նպատակով


Կստեղծվեն մարզական խորհուրդներ՝ արևելյան մարտարվեստների գործունեությունը կանոնակարգելու նպատակով

  • 08-02-2017 18:08:18   | Հայաստան  |  Սպորտ

Այսօր՝ փետրվարի 8-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մոտ տեղի են ունեցել քննարկումներ՝ արևելյան մարտարվեստների (կոնտակտային և ոչ կոնտակտային կարատեներ) ֆեդերացիաների, ակումբների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։
 
Նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակվել և այժմ համաձայնեցման վերջնական փուլում է գտնվում մարզաձևերի, այդ թվում նաև արևելյան մարտարվեստների, ֆեդերացիաների գործունեությունը կանոնակարգող համապատասխան օրենքի նախագիծը: «Այս ոլորտը վաղուց կանոնակարգման կարիք ունի, ինչն ի վերջո հնարավոր կլինի իրականացնել այդ օրենքի շնորհիվ: Այսօր մեր երկրում գործում են 200-ից ավելի տարաբնույթ անվանումներով կարատեների ֆեդերացիաներ, որոնց աշխատանքը հնարավոր չէ վերահսկել: Իսկ սա աղետալի երևույթ է, քանի որ պարզ չէ՝ ում մոտ ինչ ուսումնամարզական ծրագրով և ինչ պայմաններում են մարզվում մեր երեխաները: Երևույթին տալու ենք համակարգային և հստակ լուծում»,- ասել է նախարարը:
 
Մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները նույնպես համակարծիք են եղել, որ ոլորտի կանոնակարգման անհրաժեշտություն կա, քանի որ համատեղ և միասնական չափորոշիչներով աշխատելու դեպքում հայ մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին և առաջնություններին նույնպես կանոնակարգված կլինի:
 
«Արևելյան մարտարվեստները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում մեծ մասսայականություն են վայելում: Կանոնակարգելով ոլորտը՝ մենք կկարողանանք լուծել մի քանի խնդիր, նախ՝ առողջ ապրելակերպի տարածում և սպորտի մասսայականացում, և, իհարկե, մարզական բարձր արդյունքների նվաճում»,-  նշել է Հ. Ռոստոմյանը:
 
Նախարարը առաջարկել է ներկաներին երկշաբաթյա ընթացքում մշակել և ներկայացնել արևելյան մարտարվեստների խորհուրդների ստեղծման վերաբերյալ առաջարկություն՝  նշելով խորհրդի կազմը, կանոնակարգը, ՀՀ առաջնությունների անցկացման կարգը, մասնակիցների տարիքային խմբերը, անդամ ֆեդերացիաները, ակումբները և մյուս անդամ կազմակերպությունները: «Կարևորը կոնտակտային և ոչ կանտակտային կարատեների համար տարբերակված կազմակերպություններ ունենալն է, որոնք համակարգելու են կոնտակտային և ոչ կոնտակտային կարատեների գործունեությունը: Միայն այդ կազմակերպությունների հետ է համագործակցելու և դրանց է աջակցելու նախարարությունը»,- եզրափակել է նախարարը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play